Հատված ՀԱԿ խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանի հարցազրույցից:
– Այս ընթացքում բոլոր ընդդիմադիր ուժերը հայտարարում են, թե իրենք ինչ–որ քննարկումների փուլում են գտնվում, փորձում են այնպիսի քայլեր ձեռնարկել, որ օգնեն ժողովրդին, բայց արդյունքում այսօր քաղաքական դաշտում ընդդիմություն չկա…
– Ես կասեի՝ ընդդիմություն կա, բայց կա նաեւ վերահսկելի ընդդիմություն։ Սա է խնդիրը։ Կա իրական ընդդիմություն, որն ավելի շատ հաշվարկային է գործում եւ ժամանակից շուտ չի փորձում անիմաստ հայտարարություններով հանդես գալ։ Բայց ընդդիմությունը համախմբման խնդիր ունի, եւ եթե կարողանանք այդ համախմբումն ապահովել, ապա այդ դեպքում կարող են լուրջ զարգացումներ լինել՝ հոկտեմբերին ստորագրվելիք պայմանագրի հետ կապված։ Երբ աշնանը սոցիալական խնդիրներն ավելի կծանրանան, թանկացումները կազդեն հոսանքի, գազի, պարենային մթերքի վրա, այդ ժամանակ դա կստիպի ժողովրդին փողոց դուրս գալ։ Ինչպե՞ս ապրել, ապրելու տարբերակն անգամ մենք չենք տեսնում, էլ չեմ ասում՝ շարքային քաղաքացին։ Այդ դեպքում պետք է ձեւավորված լինի այն քաղաքական ուժը, որը կկարողանա ժողովրդի ընդվզումն առաջնորդել ու ժողովրդի կողքին լինել։
– Արդեն քանի օր շարունակ հասարակության տարբեր խավեր դուրս են եկել փողոց։ Օրինակ՝ Կոմիտասի 5 հասցեում բնակիչները չեն ցանկանում, որ շենք կառուցվի, եւ ընդվզում են կայացրած որոշման դեմ։ Այդ ամենի պատճառով մարդիկ բռնության են ենթարկվում։ Ինչո՞ւ ժողովրդի կողքին չեք։
Կարդացեք նաև
– Դժբախտաբար, քաղաքացիական նախաձեռնությունները շատ հակված չեն քաղաքական ուժերի հետ համագործակցել եւ ասում են, թե մի՛ քաղաքականացրեք խնդիրը։ Ու իրենք առանձին, լոկալ խնդիրներ են լուծում։ Իսկ մենք ասում ենք՝ համակարգային փոփոխությունների անհրաժեշտություն կա, քանի դեռ համակարգային փոփոխությունների պատրաստ չեք, արդյունք չի լինելու։ Դա հնարավորություն է տալիս քաղաքացուն, որ իր խնդիրների համար փորձի պայքարել։ Լավ է, որ կան այդ նախաձեռնությունները, լավ է, որ քաղաքացին փորձում է խնդիրներն ինքնուրույն լուծել։ Բայց կարծում եմ՝ այդ հարցերը քաղաքական դաշտ բերելն ավելի արդյունավետ կլինի։
Զրուցեց Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում