Լրահոս
Օրվա լրահոսը

Ի պատասխան Երևանի քաղաքապետի խորհրդական Ա. Գևորգյանի նամակի

Օգոստոս 28,2013 11:53

Օրերս ՀՀ քաղաքացի Ռուզաննա Գրիգորյանը նամակ ստացավ Երևանի քաղաքապետի խորհրդական Ա. Գևորգյանից, ով պատասխանել էր «Վճարում ենք 100 դրամ» նախաձեռնության պահանջները ներկայացնող նամակին, որը քաղաքապետարանի նամակների բաժին մուտքագրել էր Ռուզաննան: Նամակում Ռուզաննա Գիրգորյանին առաջարկվում է որպես շահագրգիռ անձ մասնակից լինել այն հանձնաժողովի աշխատանքներին, որն ստեղծվել է Տարոն Մարգարյանի հայտարարությունից հետո, մեր գնահատմամբ, Երևանի ներքաղաքային տրանսպորտի սակագնի բարձրացման մասին ապօրինի և հակասոցիալական որոշումը լեգիտիմացնելու նպատակով:
Փաստորեն, նամակում չկա որևէ հղում, թե ինչպիսի՞ ընթացակարգով է որոշում կայացվե,լ և, ըստ էության, ընդունվում է, որ հանձնաժողով չկար և հիմա նոր փորձ է արվում հիմնավորել որոշման կայացումը, այն էլ` բողոքների պատճառով: Նման խոստովանությունն ուղղակի հաստատում է, որ որոշումը կայացվել է ոչ պրոֆեսիոնալ կերպով, և այն ընդունողները գործել են օրենքից դուրս: Սրա մասին է վկայում այն հանգամանքը, որ ոչ մի հղում չկա որևէ օրենքի կամ օրինական ակտի: Փոխարենը հղման է արվում քաղաքապետի «բարի ցանկությանը»: Ահա նամակում տեղ գտած խոստովանությունը` «վերոնշյալ մտայնություններից ելնելով և փորձելով միայն զուտ իրավական հենքի վրա չպատասխանել հայտարարությանը, ներկայացնենք ուղղակի մի քանի նկատառումներ»: Մինչդեռ հանրությունը պահանջում է հենց իրավական հիմքեր, և որևէ պաշտոնյայի լիրիկական զեղումները քչերին են հետաքրքիր:
Նամակում ուղեվարձի թանկացումը մեկնաբանվում է որպես անխուսափելի իրավիճակի արդյունք: Սա բացահայտ խաբեություն է և քաղաքապետարանի ներկայացրած հաշվարկում ծախսերն ուռճացված են (https://hetq.am/static/content/pdf/1-4.pdf): Դա ակնհայտ է դառնում պարզ տնտեսագիտական հաշվարկից հետո (https://hetq.am/arm/news/28621/vtcharum-enq-100-dram-transporti-gni-hashvarky-amboxjutyamb-kextsvel-e-gtsatereri-ogtin.html): Կեղծ հաշվարկների վրա հիմնավծ որոշումն անօրինական է: Սակայն, ապօրինի որոշումը քաղաքապետի կողմից ընդամենը կասեցվել է` անվավեր հայտարարվելու փոխարեն: Քննարկումներ ծավալել արդեն իսկ կայացված ապօրինի որոշումն ունենալով որպես ելակետ, հակասահմանադրական է: Վերահաստատում ենք մեր պահանջը՝ անվավեր հայտարարել ներքաղաքային տրանսպորտի թանկացման մասին ապօրինի և հակասոցիալական որոշումը, որը կայացվել է գծատեր-օլիգարխների նեղ շահերին ի նպաստ և ի վնաս հանրային շահի:
