Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ռետրո. Ինչո՞ւ մեզանում չկան տիկնիկներ

Օգոստոս 28,2013 13:45

Վերջին օրերին ռուսաստանյան մամուլի առաջնահերթ թեմաներից մեկն է դարձել քրեական գործը, որը գլխավոր դատախազությունը հարուցել է HTB հեռուստաընկերության դեմ «Տիկնիկներ» հաղորդաշարի համար։

Դատախազությունը ցանկանում է պարզել՝ արդյոք բարձրագույն պետական այրերին նմանակող տիկնիկները իրենց խոսքով ու վարքով վիրավորո՞ւմ են սույն այրերի արժանապատվությունը։ Թերթերը բերում են զարգացած երկրների օրինակը, որտեղ տասնամյակներ շարունակ ցուցադրվում են նման հաղորդումներ, սակայն դրանց նկատմամբ երբեք ոչ մի հայցադիմում չի ստացվել։ Նույն հանդուրժողական վերաբերմունքն է ձեւավորվել ծաղրանկարների եւ ընդհանրապես քաղաքական երգիծանքի հանդեպ։ Արեւմտյան քաղաքական վերնախավը գերադասում է, որ նրա մասին խոսեն (նույնիսկ վատ), քան լռեն՝ ամենասարսափելին մոռացության մատնվելն է։

Դժվար թե Ռուսաստանի նախագահը կամ վարչապետը անձամբ էին զայրացել «Տիկնիկների» վրա եւ հրահանգ տվել քրեական հետապնդում կազմակերպել։ Ամենայն հավանականությամբ, դա մերձավոր պալատականների ծառայողական անսպառ ջանասիրության արգասիքն է։ Պալատականները սիրում են իրենց ղեկավարներին արջի ծառայություններ մատուցել։

Բնականաբար, գայթակղություն կա զուգահեռներ անցկացնելու մեր երկրի միջեւ։ Հայաստանում բոլոր թեւերի քաղաքական գործիչները շատ ավելի նեղացկոտ են եւ բռնկուն։ Այստեղ իրենց դերն են խաղում մի շարք հանգամանքներ։ Նախ՝ հարավային կրակոտ հոգեխառնվածքը։ Այնուհետեւ՝ երկրի տարածքային ծավալը. համարյա բոլորն իրար անձամբ ճանաչում են, եւ եթե ոչ «ծաղրանկարի» հերոսի, ապա նրա հորեղբոր տղայի հետ անպայմանորեն մի բաժակ սուրճ խմել են՝ դա չափազանց կաշկանդող հանգամանք է։ Եվ երրորդ՝ ամենախորքային պատճառը. լուրջ գաղափարական, քաղաքական հակասությունների բացակայության պատճառով մեր վերնախավը ստիպված է կենտրոնանալ գրեթե կենցաղային մակարդակի բանավեճի վրա, եւ այդ պայմաններում մամուլում կամ եթերում ամեն մի բառից հետո անհրաժեշտություն է ծագում կատվախոտի կաթիլներ ընդունել։ Չունենալով լուրջ զբաղմունք՝ մեր քաղաքական գործիչները ձեռնամուխ են լինում խարդավանքների, սադրանքների եւ դավադրությունների, հոգեբանական համակարգի ստեղծմանը՝ ամեն ինչի մեջ փնտրելով բազմաշերտ ենթատեքստեր։ (Դա ամենից շատ հատուկ է ՀՀՇ-ից անջատված բեկորներին):

Դե, հիմա եկեք սարքեք ու խոսեցրեք մեր քաղաքական գործիչներին նմանակող տիկնիկներին։ Փոխազդեցությունը կարող է հետեւյալը լինել. այրերը օրական մի քանի հայցադիմում  կուղարկեն դատարաններ (քաղաքակիրթ տարբերակ), կվառեն հեռուստատեսային ստուդիան կամ նրա ղեկավարի խրտվիլակը (ասիական տարբերակ) կամ կստանան սրտի նոպա (ողբերգական տարբերակ): Ահա թե ինչու մեր հեռուստատեսությունում չի ստեղծվում  «Տիկինիկներ» հաղորդաշարը: Խնայում են մեր գործիչների փխրուն նյարդային համակարգը:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

22.07.1995

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031