Լրահոս
Օրվա լրահոսը

Ցած նետված տղայի հայրը բացառում է

Օգոստոս 28,2013 11:37

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակից, կառավարության շենքից նետվելու միջոցով օրերս ինքնասպան եղած Հայկ Հայրապետյանի հայրը՝ Միշա Հայրապետյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում բացաոեց, որ իր որդին ինքնասպանության է գնացել աշխատանքային վայրում ունեցած խնդիրների կամ սիրած աղջկա պատճառով։ Ավելին, Միշա Հայրապետյանի համար կատարվածը շատ մութ է ու զարմանալի։

Հիշեցնենք, որ Հայկ Հայրապետյանն ինքնասպանություն էր գործել ՀՀ կառավարության երրորդ մասնաշենքի 6-րդ հարկում տեղակայված կրթության եւ գիտության նախարարության պատշգամբից։ Դեպքից անմիջապես հետո մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ Հայկն ինքնասպան լինելուց առաջ հեռախոսազրույց է ունեցել աղջկա հետ, եւ նրա այդ քայլի պատճառը սիրած էակն է եղել։

Ավելի ուշ տեղեկություններ տարածվեցին, որ բնապահպանության նախարարության աշխատակիցը գործնական խնդիրներ է ունեցել եւ այդ պատճառով է նման քայլի դիմել։ 22-ամյա երիտասարդի ինքնասպանության իրական պատճառը դեռեւս բացահայտված չէ։

«Իմ տղային ես այլեւս չեմ կարող հետ բերել։ Դուք չեք պատկերացնում, թե ինչ ապրումների մեջ ենք մենք, որ չգիտենք, թե ինչու սա եղավ։ Այսօր իմ տղայի մահվան 7-րդ օրն է։ Էլ ի՞նչ ասեմ ես ու մեկնաբանեմ, որ իմ որդուն էլ հետ չեմ բերելու։ Ինքն ուրիշ երեխա էր»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում լացակումած պատմեց Հայկի հայրը։

Ըստ մեր զրուցակցի՝ Հայկը դեպքի օրը բավական երկար հեռախոսազրույց է ունեցել իր մոր հետ. «Կես ժամ խոսել են։ Առավոտյան 11-ի կողմ է եղել այդ խոսակցությունը։ Ամեն ինչ նորմալ է եղել, հավեսով խոսել է, ոչ մի դրդապատճառ չի եղել, ու ինքն էլ ինչ ցանկացել է, իր սրտով է եղել։ Նա այնքան կայացած տղա էր, 7 լեզու գիտեր, ու ես էլ՝ որպես ծնող, հպարտանում էի, թե ինչ տղա ունեմ, բայց երեւի Աստված շատ համարեց, չգիտեմ…»։

Միշայի խոսքով՝ կատարվածը շատ տարօրինակ է ու զարմանալի։ Ավելին, տղայի հայրը բացառեց, որ որդին ինքնասպան է եղել աղջկա համար։ «Չէ՛, չէ՛։ Իմ երեխան այդպիսի երեխա չէր, որ աղջկա համար գնար այդ քայլին»,- ասաց նա՝ վստահեցնելով, որ Հայկը աշխատանքային խնդիրներ եւս չի ունեցել, ու այն, ինչի կյանքում հասել է, հասել է իր գիտելիքների շնորհիվ։

Մեր այն հարցին, թե այդ դեպքում ինչը կարող էր որդու ինքնասպանության պատճառը լինել, հայրը պատասխանեց. «Չգիտեմ, ինձ համար էլ ամեն ինչ մութ է»:

Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031