Վանեսա Մեյը գերազանց տիրապետում է նաեւ լեռնադահուկային սպորտին, որով զբաղվում է չորս տարեկանից: Լեռնադահուկային սպորտը երաժշտությունից հետո նրա երկրորդ ամենալուրջ զբաղմունքն է: Մոտ երկու տարի առաջ Վանեսան հայտարարել էր, թե մտադիր է մասնակցել 2014 թվականի Սոչիի օլիմպիական խաղերին՝ հանդես գալով հսկա ոլորավայրէջքում: Սակայն դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիայի կանոններով, դրա համար նա պետք է մասնակցի FIS-ի հովանու ներքո անցկացվող առնվազն հինգ մրցաշարի եւ օլիմպիական լիցենզիա ստանալու համար վաստակի միավորների համապատասխան պաշար:
Р-спорт-ը տեղեկացնում է, որ անվանի ջութակահարուհին ներկայումս մարզվում է Ռուսաստանի հավաքականի հետ: Նա պատրաստվում է մասնակցել Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի բաց առաջնություններին, որոնք միջազգային ֆեդերացիայի պաշտոնական մրցումների ցանկում են:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