Սյունիքի մարզում գտնվող «Շիկահող» պետական արգելոցը բնապահպանության նախարարության որոշմամբ ցանկանում են միավորել պահպանության ցածր կարգավիճակ ունեցող տարածքների` «Արևիկ» ազգային պարկի, «Սոսու պուրակ», «Զանգեզուր», «Խուստուփ», «Բողաքար» և «Սև լիճ» պետական արգելավայրերի հետ` ստեղծելով «Զանգեզուր» կենսոլորտային համալիրը: Այս մասին «Էկոլուր» մամուլի ակումբում իրենց մտահոգությունը հայտնեցին «Թռչնասերների կենտրոն» հ/կ նախագահ, Էկոլոգիական հասարակական դաշինքի համակարգող Սիլվա Ադամյանը և «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» հ/կ նախագահ Արսեն Գասպարյանը:
Բանախոսները պնդում են, որ իրենք «Շիկահող» արգելոցի միավորման մասին պաշտոնական տեղեկատվություն չեն ստացել ընդհանրապես: Տեղեկատվությունը ստացել են ներքին կարգով, որից հետո սկսել են հետաքրքրվել խնդրի վերաբերյալ: Իմանալով, որ որոշման մեջ ներգրավված է նաեւ «Շիկահողի» արգելոցը՝ սկսել են միջոցներ ձեռնարկել. «Դիմեցինք բնապահպանության նախարարություն եւ վարչապետին, որպեսզի հասկանանք, թե որտեղ է այդ նախագիծը, ինչպե՞ս կարող ենք դրա հետ ծանոթանալ, եւ ինչո՞ւ հասարակությունը ծանոթ չի մինչեւ հիմա նախագծի հետ»: Դիմումից մի քանի օր հետո եկել էր պատասխան, որում նշված է, թե նախագծերը գտնվում են քննարկման փուլում: Սահմանված կարգով անցկացվել են նաեւ հանրային քննարկումներ. «Որտե՞ղ են այդ քննարկումները եղել, ո՞ւմ հետ՝ մենք ոչ մեկս տեղեկացված չենք եղել», – ասաց Սիլվա Ադամյանը:
Բնապահպանները մտահոգված են, որ «Շիկահող» արգելոցը միավորելով մի քանի ավելի ցածր կարգավիճակ ունեցող ազգային պարկերի հետ եւ ստեղծելով կենսոլորտային համալիր, այն կկորցնի իր դիրքը եւ կենթարկվի մեկ ուրիշ համալիրի:
Արսեն Գասպարյանը պնդում է, որ ինքը դեմ չէ կենսոլորտային համալիր ստեղծելու մտքին, սակայն առաջ է քաշում մի քանի պրոբլեմներ, որոնք կծագեն այն ստեղծելուց հետո. «Աշխարհում կան մոտ 600 կենսոլորտային համալիրներ, դրանք շատ արդյունավետ են եւ նպատակ ունեն ոչ միայն պահպանել կենսաբազմազանությունը, այլեւ լուծել տարածքում բնակչության սոցիալական խնդիրները՝ նրանց ներգրավելով էկոլոգիական կրթության, էկոլոգիական արտադրանք ստեղծելու եւ այլ պրոցեսների մեջ, որոնք չեն վնասում շրջակա միջավայրը»: Սակայն նրա կարծիքով, եթե հաշվի առնել այն լիցենզիաները, որոնք տրված են այդ տարածքի հանքերին, ապա հարց է առաջանում, թե ինչպես այդ էկոլոգիական մաքրությունը պետք է ապահովել, եթե շրջակայքում պետք է զբաղվեն հանքարդյունաբերությամբ:
Կարդացեք նաև
Արսեն Գասպարյանը պնդում է, որ ՀՀ հատուկ պահպանվող տարածքների մասին օրենքում ոչ մի հստակ ձեւակերպում չկա, թե ինչ է կենսոլորտային համալիրը: Եթե արգելոցների մասին օրենքում ամեն ինչ հստակեցված է, ապա կենսոլորտային համալիրների դեպքում դա այդպես չէ: «Մենք ենթադրում ենք, որ այլեւս այդտեղ չի լինի արգելոց եւ այն կգործի որպես կենսոլորտային համալիր եւ կաշխատի դրա կանոնադրությամբ: Սակայն կենսոլորտային համալիրի մասին տեղեկություն, թե ինչ կարելի է, ինչ չի կարելի այնտեղ անել, օրենքի մակարդակում ընդամենը 4-5 տող է»:
Նրա խոսքերով, եթե պետք է ստեղծվի կենսոլորտային համալիր, որը պետք է կապի մի քանի տարբեր կատեգորիաների տարածքներ, ապա այդ տարածքում նաեւ պետք է ստեղծել էկոլոգիական միջանցքներ, իսկ օրենքով հանքարդյունաբերությունը էկոլոգիական միջանցքներում արգելված չէ. «Այսինքն՝ կրկին մեծ վտանգ է սպառնում «Շիկահող» արգելոցին եւ իմաստը կորչում է: Փաստացի մենք չենք ունենալու այն, ինչի համար համալիրը ստեղծվում է»:
Խնդրի լուծման համար բանախոսներն ունեն մի քանի առաջարկություններ. «Քանի որ Ազգային ժողովում բնության հատուկ պահպանվող տարածքների մասին օրենքը դեռ քննարկման փուլում է, գտնում ենք, որ պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկել, որպեսզի մենք կարողանանք փոփոխություններ մտցնել, եւ նվազեցնել ռիսկերը»:
Առաջարկում են՝ տարածքները, որոնք մտնելու են համալիրի կազմի մեջ, զերծ պահել հանքարդյունաբերության գործունեությունից, որպեսզի դրանք չվնասեն միջավայրը:
Խնդիրը լուծելու համար սեպտեմբերին կազմակերպվելու է կոնֆերանս, որտեղ հրավիրված են լինելու բոլոր շահագրգիռ կողմերը եւ կազմակերպվելու է քննարկում՝ հիմնավորումներ պահանջելու համար :
Օֆելյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