Նամակում նաև խոսվում է տրանսպորտի թանկացման դեմ ակցիաների օրերին «ոլորտի պատասխանատուների՝ բարդ իրավիճակում օպերատիվ արձագանքման և արդյունավետ աշխատանքի մասին»: Պարզ է, որ վարորդները քաղաքապետարանի կայացրած ապօրինի որոշման պատճառով հայտնվել էին իրենց համար անսովոր պայմաններում և պատվով դուրս եկան այդ իրավիճակից, իսկ թե ինչո՞վ էին զբաղված այդ օրերին ոլորտի պատասխանատուները, չենք զլանա ևս մեկ անգամ հիշեցնել՝ https://www.youtube.com/watch?v=sNxojm9R3ds: Զբաղեցնելով Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի պաշտոնը և այդպիսով հանդիսանալով համայնքային ծառայող` Հենրիկ Նավասարդյանը թույլ է տվել համայնքային ծառայողին ոչ վայել գործելակերպ` խախտելով «Համայնքային ծառայության մասին» և «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքների մի շարք դրույթներ, որոնք իրավական հիմք են հանդիսանում նրան պաշտոնանկ անելու համար: Այդ իրավական հիմքերն արդեն իսկ հրապարակված են, սակայն դրանց վերաբերյալ մինչ օրս որևէ արձագանք չի եղել քաղաքապետարնի կողմից: Ուստի՝ ևս մեկ անգամ դրանք ներկայացվում են այս նամակին կից: Իսկ «Երևանտրանս» ընկերության տնօրեն Միսակ Համբարձումյանն իր շրջապատի հետ միասին դրսևորել է խուլիգանական վարք և բախումներ է հրահրել ցուցարարների հետ: Այսպիսի վարքագծով համայնքային կազմակերպության տնօրենը պետք է հեռացվի իր պաշտոնից: Ավելին՝ այս երկու պաշտոնյաներն անմիջականորեն կամ իրենց ազգականների միջոցով երթուղիներ են շահագործում, ինչը նշանակում է, որ առկա է մասնավոր և հանրային շահերի բախում, այն է՝ կոռուպցիա: Պահանջում ենք Հենրիկ Նավասարդյանի և Միսակ Համբարձումյանի պաշտոնանկությունը: Քանի դեռ այս կոռումպացված գծատեր-պաշտոնյաները գտնվում են հանձնաժողովի կազմի մեջ և աշխատում են կառավարման համակարգում, որևէ համագործակցության առաջարկ, նաև այս պատճառով, անիմաստ և ձևական է:
Բացի այս ամենը, կարող ենք հիշել Մենք ենք այս քաղաքի տերը քաղաքացիական նախաձեռնության՝ Երևանի քաղաքապետարանի էկոլոգիական հանձնաժողովի աշխատանքը բարելավելու ուղղությամբ գործադրած ապարդյուն ջանքերը՝ https://hetq.am/arm/news/25098/menq-enq-ays-qaxaqi-tery-durs-e-galis-erevani-qaxaqapetarani-bnapahpanakan-handznazhoxovic.html: Որևէ երկխոսության փորձ տապալվում է հենց քաղաքային իշխանությունների կողմից, քանզի նրանք չեն ցանկանում ճանաչել գործած սխալները, քայլեր ձեռնարկել դրանց շտկման համար, այլ շարունակում են համառորեն վարել նեղ խմբային շահեր սպասարկող քաղաքականություն` անտեսելով հանրային շահը: Կասկածի տեղիք չի տալիս այն, որ քաղաքապետարանի կողմից համագործակցության հրավերները կրում են ձևական բնույթ և նպատակ ունեն լեգիտիմացնել արդեն կայացված ապօրինի որոշումները:

Բացի վերը նշված պահանջներից, պահանջում ենք նաև`
Գծատերերի ինստիտուտի վերացում
Ինտեգրված տրանսպորտային համակարգի ստեղծում
Վարորդների աշխատանքային պայմանների բարելավում

ՀՀ քաղաքացիներ`

Գայանե Մելքոմ Մելքոմյան
Ռուզաննա Գրիգորյան
Աննա Արզումանյան
Սուրեն Սահակյան
Լուսինե Գևորգյան
Սոնյա Մսրյան
Տիգրան Աճեմյան
Կարեն Հարությունյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ester777 says:

    Իսկ ինչու չի պահանջվում Տարոն Մարգարյանի հրաժարականը, ըստ իս հենց նրանից պետք է սկսել

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031