Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուզում եմ նրան խոստովանել, որ իսկապես սիրում էի, զգում էի նրա սերը». Մի սիրո պատմություն

Օգոստոս 28,2013 11:53

 «Ուզում եմ ասել, որ դու ես ինձ սովորեցրել, որ սիրող մարդիկ պիտի պայքարեն իրենց սիրո համար, ես պայքարել եմ, հիմա ինքդ պիտի որոշես՝ ի՞նչ անել»,- ասում է 18- ամյա Ժ.ն (անունը չի ցանկանում հրապարակել-հեղինակ): 

Մեկ տարի առաջ ՝ օգոստոսի 28-ը դարձավ նրա ամենաերջանիկ օրերից մեկը. լսեց սիրո խոստովանություն եւ միանգամից սիրահարվեց: Առաջին անգամ էր սիրահարվում, երջանիկ էր, բայց մտավախություն ուներ՝ տղան երեք տարի փոքր էր իրենից. «Ես միանգամից նրան մեր տարիքային տարբերությունը հիշեցրեցի, նա ինձ բացատրեց, որ դա կարեւոր չէ, կարեւորը սերն էր, որ մենք զգում էինք իրար նկատմամբ»,- պատմում է աղջիկը: Տղային երկար ժամանակ է՝ ծանոթ էր, աղջկա մայրը նրան պար էր դասավանդում, աղջիկն էլ երբեմն մասնակցում էր դասերին, իր հերթին պարային շարժումներ սովորեցնում պարի դպրոց հաճախողներին: Պատմում է, որ միշտ ուշադրություն էր դարձրել տղայի վրա, հասուն էր իր պահվածքով, բայց նրան սիրահարվելու մասին չի մտածել, տեւական ժամանակ որպես լավ ընկերներ են շփվել, միայն երբ տղան է առաջարկել իր սերը, այդ ժամանակ է զգացել, որ ինքն էլ ունի զգացմունք նրա նկատմամբ: «Մենք ժամերով համացանցով շփվում էինք, իրար շատ լավ էինք հասկանում: Ու երբ պարզ դարձավ, որ ես համալսարանում պիտի սովորեի եւ սեպտեմբերից արդեն պետք է դասերի գնայի, մտածեց, որ կգնամ, նոր շրջապատ կընկնեմ, ինքը այլեւս չի կարող իմ ուշադրությունը գրավել, ինձ գրեց. «Ես այլես չեմ կարող իմ մեջ պահել, պիտի ասեմ, որ սիրում եմ քեզ: Էն ժամանակ համարձակ չէի, վախեցա տարիքային տարբերությունից, նա ասեց, որ սերը տարիք չի հարցնում: Նույն օրը չպատասխանեցի, հետո զգացի, որ չեմ կարող սերը մեջս պահել»,- պատմում է աղջիկը: Հիշում է՝ սիրո խոստովանությանը հաջորդող առաջին ամիսներին ամեն ինչ այնքան հիանալի էր, ճիշտ է, երկար ժամանակ չէին ունենում միմյանց հետ շփվելու, բայց մի հայացքը, պարի դասերի ժամին մի հպումը հերիք էր, երջանկության համար. «Պարի ժամանակ, երբ փորձում էի նրան ուղղություն ցույց տալ, ամուր բռնում էր ձեռքս, երկուսս էլ ամաչում էինք, կարմրում ամբողջ ընթացքում, բայց սերը գոնե իմ մեջ օրեցօր ավելանում էր»,- պատմում է աղջիկը: Ասում է՝ տղայի հետ շփման ամբողջ ընթացքում տարիքային տարբերությունը չի նկատել, միայն վախեցել է դրսի կարծիքներից. «Չեմ մոռանում հատկապես մեր առաջին համբույրը, պարի խմբով համերգի էին, ես էլ էի գնացել, տարիքով փոքր երեխաների խմբին տարա զուգարան, նա հետեւեց ինձ, եւ երբ ես միայնակ կանգնած սպասում էի, նա մոտեցավ ինձ ու համբուրեց, չէի սպասում, անակնկալի եկա, բայց այդ պահից զգացի, որ նա շատ կարեւոր