«Ոչ ոք չի խոսում, որ կրակել են Նիկոլայ Աբրահամյանին նաեւ: Բա ո՞վ կրակեց: Չէէէէ՜, ավելի կարեւոր է Սուրիկ Խաչատրյանը: Մենք Սուրիկ Խաչատրյանի պաշտպանները չենք: Սուրիկ Խաչատրյանը մեր պաշտպանության կարիքը չունի»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց Սուրիկ Խաչատրյանի որդու Տիգրան Խաչատրյանի փաստաբան Ռուբեն Սահակյանը:
Նա վստահեցնում էր, որ Ավետիք Բուդաղյանին թիկունքից հարված չկա. «Հայկ Ալումյանը սխալ բաներ է տարածում: Հասարակությունը մտածում է՝ ո՞նց կարելի է մարդուն թիկունքից խփել, սա նամարդություն է, ոչ թե…»:
Անդրադառնալով Արտակ Բուդաղյանի օրգանիզմում հայտնաբերված 4 պրոմիլ ալկոհոլին՝ Հայկ Ալումյանը նշել էր, որ դա ապատեղեկատվություն է, քանի որ ընդամենը 1 պրոմիլ է եղել, ընդ որում՝ նրանից արյան նմուշը վերցրել են 6 օր հետո, երբ նա սպիրտային հիմքով դեղ էր ընդունել:
Կարդացեք նաև
Ռուբեն Սահակյանի խոսքերով՝ «Ինձ համար բացարձակ կապ չունի՝ խմած է եղել, նարկոտիկ օգտագործած է եղել՝ արարքը որակելու համար: Ինչո՞ւ է ապատեղեկատվություն տարածում Ալումյանը: Իր ձեռքի տակ եղած փաստաթղթում նշված է, որ մինչեւ ամսի 2-ն են վերցրել արյան նմուշը՝ դեպքից մի քանի ժամ հետո: Ամսի 7-ին նրանից այլ նմուշ՝ քսուք է վերցվել:
Ասում է՝ հիմա էլ նոր բան են հորինել, ուզում են մեղադրանքը ծանրացնել: Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ չեն կարող ծանրացնել նրա մեղադրանքը: Կա միայն այդ հոդվածը, չգիտի՞ դա Ալումյանը, գիտի: Նա խորհուրդ է տվել Էմիլ Բուդաղյանին, որ ինքնաշեն զենքի համար դիմի Սերժ Սարգսյանին:
Եթե դու գործի նյութերին ծանոթ չես՝ բարի եղիր լռել: Այո, Սուրիկ Խաչատրյանն ունի ինքնաշեն զենք, բայց դրանք տրամադրվել են օրինական կարգով: Նույնպիսի զենք ունի Ավետիք Բուդաղյանը, նույն այդ զենքից է վիրավորվել նրա կողմից Նիկոլայ Աբրահամյանը: Ասվում է՝ Սուրիկ Խաչատրյանին պետք է ենթարկել քրեական պատասխանատվության, քանի որ զենքերը անփութորեն են պահվել: Բայց այդ հոդվածն ունի ստորակետ՝ եթե ծանր հետեւանքներ է դա առաջացրել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