Լրահոս
Օրվա լրահոսը

Խաչատրյանական հոբելյանը գրաֆիկներ է «խախտել»

Օգոստոս 28,2013 13:59

Արտերկրյա շատ երաժիշտներ սիրով են ընդունել ՀՊՖՆ-ի փառատոնին մասնակցելու հրավերը

Ավանդաբար հոբելյանական ցանկացած միջոցառման «առյուծի բաժինը»  սովորաբար անցկացվում է աշնան սկզբից մինչեւ տարեվերջ, ինչը բերում է միջոցառումների կուտակումների, արդյունքում՝ ձեւը հաղթում է բովանդակությանը։

Ընթացիկ տարին խաչատրյանական է, ու մինչեւ հիմա տեղի են ունեցել հատուկենտ միջոցառումներ՝ նվիրված մեծանուն կոմպոզիտորի ծննդյան 110-ամյակին։  Օրինակ՝ Խաչատրյանի անվան տրիոյի հայաստանյան եւ արտերկրյա  համերգները, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողների եւ դասախոսների մասնակցությամբ կայացած երեկոները, Ազգային օպերային թատրոնի խաղացանկային «Գայանե» եւ «Սպարտակ» բալետային ներկայացումները, ընդ որում՝ «Սպարտակը» սեպտեմբերի 5, 6, 7-ին կներկայացվի Քաթարի Հանրապետությունում…

«Առավոտի» հետ զրույցում Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի ¥ՀՊՖՆ) տնօրեն Ռուզաննա Սիրունյանը տեղեկացրեց, որ սեպտեմբերի 11-ին մեկնարկելիք «Երեւանյան 7-րդ միջազգային երաժշտական փառատոնը» նվիրված է մեծանուն կոմպոզիտորի հոբելյանին։ Հավելեց նաեւ, որ նախապես նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը՝ բանակցելով հայաստանցի եւ արտերկրյա երաժիշտների հետ, ցանկություն է հայտնել, որ փառատոնային օրերին հնարավորինս շատ հնչի խաչատրյանական երաժշտությունը։ «Օրինակ՝ թավջութակահար Նարեկ Հախնազարյանը հանդես կգա կոմպոզիտորի «Կոնցերտ-ռապսոդիայի», Բորիս Բրովիցինը՝ ջութակի, Անահիտ Չաուշյանը՝ դաշնամուրի կոնցերտների կատարումներով, նվագախումբը կհնչեցնի 2-րդ սիմֆոնիան եւ այլն»,- հայտնեց տիկին Սիրունյանը։

Մեր զրուցակիցը ասաց, որ ինչպես  նախորդ, այնպես էլ այս փառատոնային համերգներին հրավիրված են հայտնի անուններ, այդ թվում՝ ջութակահարներ Իզաբել Ֆաուստը, Դայշին Կաշիմոտոն, Կոլյա Բլախերը, դաշնակահարներ Կիրիլ Գերշտեյնը, Կոնստանտին Լիֆշիցը, Ալեքսանդր Մելնիիկովը, Մատան Պորատը, ալտահար Դիմուտ Պոպպենը  եւ այլն։ Համերգներն էլ կղեկավարեն Էդուարդ Թոփչյանը, Իսրայել Յինոնը եւ Վահան Մարտիրոսյանը։ Իսկ Խաչատրյանի ստեղծագործություններից բացի, կկատարվեն համաշխարհային դասական երաժշտարվեստի այնպիսի դեմքերի երկեր, ինչպիսիք են Բախը, Բեթհովենը, Մոցարտը, Սեն-Սանսը, Ռախմանինովը, Շոստակովիչը, Շումանը եւ այլն։

Ռուզաննա Սիրունյանը հատկապես նշեց, որ արտերկրյա երաժիշտների հետ  բանակցությունների ընթացքում, երբ նրանք իմացել են, որ փառատոնը նվիրվում է Խաչատրյանին,  նույնիսկ փոփոխություններ են կատարել իրենց հյուրախաղային գրաֆիկում՝ Հայաստան ժամանելու եւ փառատոնային օրերի մեջ «տեղավորվելու» համար։ Իսկ փառատոնի եզրափակիչ համերգը նշանակված է հոկտեմբերի 25-ին։

Մեր զրուցակիցը հայտնեց, որ նվագախմբի արտիստները դեռ ամառային  արձակուրդը չավարտած՝ վերսկսել են փորձերը. «Քանի որ ֆիլհարմոնիկ նվագախումբն է ընդգրկված սեպտեմբերի 1-ին Շուշիում կայանալիք Անդրեյ Բաբաեւի «Արծվաբերդ» օպերայի բացօթյա ներկայացմանը»։

Տիկին Սիրունյանը չցանկացավ խոսել ՀՊՖՆ-ի՝ փառատոնից հետո կայանալիք ծրագրերի մասին։ Նշեց, որ երաժշտասերներին նախապես  մանրամասն կծանոթացնեն համերգային ծրագրերին,  ասաց միայն, թե սպասվում է «հարուստ» համերգաշրջան եւ իրենք ուրախ են, որ, ինչպես միշտ, այս տարի էլ ՀՊՖՆ-ի կողքին են իրենց բարեկամները՝ ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանը, «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը եւ մյուսները։

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարումё ՀՊՖՆ տնօրեն Ռուզաննա Սիրունյանն ու գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանը:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031