է մարդ է իմ կյանքում ու շատերին դեմ կգնամ հանուն մեր սիրո»,- ասում է աղջիկը: Պատմում է, երբ մայրը իմացավ, շատ զայրացավ, առաջինը մատնանշեց նրանց տարիքային տարբերությունը, արգելեց շփվել տղայի հետ, վերցրեց ձեռքից հեռախոսը, տղան էլ դուրս եկավ պարի խմբից. «Բայց ես սիրում էի, ասել էի մերոնց, զգացի նրանք ինձ չեն հասկանա, բայց ես շարունակեցի շփվել նրա հետ»,- ասում է նա: Նրա համար ոչինչ խոչընդոտ երեւի չդառնար էլ, եթե տղան մի օր չորոշեր վերջակետ դնել իր կողմից իսկ ստեղծած «իսկական սիրուն»: Աղջիկը պատմում է, որ վիճաբանություն, լուրջ կոնֆլիկտ իրենց մեջ չի եղել: Հիշում է, որ մի օր տղան նրա  սոցիալական կայքի էջի ընկերներին էր նայում, հանկարծ աղջկա դասընկերոջը նկատեց, ինչն էլ խոսակցության  առիթ դարձրեց. «Բացատրեցի, որ նա իմ դասընկերներից է, նրան էլ պատմել էի այդ տղայի մասին, հիշեցրեցի, բայց զգացի դուրն այնքան էլ չեկավ, ջնջեցի սոցցանցից իմ էջը»,- պատմում է աղջիկը: Այդ դեպքից մի քանի օր հետո նա երկրից դուրս է գնացել հանգստանալու, մայրիկից հեռախոսը չի կարողացել վերցնել զանգելու եւ տղայի հետ խոսալու համար, որոշ ժամանակ հետո մեկ ուրիշի հեռախոսով զանգելուց հետո էլ հանդիպել է տղայի սառը պատասխաններին. «Դրսում էր, ինչ խոսում էի, սառն էր պատասխանում, ես ինձ վատ զգացի, նեղացա, մեղավոր չէի, որ չէի կարողացել զանգել, նա էլ հստակ պատճառները գիտեր, անջատեցի հեռախոսը, հետո համացանցով շփվեցինք, նորից կռվեցինք»,- պատմում է աղջիկը: Հայաստան ժամանելուց հետո հարաբերություններն ավելի սրվեցին. «Վերջերս էլ գրել էր, թե այլեւս չի ցանկանում ինձ հետ շարունակել մեր հարաբերությունները, առաջարկեց միայն ընկերներ մնալ: Ես ապշեցի, գրեցի՝ հե՞շտ է քեզ նման բան անելը, ասեց՝ չէ,- արցունքն աչքերին հիշում է աղջիկը, ավելացնում,- չգիտեմ ինչի՞, մտածում եմ, որ սա նրա որոշումը չէր, կողքից ինչ-որ մեկը փորձել է նրան համոզել, երեւի մեր տարիքային տարբերությունն են նշել, չգիտեմ, բայց ես նրա սերը միշտ զգացել եմ, չեմ կարծում, թե մի քանի օրում այն անհետացած լինի: Այսօր իր իսկ  սիրո խոստովանության մեկամյակի կապակցությամբ՝ ուզում եմ նրան խոստովանել, որ իսկապես սիրում էի, զգում էի նրա սերը, բայց հիմա նա արդեն կոտրեց իմ մեջ ամենաթանկը՝ իմ առաջին ու մաքուր սերը: Գիտեմ՝ հիմա կարդում ես, որովհետեւ ես եմ քեզ ասել: Հիշիր մեկ տարի առաջ այս օրը ու հավատա, դա մեր կյանքում էլ չի կրկնվի: Ես հետեւեցի քո խորհրդին, ինձանից կախված ամեն ինչ արեցի մեր սերը պահպանելու համար, հավատա` ինձ համար դա ավելի բարդ էր, քան քո: Քեզ միայն երջանկություն եմ մաղթում, դու դեռ շատ փորձություններ կունենաս քո կյանքում, բայց հիշիր, որ կյանքում կարեւորը սեփական կարծիք ունենալն է, սեփական ցանկություններին հետեւելը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031