Նոյեմբերյան քաղաքի տարբեր հատվածներում ամիսներով թափված են աղբակույտեր: Նման աղբակույտեր կան նաեւ քաղաքապետարանի շենքի հետնամասում:
Համայնքի ավագանու վերջին՝ օգոստոսի 16-ի նիստում քաղաքապետի առաջարկով բավարարվեց համայնքապետարանի ենթակա հիմնարկների 2 աշխատողի աշխատավարձը բարձրացնելու քաղաքապետի առաջարկը: Այդ երկուսից մեկը քաղաքում աղբահանություն իրականացնող «ՔՏՍ» հիմնարկության տնօրեն Աշոտ Ամիրաղյանն է: Վերջինս քաղաքապետ Վ. Ամիրաղյանի կնոջ քեռու տղան է:
Աշոտ Ամիրաղյանը նախկինում ստանում էր 55 հազար դրամ աշխատավարձ, քաղաքապետի առաջարկով եւ ավագանու քվեարկությամբ նրա աշխատավարձը դարձավ 65 հազար դրամ:
Ավագանու անդամ Մխիթար Խաչիկյանն ասաց, որ համայնքի բյուջեից աղբահանության նպատակով տրվող գումարներն ավելանում են, սակայն դրանից այդ ծառայության որակը չի բարելավվում:
Ավագանու անդամ Արթուր Ամիրաղյանը հայտարարեց, որ աղբահանության ժամանակացույցը հստակ չէ, որ բնակիչներից շատերը չգիտենալով աղբատար մեքենայի ժամանման ժամերը՝ այդ ժամանակ տանը չեն գտնվում եւ չեն կարողանում աղբը թափել:
Քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանն ասաց, որ վերջին շրջանում «ՔՏՍ»-ի աշխատակիցները զբաղված են եղել քաղաքում գիշերային լուսավորության ցանցի ընդլայնման աշխատանքներով:
Քաղաքապետն ընդսմին ընդունեց, որ աղբահանությունը, ի տարբերություն գիշերային լուսավորության ցանց անցկացնելու գործի, համարվում է համայնքի ղեկավարի պարտադիր լիազորություններից: Վ. Ամիրաղյանն ասաց, որ ավագանու առաջիկա նիստում կլսեն կատարած աշխատանքների վերաբերյալ Աշոտ Ամիրաղյանի հաշվետվությունը, կքննարկեն այդ ոլորտում առկա խնդիրները:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Ինչ կարող է անել մի Մխիթար Խաչիկյան այդքան Ամիրաղյանների մեջ: