Հրանտ Դինքի Հիմնադրամը, Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն, Galata Fotoğrafhanesi և Free Press Unlimited կազմակերպությունները համատեղ՝ երեկ Նորարար փորձառական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ) ներկայացրեցին «Սպասումից վեր. Պատմություններ թուրք-հայկական սահմանից» մուլտիմեդիա ցուցահանդեսը:
«Սպասումից վեր»-ը պատկերում էր Կարս և Գյումրի սահմանային քաղաքների միջև տարիներ շարունակ դադարեցված երկխոսությունը: Թվով հինգ փաստագրական ֆիլմերը, որոնք Ալեքսեյ Մանուկյանի, Անիլ Զիզմեսիողլուի, Անուշ Բաբաջանյանի, Արիֆ Յամանի, Արմենուհի Վարդանյանի, Դենիզ Պեկիյիսսիի, Էրեն Այթուղի, Մարիաննա Վարդանյանի, Սոֆիա Դանիելյանի և Վոլկան Դողարի համատեղ արտադրանքn են, կոչ են՝ ուղղված սահմանի երկու կողմերի բնակչությանը՝ լսելու, խոսելու և գործելու «սպասումից վեր»:
Մարիաննա Վարդանյանը, ով «Զբոսանք Կիմայի հետ» փաստագրական ֆիլմի հեղինակն է, պատմում է, որ ֆիլմը նկարահանել են 2011թ-ի սեպտեմբերին՝ թուրք լուսանկարիչ՝ Արիֆ Յամանի հետ: «Նկարահանումներից մեկի օրը համընկավ անկախության տոնի հետ,- ասում է լուսանկարիչը,- և դա այն օրն էր, երբ մենք գնացել էինք ֆիլմի գլխավոր հերոս Կիմայի տուն: Ի զարմանս ինձ,տիկին Կիման շատ հյուրընկալ վերաբերեց այդ հանգամանքին, և ասաց, որ ամբողջ կյանքը մտածել է, որ ինչ-որ թուրք հյուր է ունենալու, որպեսզի կարողանա պատմել իր ընտանիքի ամբողջ պատմությունը, ցավը, նաև Գյումրիի իր թուրք ծանոթների մասին»:
«Սկզբում ֆիլմ սկսվում է ավելի թեթև տրամադրությամբ,- պատմում է լուսանկարիչը,- տիկին Կիման իրենց ուղեկցում է իր տուն, հետո պատմում Գյումրիում իր առօրյայի մասին, նաև բացահայտում իր նախնիների պատմությունը, ովքեր ստիպված են եղել Երզրումից Գյումրի տեղափոխվել»:
Մարիաննա Վարդանյանն ասում է, որ իրենց Հրանտ Դինքի Հիմնադրամից, ոչ ոք երբևէ չի մոտեցել, խնդրել հանել ցեղասպանության մասին հատվածները, և իրենք փորձել են հավատարիմ մնալ վավերագրության ժանրին, այսինքն՝ հատուկ ուղղորդող խնդիր չդնել աշխատանքի մեջ, ամեն ինչ ներկայացրել են այնպես, ինչպես, որ այն կար՝ խառը տրամադրություններով, կարոտով, տխրությամբ և լացով, իրենք փորձել են ցույց տալ այն բոլոր հույզերը, որոնք տեսել են Գյումրիում:
Ըստ լուսանկարչի՝ այս ծրագրի նպատակն է ստեղծել բարենպաստ միջավայր թուրք և հայ երիտասարդ լուսանկարիչների համատեղ արտադրանքի համար՝ պատմությունները պատմելու նոր հնարքներով, բարձրացնել նրանց ձայնը և նպաստել երկու հարևան երկրների երկխոսությանը:
Հիշեցնենք, որ հինգ փաստագրական ֆիլմերը, որոնք Երևանում ԱՄՆ դեպանատան աջակցությամբ ցուցադրվելու են 2013թ. օգոստոսի 27-ից սեպտեմբերի 7-ը ՆՓԱԿ-ում, նկարահանվել են «Մուլտիմեդիա երկխոսության համար» ծրագրի շրջանակներում, որը հովանավորվում է Նիդեռլանդների Թագավորության Գլխավոր Հյուպատոսարանի և Բրիտանիայի դեսպանատան կողմից:
Կարդացեք նաև
Օվսաննա Սիմոնյան