Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գայանե Սողոմոնյան. «Դպրոցի տնօրենն ու դասղեկը պատասխանատվության կենթարկվեն»

Օգոստոս 28,2013 13:04

 Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանն այսօր ասուլիսը սկսեց փոքրիկ նախաբանով՝ ասելով, որ Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության ենթակայությամբ գործում է 160 դպրոց եւ 159 մանկապարտեզ: Նա ամփոփեց ոլորտում իրավիճակը եւ արված գործը:

Տիկին Սողոմոնյանը նշեց, որ եւ ինքը, եւ ցանկացած ծնող, համապատասխան քարտի միջոցով կարող է թափանցնել Dasaran.am կայք, ամեն պահի տեղեկանալ իր դպրոցի այս կամ այն առարկայից, մատյանի էջ թափանցել:

«Ծնող-դպրոց եւ աշակերտ համագործակցությունն արդեն իրականանում է»,-կարծիք հայտնեց նա:

Նաեւ տեղեկացրեց, որ դպրոցները տարեցտարի համալրվում են էլեկտրոնային գրատախտակներով եւ համակարգիչներով: Այս տարի եւս դպրոցների տնտեսումների հաշվին էլեկտրոնային գրատախտակներ եւ համակարգիչներ ձեռք բերելու ծրագիր կա:

Գայանե Սողոմոնյանը փաստեց, որ երեխաների մոտ մաթեմատիկական, բնագիտական առարկաների յուրացումը «Շախմատ» առարկայի՝ դպրոց մուտք գործելուց հետո լավացել է:

Ասուլիսի ժամանակ անդրադարձ եղավ նաեւ օլիմպիադաներին. Երեւանի դպրոցներն ունեն 300 դիպլոմակիր աշակերտ: Ուսումնական տարվա ընթացքում անցկացված միջոցառումներում եւ մրցույթներում հաղթած բոլոր աշակերտները քաղաքապետի կողմից արժանացել են  նվերների (գեղարվեստական գրքեր, էլեկտրոնային սարքավորումներ):

«Արի տուն» ծրագրի շրջանակներում Շահումյանի անվան համար 1 դպրոցում կազմակերպվել են հայրենագիտության դասընթացներ: Վարչության պետի ասելով, ոգեւորությունը մեծ էր, երեխաների մեջ հայ լինելու վեհ գաղափարն արմատանում է:

Վարչության պետը հայտնեց, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ եւ ո՛չ  ծնողների ֆինանսական միջոցներով, այսինքն՝ անվճար, Բուխարեստ են մեկնել 46 երեխա՝ տարբեր դպրոցներից, նրանք այն երեխաներն էին, որոնք տարբեր միջոցառումներում հաղթողներ են ճանաչվել:

Գայանե Սողոմոնյանի խոսքով, մայրաքաղաքում այլեւս չկա ոչ մի չջեռուցվող դպրոց եւ մանկապարտեզ: Ներկայումս վերանորոգվում է 28 մանկապարտեզ՝ ավելի քանի 500 մլն դրամի շրջանակներում: Եվս 500 մլն ծախսվել է մանկապարտեզների գույքի ձեռքբերման նպատակով: «Դա աննախադեպ ձեռնարկ է քաղաքապետի կողմից»,- նշեց  վարչության պետը: Իսկ շքեղ վերանորոգված 174 դպրոցի բացումը կկայանա հենց սեպտեմբերի մեկին: 2, 8, 20, 24,  32, 71, 99, 135 դպրոցներում վերանորոգման աշխատանքներ են տարվել բարեգործների միջոցով, ովքեր, բանախոսի ասելով, խնդրել են իրենց անունները չբարձրաձայնել:

Երեւանի քաղաքապետը առաջարկել է, որ սեպտեմբերի առաջին երեք օրը մանկապարտեզներում լրացուցիչ ընդունելություն կատարվի: Նախատեսված է ընդունել եւս 1300 երեխա:

Գայանե Սողոմոնյանը նշեց, որ քաղաքապետի կողմից հանձնարարական կա դպրոցներն ապահովել անխափան ջրամատակարարմամբ, բուժկետերը՝ առաջին անհրաժեշտության պարագաներով: Այս օրերին կազմակերպվում է նաեւ դասագրքերի բաշխում համար 7 դպրոցից, ընդ որում՝ առաջինից չորրորդ դասարանի բոլոր դասագրքերն անվճար են: «Դպրոցների տնօրեններին հանձնարարված է դասագրքերի գները փակցնել տեսանելի վայրերում, որպեսզի ծնողները տեղյակ լինեն դրանց իրական արժեքին»,-հայտնեց վարչության պետը:

Տիկին Սողոմոնյանը հատուկ շեշտեց, որ քաղաքապետի հանձնարարականով դրամահավաքը եւ ուսումնաօժանդակ նյութերի վաճառքը իսպառ բացառվելու է դպրոցներում , եւ պատասխանատվության կենթարկվեն այն դասղեկն ու դպրոցի տնօրենը՝ որպես կազմակերպիչ, որոնք կշեղվեն հանձնարարականից:

Խոսելով «թեժ գծից»՝ քաղաքապետարանի կրթության վարչության պետը նշեց, որ «թեժ գծին» ստացված ահազանգի արդյունքում 64, 181 դպրոցների տնօրենները նկատողություն են ստացել, իսկ 111 մանկապարտեզի տնօրենի պաշտոնակատարը ազատվել է աշխատանքից:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031