Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վահրամ Աթանեսյանը հարց է ուղղում Մոդեստ Կոլերովին

Օգոստոս 28,2013 11:50

Հատված ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆԻ հետ հարցազրույցից:

   –Ռուսական քաղաքագիտական շրջանակները արցախյան խնդրում կանխատեսում են ռուսական կողմի դիրքորոշումների փոփոխություն հե՛նց վիլնյուսյան գործընթացի լույսի ներքո: Քաղաքագետ Մ.Կոլերովն անգամ հայտարարեց, թե Հայաստանի՝ ԵՄին ընդառաջ քայլերը պատճառ կդառնան ՀայաստանԼՂՀ տարանջատման: Ու մեկնաբանեց` ԼՂՀն կմնա ռուսական, իսկ Հայաստանը կհայտնվի եվրոպական «քաղաքական, տնտեսական եւ պաշտպանական պատասխանատվության գոտում»:
-«Հայոց Աշխարհ» օրաթերթի միջոցով ես հարց կուղղեմ պարոն Կոլերովին: Եթե Հայաստանը միանա ռուսական նախագիծ Մաքսային միությանը կամ դառնա գոյություն չունեցող Եվրասիական միության անդամ, այդ դեպքում Ռուսաստանը երաշխավորո՞ւմ է Ղարաբաղի ու Հայաստանի միասնական անդամակցումն այդ երկու կառույցներին: Համոզված եմ, որ ռուս վերլուծաբանը դա չի կարող երաշխավորել նույնիսկ փորձագիտական մակարդակով, որովհետեւ կստանա կոշտ պատասխան ռուսական իշխանական վերնախավից, ովքեր նրան այսօր թելադրում են ասել այն, ինչ այս պահին իրենց է պետք:
Երկրորդ՝ ենթադրություններ անելով, թե Հայաստանն ու Արցախը կհայտնվեն աշխարհաքաղաքական տարբեր գոտիներում, սույն պարոնը նաեւ շատ թափանցիկ ակնարկում է, որ ինքը ԼՂՀ-ն տեսնում է Ադրբեջանի կազմում: Ի դեպ, նա իր այդ կարծիքը չի էլ թաքցնում՝ ցանկանալով Արցախը Ադրբեջանի հետ միասին տեսնել Ռուսաստանի ազդեցության գոտում:
   –Իսկ հայաստանյան որոշ շրջանակներում նույնիսկ ոգեւորություն կա, թե Ռուսաստանը Արցախն իր շահերի տիրույթում պահելու համար կշտապի ճանաչել Արցախի անկախությունը
   -Այս մտայնությունը լուրջ չէ: Պարզապես փորձ է արվում օգտագործել այն ստերեոտիպը, որ հավանաբար ունեն ռուսաստանյան քաղաքագիտական շրջանակները։ Համաձայն դրա, արցախահայությունը ավանդաբար ունեցել է ռուսական կողմնորոշում, եւ այսօր փորձում են այդ հանգամանքը դարձնել ներհայկական բանավեճի թեմա: Ինչը, կարծում եմ, ոչ այնքան վտանգավոր է, որքան անլուրջ:
   –Ի դեպ, ռուսական կողմը կարծես փորձում է օգտագործել նաեւ ռուսահայերի գործոնը: Նույն Կոլերովը ընդգծում է այն միտքը, թե ռուսահայերն իրենց «ռուս ընկերների» հետ կապահովեն Արցախի «արտաքին քաղաքական սուբյեկտությունը»:
   -Այն, որ Ռուսաստանում ապրող հայերը, որպես այդ երկրի քաղաքացիներ, պաշտպանում են Ռուսաստանի շահերը, հասկանալի է, բայց անլուրջ է նրանց հայաստանյան իշխանություններին հակադրելը: Այս ամենը մի բան է նշանակում, որ Ռուսաստանի պետական, քաղաքական որոշակի շրջանակներ իրավիճակի հստակ պատկերացում չունեն, կամ էլ ցույց են տալիս, թե չեն հասկանում՝ ինչ է կատարվում Հայաստան-ԵՄ հարաբերություններում:
Կարծում եմ, գուցե նաեւ միտումնավոր, մի անհասկանալի թեզ է շրջանառվում, որ եթե Հայաստանը գնում է ԵՄ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրման, ապա դա այլ բան չէ, քան հակառուսաստանյան քայլ: Ամենեւին, Հայաստանը շահագրգիռ է Ռուսաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացմամբ, խորացմամբ ու բարեկամական կապերի ամրապնդմամբ: Ինչի մասին երկրի իշխանությունները բազմիցս են բարձրաձայնել:
Հիմա հարց ուղղեմ հակառակ կարծիք արտահայտողներին. մի՞թե ԵՄ անդամ Լեհաստանը Ռուսաստանի թշնամին է, կամ Մերձբալթյան հանրապետություններն իրենց համարում են ՌԴ հակառակորդներ: Ծիծաղելի է անգամ այդպես մտածելը: Հիշյալ թեզը, իրոք, տրամաբանական չէ:

Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում   
 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031