Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Առաջարկում են հաշմանդամներին ներգրավել գնումների գործընթացում

Օգոստոս 28,2013 14:05

Հաշմանդամների խնդիրները հիմնականում վերաբերում են տրանսպորտի անհարմարությանը կամ թեքահարթակների բացակայությանը: Մինչ օրս Հայաստանում չի իրականացվել հաշմանդամների խնդիրներին վերաբերող լայնածավալ ուսումնասիրություն, թե՝ մեր երկրում, ասենք, գործատուների քանի տոկոսն է  պատրաստ աշխատանքի ընդունել հաշմանդամին, կամ ձեռնարկություններում աշխատող հաշմանդամներին ինչպես է վերաբերվում անձնակազմը կամ ասենք՝ հաճախորդը: Չկա նաեւ վերլուծություն, թե գործատուների ո՞ր մասն է տեղեկացված հաշմանդամներին վերաբերող օրենքներից, եւ արդյոք նրանք գիտե՞ն այն արտոնությունների մասին, որը գործում է հաշմանդամին աշխատանքի ընդունելու դեպքում:

Շուտով այս եւ բազմաթիվ նմանատիպ հարցերի պատասխանները պարզ կլինեն. գործատուների հանրապետական միությունը լայնածավալ ուսումնասիրություն է կատարում հարցումների միջոցով՝ պարզելու, թե առհասարակ ի՞նչ խնդիրներ կան հաշմանդամների՝ հասարակության եւ աշխատաշուկայում ինտեգրվելու առումով:

Միության նախագահ Գագիկ Մակարյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ ուսումնասիրության հիմքում հաշվի են առնվել 2  ոլորտներ, որոնք կառավարության տնտեսական զարգացման ծրագրում առաջնահերթություններ են՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ու կապի ոլորտերները եւ ճշգրիտ ճարտարագիտությունը: Այս ոլորտները, ինչպես վստահեցրեց պարոն Մակարյանը, պատահական չեն ընտրվել, սրանք այն ոլորտներն են, որոնք ավելի քիչ ծախսեր են պահանջում՝ հաշմանդամներին աշխատանքում եւ ֆիզիկական միջավայրում ինտեգրելու համար: Այսինքն՝ ձեռնարկատիրոջ մոտ հարմարեցման շատ խնդիրներ չեն լինի, որոնք արտադրական ոլորտներում կան, եւ հետո այդ մարդիկ ավելի ինտելեկտուալ են՝ թե անձնակազմը եւ թե հաշմանդամները, որոնք պետք է աշխատեն այդտեղ. «Մենք հարցաշարեր ենք մշակել՝ հիմնվելով եվրոպական լավագույն փորձի վրա՝ պարզելու համար, թե հաշմանդամը ինչ խնդիրների է հանդիպում: Ուսումնասիրում ենք շուրջ 100 կազմակերպություն, որոնցից 80-ը ՏՏ ոլորտն է, իսկ 20-ը՝ ճշգրիտ ճարտարագիտության, եւ այս տարվա հոկտեմբերի վերջին մեծ կոնֆերանս կլինի, հրավիրված են միջազգային փորձագետներ, ներկայացնելու ենք  ուսումնասիրության զեկույցը»:

Ուսումնասիրությունից պարզ կլինի, ասենք՝ ինչո՞ւ գործատուները չեն ցանկանում հաշմանդամին աշխատանքի վերցնել, կամ արդյոք նրանք համապատասխանո՞ւմ են տվյալ ձեռնարկությունում առկա թափուր աշխատատեղերին, կամ, օրինակ՝ աշխատանքի ընդունելուց առաջնահերթությունը տալի՞ս են ոչ հաշմանդամին:

