Հայտնի է դարձել, որ Ֆրեդի Մերկուրիին նվիրված լեգենդար համերգը, որ կայացել էր 1992թ. ապրիլի 20-ին, վերջապես լույս կտեսնի DVD/Blu-ray կրիչների վրա: Համերգն անցկացվել էր Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում՝ 72000 հանդիսականի առջեւ: Համերգի ժամանակ մի շարք հանրահայտ երգիչներ եւ երաժիշտներ, որոնց թվում էին Ռոբերտ Փլանտը Led Zeppelin-ից, Թոնի Այոմին Black Sabbath-ից, Էլթոն Ջոնը, Դեւիդ Բոուին, Սլեշը եւ Աքսլ Ռոուզը Guns N՚ Roses-ից, Ջեյմս Հեթֆիլդը Metallica-ից, Ռոջեր Դոլթրին The Who-ից, Լայզա Մինելին եւ ուրիշները, կատարեցին Queen-ի դասական երգերը՝ խմբի ողջ մնացած անդամների հետ միասին՝ Ֆրեդի Մերկուրիին հարգանքի տուրք մատուցելու եւ հիշելու նրա կյանքն ու արվեստը: Այս եզակի միջոցառումը նաեւ նպատակ ուներ հանրությանն իրազեկելու ՁԻԱՀ-ի վտանգի մասին, իսկ ողջ հասույթը տրամադրվել էր հիվանդության հետազոտությունների համար:
«The Freddie Mercury Tribute Concert: The Definitive Edition» վերնագրված երեք սկավառակներից բաղկացած DVD կամ Blu-ray փաթեթները կթողարկի Eagle Rock Entertainment ընկերությունը: Սկավառակներում ներկայացված կլինի համերգի հիմնական մասը, որի ընթացքում աշխարհահռչակ երգիչները ստանձնել էին Ֆրեդի Մերկուրիի դերը՝ Queen-ի ողջ անդամների նվագակցությամբ: Բացի այդ, փաթեթում ներառված են նախկինում լայն հանրության համար անհայտ՝ համերգի սկզբում տեղի ունեցած Metallica-ի, Guns N՚ Roses-ի եւ Def Leppard-ի ելույթները: Վերջին սկավառակում զետեղված կլինի համերգի մասին պատմող մեկ ժամ տեւողությամբ տեսաֆիլմ, ինչպես նաեւ տեսանյութեր փորձերից եւ լուսանկարներ:
DVD եւ Blu-ray սկավառակների վաճառքից ստացված ողջ միջոցները կփոխանցվեն Mercury Phoenix Trust հիմնադրամին, որ աջակցում է ՁԻԱՀ-ի խնդիրներով զբաղվող բարեգործական ընկերություններին ամբողջ աշխարհում: Mercury Phoenix Trust-ը հիմնվել էր 20 տարի առաջ՝ հենց այս համերգից ստացված միջոցների շնորհիվ:
1991-ի նոյեմբերի 24-ին Ֆրեդի Մերկուրին վախճանվեց ՁԻԱՀ-ի պատճառով առաջացած բարդություններից: Խմբի մնացած անդամները՝ կիթառահար Բրայան Մեյը, բաս կիթառահար Ջոն Դիկոնը եւ հարվածահար Ռոջեր Թեյլորը՝ Queen-ի մենեջեր Ջիմ Բիչի հետ միասին, հանդես եկան Մերկուրիի կյանքին ու թողած ժառանգությանը նվիրված բացօթյա համերգ կազմակերպելու գաղափարով: 1992թ. փետրվարին, ամենամյա BRIT Awards երաժշտական մրցանակաբաշխության արարողության ժամանակ Մեյն ու Թեյլորը հայտարարեցին Մերկուրիին նվիրված բարեգործական համերգն իրականացնելու նախագծերի մասին: Երբ տոմսերը վերջապես վաճառքի հանվեցին, բոլոր 72000 տոմսերը վաճառվեցին ընդամենը երեք ժամերի ընթացքում, եւ դա չնայած այն փաստին, որ բացի Queen-ի անդամներից, որեւէ այլ կատարողներ դեռեւս հայտարարված չէին:
«The Freddie Mercury Tribute Concert: The Definitive Edition»-ը լույս կտեսնի սեպտեմբերի 2-ին:
Հայկական ռոք ասոցիացիա
«Առավոտ» օրաթերթ