Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետ Սերժ Սարգսյանի մոտ նախագահ ո՞վ կաշխատի

Օգոստոս 28,2013 12:01

Իշխող Հանրապետական կուսակցությունում քննարկումներ են ընթանում Սահմանադրության փոփոխության շուրջ, եւ փաստորեն, չի բացառվում, որ Հանրապետականը որոշում կայացնի՝ անցում կատարել խորհրդարանական հանրապետության:

Երեկ «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Դավիթ Հարությունյանը հայտնել է, որ այդ թեմայով քննարկումները ընթանում են արդեն բավականին երկար ժամանակ: Նա վստահեցրել է, որ կառավարման խորհրդարանական համակարգին անցնելու հարցը քննարկման առարկա է դառնալու. «Պետք է խնդրին նայել այլ տեսանկյունից. ո՞րն է առավել արդյունավետ Հայաստանի համար ստեղծված իրավիճակում թե՛ աշխարհաքաղաքական, թե՛ ներքին քաղաքական: Եվ հենց այս տեսանկյունից է, որ պետք է լինեն շատ կարծիքների բախումներ, տարբեր մոտեցումներ, եւ դրա արդյունքում, կարծում եմ, կձեւավորվի հայեցակարգը»:

Դավիթ Հարությունյանը չի բացառել, որ կառավարման խորհրդարանական համակարգին անցնելու դեպքում հաջորդ խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ համամասնական ցուցակը կարող է գլխավորել գործող նախագահ Սերժ Սարգսյանը եւ ՀՀԿ-ի հաղթանակի դեպքում Սերժ Սարգսյանը կընտրվի վարչապետ՝ արդեն այդ կարգավիճակով գլխավորելով Հայաստանը, եւ հավելել է, որ դեռեւս որեւէ հստակ տարբերակ չի քննարկվել, բայց չի բացառել հենց այդ տարբերակը:

Այսինքն, առաջիկա մի քանի ամիսներին իշխող ՀՀԿ-ն զբաղված կլինի սահմանադրության փոփոխության հայեցակարգի մշակմամբ: Այն, որ իշխանական վերնախավը անհրաժեշտություն է տեսնում սահմանադրական փոփոխություններ իրականացնելու, ուշագրավ փաստ է:

Երեք ամսից Հայաստանը պատրաստվում է նախաստորագրել ԵՄ Ասոցացման համաձայնագիրը, եւ եթե ամեն ինչ բարեհաջող ավարտվի, իշխանությունները դրանից հետո կանցնեն երկրի կառավարման համակարգի փոփոխությանը՝ վստահաբար դրա անհրաժեշտությունը ներկայացնելով որպես երկրի ժողովրդավարության զարգացմանը նպաստելու ուղղությամբ կատարվող քայլ:

Սակայն, պարզ է, որ սահմանադրական փոփոխությունների գործընթացը Հայաստանի ժողովրդավարության մակարդակը բարձրացնելու, մարդու իրավունքների պաշտպանության ավելի քաղաքակիրթ մեխանիզմներ ստեղծելու պատճառաբանությունից բացի առավել կարեւոր խնդրի լուծում է ապահովելու՝ Սերժ Սարգսյանի իշխանության պահպանումը:

Սահմանադրությունում կատարվելիք փոփոխությունների հիմքում` ՀՀ նախագահին կարող են վերապահվել խորհրդատվական լիազորություններ, իսկ իշխանության դե ֆակտո ղեկավարը կլինի վարչապետը՝ Սերժ Սարգսյանը: Նախագահը, օրինակ՝ Տիգրան Սարգսյանը…

Կաշխատի այս սցենարը, թե ոչ, իհարկե վաղ է միանշանակ կանխատեսելը կամ որեւէ այլ տարբերակի շուրջ պնդելը: Սակայն մեկ բան ակնհայտ է՝ քաղաքական հիմնական գործընթացները, ցավոք, ընթանում են իշխանական դաշտում, ոչ թե ընդդիմադիր թեւում:

Ընդ որում, չմոռանանք, որ ԱԺ վերջին ընտրություններից առաջ խորհրդարանական ընդդիմությունը փորձեր արեց ընտրական օրենսգրքում փոփոխություններ անել, համաձայն որոնց նախատեսվում էր վերացնել մեծամասնական ընտրակարգը եւ անցնել 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի, եւ քննարկվում էր անցումը կառավարման խորհրդարանական համակարգին:

Այսինքն, գործող խորհրդարանի մյուս ուժերի դիրքորոշումը հաշվի առնելով՝ կարելի է ենթադրել, որ իշխանությունները այս հարցում կարող են ԱԺ-ում «կառուցողական քննարկումների» գործընթաց սկսել: Իսկ եթե հաշվի առնենք նաեւ այն հանգամանքը, որ 2013թ. նախագահական ընտրություններից հետո Սերժ Սարգսյանը Րաֆֆի Հովհաննիսյանին առաջարկել էր գլխավորել սահմանադրական փոփոխությունների հարցով հանձնաժողովը, ապա չի բացառվում, որ հենց խորհրդարանական ընդդիմության ձեռքով էլ երկրի կառավարման համակարգի փոփոխության գործընթացը դրվի հունի մեջ:

Այս սցենարով ե՛ւ միջազգային հանրությունը գոհ կլինի Հայաստանի իշխանություններից, ե՛ւ Սերժ Սարգսյանը կլուծի իր իշխանության պահպանման, իսկ ավելի ճիշտ՝ իր երրորդ ժամկետով վերարտադրման հարցը ավելի քաղաքակիրթ ձեւով, ի համեմատություն, օրինակ՝ հարեւան Ադրբեջանի։

Առայժմ բաց կմնա հարցը, թե լայն լիազորություններով օժտված վարչապետ Սերժ Սարգսյանի մոտ ո՞վ նախագահ կաշխատի…

Բայց սա արդեն, այլ թեմա է…

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. dyadyur says:

    Եթե ամեն ինչ գնա այնպես,ինչպես որ պլանավորել է մեր երկրի Նախագահը,ապա նրա մոտ Նախագահ կաշխատի սեղանի թենիսի ՀՀ չեմպիոններից մեկը (հավանաբար վերջինը):Էլ ոչ մի ֆուտբոլ ու ոչ մի շախմատ:Միայն սեղանի թենիս ու վերջ:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031