Ինֆորմացիայի ազատության կենտրոնը երեք ամիս առաջ փակ շուկայի հարցով հարցումներ է ուղարկել քաղաքապետարան՝ պահանջելով շինարարության թույլտվության բոլոր փաստաթղթերն ու եզրակացությունները, թե ում է հատկացված եւ ինչ իրավական ակտով՝ վարձակալության թե սեփականության հիմքով:
Այսօր «Նոյան տապան» ակումբում Կենտրոնի իրավաբան Գեւորգ Հայրապետյանը պատմեց, որ քաղաքապետարանը պատասխանը ստանալու համար հղում է արել կադաստրի պետական կոմիտեին, իսկ կոմիտեն մերժել է տեղեկատվությունը տրամադրել՝ տեղեկացնելով, որ պահանջվող տեղեկությունները կտրամադրվեն պետական տուրքը վճարելուց հետո միայն: Կենտրոնը դիմել է վարչական դատարան՝ բողոքարկելով տեղեկատվությունը մերժելու կարգը:
Դատարանում կենտրոնի շահերի պաշտպան Իրավաբան Արտակ Զեյնալյանն էլ շարունակեց՝ տեղեկատվության տրամադրման մասին օրենքով մինչեւ տասը էջ պարունակող տեղեկատվությունը տրամադրվում է անվճար, իսկ հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցի վերաբերյալ տեղեկատվությունը պետական կառույցները օրենքով պարտավոր են տրամադրել անվճար:
Պարոն Զեյնալյանն ասաց, որ պահանջված գումարը նշանակություն չունի, իրենք դա վեճի առարկա չեն դարձրել. «Էականն այն է, որ չպետք է լինի վճարման պահանջ»:
Կարդացեք նաև
Գեւորգ Հայրապետյանն էլ ասաց, եթե պետական կառույցից մի քանի տարի առաջ նման պատասխան ստանային, կբացատրեին պաշտոնյայի՝ օրենքի չիմացությամբ. «Այս դեպքում, կարծում ենք՝ հրապարակային աշխատելու մշակույթի բացակայությունն է պատճառը»:
Նա նաեւ ասաց, որ միանգամից դատարան են դիմել, որովհետեւ վստահ էին, որ կրկնակի հարցման դեպքում էլի մերժում էին ստանալու:
Արտակ Զեյնալյանն էլ հավելեց, որ գործը շահելուց հետո կներկայացնեն նաեւ վնասների հատուցման պահանջը. «Մեր վստահորդին առնվազն անհանգստություն է պատճառել»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Նյութի լուսանկարը չի համապատասխանում նյութին:Եթե ասուլիսից լուսանկար չկա, կարելի է Գևորգի կամ Արտակի, կամ գոնե ԻԱԿ-ի լոգոն, կամ նույնիսկ կադաստրի ցուցատախտակի լուսանկարը դնել: Նախապես շնորհակալություն:
Շնորհակալություն: Հիմա կուղղենք