Ըստ Գագիկ Մակարյանի՝ Հայաստանում բազմաթիվ օրենքներ կան՝ ուղղված հաշմանդամների իրավունքների պաշտպանությանը, նրանց  հասարակության մեջ ինտեգրելուն, սակայն իրական կյանքում այդ օրենքների շատ չնչին մասն է հասնում տեղ. «Այսօր 186 հազար հաշմանդամներից մոտ 150 հազարը չի աշխատում: Մենք նաեւ պարզելու ենք, թե արդյոք ձեռնարկությունները պատրա՞ստ են կամ կարո՞ղ են հաշմանդամ աշխատակից ունենալու դեպքում ապահովել նրա անվտանգությունը, առողջությունը եւ այլն»:

Գործատուների հանրապետական միությունը հարցումներ է կատարել նաեւ հաշմանդամների խնդիրներով զբաղվող բազմաթիվ հասարակական կազմակերպությունների շրջանում եւ պարզել, որ այդ հ/կ-ների մեծ մասն անգամ տեղյակ չէ օրենքներից. հ/կ-ների անուններ պարոն Մակարյանը խուսափեց տալ: Հ/կ-ների հարցումներից եւ նրանց արտահայտած  կարծիքներից հետո, ինչպես պարոն Մակարյանն ասաց, հետաքրքիր առաջարկություն կարելի է անել կառավարությանը՝ գնումների ոլորտում ներառել նաեւ հաշմանդամներին՝ իրենց կազմակերպություններով. «Պետական գնումների համակարգում կարելի է փոփոխություն կատարել  հօգուտ հաշմանդամների, այսինքն՝ այն միավորումները, որոնք կարող են հաշմանդամների աշխատուժն օգտագործել արտադրություններում, ինչպես խորհրդային տարիներին էր: Գնումների մեջ արտոնություն կարելի է տալ, խրախուսել, տեղ հատկացնել հաշմանդամներին իրենց հ/կ-ների միջոցով,  որոնք թողարկում են ավելի էժան արտադրանք, սրանով զբաղվածությունն էլ կխթանվի, այդ մարդիկ մշտական արտադրություն կունենան: Օրինակ՝ լսողական ու տեսողական խնդիրներ ունեցող անձանց միավորումների աշխատանքը խրախուսել»:

Պարոն Մակարյանի առաջարկությամբ հաշմանդամներին աշխատաշուկայում ինտեգրելու լավագույն միջոցներից կլինի նրանց հնարավորություն տալ սեփական տանն աշխատելու. «Ասենք՝ սեփական գործը սկսեն տանը նստած, ընտանիքի անդամների խնամքի տակ. իր տանը մի հատ համակարգիչ եւ ինտերնետ տան, նրանց մեծ մասը կարող են օպերատոր, թարգմանիչ կամ որեւէ ոլորտի խորհրդատու լինել, կամ օրինակ՝ ինտերնետ-առեւտրի գործակալ լինել: Այսպես հաշմանդամների մի մեծ խումբ կարող է բիզնեսում ինտեգրվել, բայց նրանց հարկավոր է հարկային արտոնություն էլ տալ»:

Միության ուսումնասիրության պատասխանները 1-2 ամսից կներկայացվեն, ինչպես վստահեցրեց պարոն Մակարյանը՝ առաջիկա կոնֆերանսին ներկա են լինելու միջազգային այնպիսի ընկերությունների ներկայացուցիչներ, որոնք մեծ փորձ ունեն հաշմանդամներին իրենց ձեռնարկությունում աշխատանքի ընդունելու եւ տեղական ընկերություններին կարող են ներկայացնել իրենց փորձն ու խորհուրդներ տալ. «Սա նաեւ մեր եւ օտարերկրյա գործարարների հանդիպում է, եւ գուցե հետագայում համագործակցության հնարավորություն էլ լինի: Հարցման արդյունքների հիման վրա նաեւ կառաջարկվեն խնդիրների լուծման մեխանիզմներ, եւ, որ կարեւորն է, դուռ կբացվի հաշմանդամներին հասարակությունում եւ աշխատանքում ինտեգրելու համար»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031