Լրահոս
Օրվա լրահոսը

Ավագանու անդամն ապօրինությունների կապակցությամբ առաջարկեց դիմել դատավորի վերադասին

Օգոստոս 28,2013 15:25

Կառուցապատված հողը ներկայացվել էր որպես ազատ հողատարածք

Նոյեմբերյան համայնքի ավագանու օգոստոսի 16-ի նիստի օրակարգում ընդգրկված էր նաեւ քաղաքի Նոյեմբերի 29-ի փողոցի 44/8 հասցեում գտնվող 76,8 քառակուսի մետր մակերեսով տարածքը հասարակական կառուցապատման նպատակով երկարաժամկետ վարձակալության տրամադրելու հարցը: Այդ հողամասը գտնվում է Դիլիջանում եւ Նոյեմբերյանում պաշտոնավարող, Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աշոտ Խաչիկանին պատկանող, միջպետական ավտոճանապարհի հարեւանությամբ գտնվող օբյեկտին կից: Թեեւ ըստ կարգի՝ հողամասերի տրամադրման համար մրցույթ է կայանում, սակայն Տավուշի մարզում դրանք կրում են ձեւական բնույթ:

Ամեն ինչ «հարթ կընթանար», եթե ավագանու անդամ, քաղաքի ավագ դպրոցի տնօրեն Ռուբիկ Գիշյանը նիստը վարող, Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանին չհարցներ, թե արդյոք տվյալ տարածքը շինություններից ազա՞տ հողամաս է: Քաղաքապետը պատասխանեց. «Անկեղծ ասած, դատարկ հողամաս չէ, այնտեղ պատ, հարթակ է կառուցված»: Ռուբիկ Գիշյանն ասաց, որ այնտեղ հարթակ կա, ապա այն կարող է տրամադրվել որպես ապօրինի կամ ինքնակամ կառույց: Ռ. Գիշյանը առաջարկեց դիմել լիցենզիաներ տրամադրող կազմակերպությանը, որպեսզի այն Իջեւանից լիցենզավորված կազմակերպությանը զրկի լիցենզիայից, քանզի այդ կազմակերպությունը ինքնակամ կառույցով հողամասը փաստաթղթերով ներկայացրել է որպես շինություններից ազատ տարածք:

Ավագանու անդամը առաջարկեց, որպեսզի հարցը հանվի նիստի օրակարգից, նաեւ առաջարկեց դիմել պետական պաշտոնյայի՝ դատավորի վերադասին, քանի որ վերջինս Նոյեմբերյանում հողատարածքների հետ կապված բազմաթիվ ապօրինություններ է կատարել:

Ռ. Գիշյանը նիստին ներկա «Առավոտի» թղթակցին դիմելով՝ առաջարկեց, որպեսզի իր առաջարկները հրապարակվեն մամուլում: Ռ. Գիշյանի առաջարկներից քվեարկության դրվեց միայն վերոհիշյալ տարածքի տրամադրումն օրակարգից հանելու հարցը, այդ հարցը հանվեց օրակարգից:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Խաչատուր Մարոզյան says:

    Այս նյութին չեի անդրադառնա, եթե այն չարծրածեր դատավոր Աշոտ Խաչիկյանի և Նոյեմբերյանի քաղաքապետարանի շահագրկիռ կապը:
    ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Ա. Խաչիկյան, քաղ. գործով ըստ հայցի Սամվել Գիշյանըի ընդդեմ Նոյեմբերյանի քաղաքապետարանի՝ հասարակական զուգարանի բոլոր կառուցապատումները և շինությունները քանդելու և տարածքը նախկին վիճակին բերելու պահանջի մասին, 04.04.2013 թ. թիվ ՏԴ3-0065/02/12 վճռով վճռել է հայցվորի հայցը մերժել:

    Ես որպես հասարակական կազմակերպության ներկայացուցիչ, ներկա եմ եղել առաջին երկու դատական նիստերին: Գործը հասարակական հնչեղություն ուներ այնքանով, որ հասարակական զուգարանի շին թույլտվությունը տրվել էր գործող շինարարաական և հակահամաճարակային նորմերի կոպիտ խախտումներով , զուգարանը չուներ կոյուղագիծ, իսկ գործող սելավատարի մոտ գտնվող բնակելի թաղամասի բնակիչները բողոքում էին ստեղծված հակահիգենիկ – հաակահամաճարակային իրավիճակից և տարածվող գարշահոտությունից:

    Նշված քաղաքացիական գործի և դատավոր Ա. Խաչիկյանին հողամաս տրամադրելու մասին Նոյեմբերյանի ավագանու որոշման միջև հատկանշական կապը կայանում է նրանում, որ դատավոր Ա. Խաչիկյանը նշված քաղ. գործով դատական նիստերի առաջին հատվածը /մոտ 10-15 րոպե/ նվիրում էր Նոյեմբերյանի քաղաքապետարանի ներկայացուցիչներին, այսպես ասած հանդիմանելով, թե «Հիշում եք ինձ դատավորիս զրկեցիք հողամասից, այն այդպես էլ ինձ չտրամադրեցիք»:
    Դատավորի հանդիմանությունը տեղ է հասել: Նոյեմբերյանի քաղաքապետ Վ. Ամիրաղյանը անշնորհակալ մարդ չէ, նա պարզապես իր «շնորհակալությունն» է հայտնել իրեն այնքան կարևոր ծառայություն մատուցած մարդու և դատավորի նկատմամբ:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031