Լրահոս
Օրվա լրահոսը

Այդ հասարակականները ինչո՞ւ չեն բողոքում նոր կայացվելիք անարդար հողահատկացումների դեմ

Օգոստոս 28,2013 11:02

Եթե բողոքի գործողության մասնակիցն է հատկապես շեշտում, թե իրենք մոտ չեն թողնելու քաղաքական ուժերին, քանի որ նրանք վարկաբեկված են, այստեղ ծագում է դեպի հեռուն նայող նպատակի խնդիրը: Եթե օլիգարխիկ համակարգին կցված քաղաքական դաշտը շրջանցելը նկատի ունի ակտիվիստը, լավ, այս բացատրությամբ միգուցե դիրքորոշումն ընդունելի է, բայց միայն առաջին հայացքից: Երիտասարդ ակտիվիստներին թվում է, որ ջնջելով մյուսներին` իրենք կկայանան եւ անկախ փորձի պակասից` չեն գործի քաղաքական կուսակցությունների սխալները (տասնյակ տարիներով մեր երկրի ներքին զարգացումները դիտած մարդու համար, սակայն, սա ծանոթ պատկեր է` հատկապես այդ տիպի հայտարարություններին հետեւող իրավիճակների առումով. վերջերս «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդման ընթացքում ակտիվիստ Տիգրան Խզմալյանը ոչ մի կերպ չկարողացավ հիմնավորել, թե ակտիվիստն ի՞նչ հատկանիշներով է տարբեր կուսակցականից` ինչո՞վ են իրենք լավ, ինչպես հարցն էր ձեւակերպված, եւ միայն ապրիորի ասում էր, թե իրենք այլ կերպ կվարվեն): Միգուցե հենց կուսակցություններին գործընթացներից վերջնականապես օտարելու վերջին շտրի՞խն է իրականացվում նաեւ` հասարակությանը զբաղեցնելուն եւ շեղելուն զուգահեռ, որ հետո ոչ մեկը դեր չունենա, եւ ոչ մեկի խոսքն արժեք չունենա, երբ հարկ լինի կարեւոր որոշում կայացնելիս տեսակետ հնչեցնել (չնայած` կուսակցություններն իրենք են մեղավոր իրենց հանդեպ հասարակության վերաբերմունքի համար):

Իմիջիայլոց` կան նաեւ լրատվամիջոցներ եւ քաղաքական գործիչներ, որոնք հասկանում են կատարվողը եւ մատնացույց անում հասարակական կարծիքը մանիպուլյացիայի ենթարկելու միտումը` հեռահար, հաջորդ ընտրություններն ու իշխանության ժառանգորդների առանձնացումն արդեն որպես նպատակակետը ցուցանելով: Հիմիկվանից: Հիշո՞ւմ եք երիտասարդ մի կուսակցականի, որը մարազմատիկ մի միտք էր կրկնում, թե ընտրությունների հաջորդ օրվանից իրենց համար սկսվում է ընտրարշավը հաջորդ ընտրությունների համար, եւ ոչ թե երկիրը երկիր սարքելու շրջան:
Սակայն եթե այս մտայնությունը ուղղորդվում է մեզ հայտնի ուղղությունից, ընդ որում` բողոքի գործողություններին մասնակից ազնիվ երիտասարդությունը սա կարող է գլխի չընկնել, այ, այստեղ մտածելու բան կա, քանի որ իր կյանքից դժգոհ հասարակության առկայությամբ` անհասկանալի է, թե ո՞ւմ դուդուկի տակ են փորձում պարեցնել մեզ եւ ի՞նչ նպատակով: Մյուս տարբերակն այն է, որ ոչ մեկի դուդուկ էլ չկա, այլ` իշխանությանն է հենց պետք զբաղեցնել հասարակությանը քաղաքացիականների միջոցով եւ նրանց մեծ մասի համար աննկատելի, ինչպես, ի դեպ, նախընտրական եւ հետընտրական բազմաթիվ ստեղծածին իրավիճակներում էր կատարվում, ու մոտիկից դիտելիս` իրադարձության իրական կազմակերպիչների ականջները կարելի էր տեսնել: Հիմա, երբ աշնանը հաղթահարելիք բաներ կան, երբ Հայաստանը երկու-երեք կարեւոր որոշում պետք է կայացնի, ենթադրվում է, որ բողոքի բազմաթիվ նոր օջախներ կստեղծվեն` հանդիսատեսին զբաղեցնելու համար: Իհարկե, դրական է, որ այս ընթացքում ստեղծվում է գրանտակերների ազդեցությունից եւ զանազան ուղղորդումներից դուրս երիտասարդ քաղաքացիականների խումբ նաեւ, հասարակությունը կշահի այս առումով, իսկ այդ մարդիկ կդառնան ապագայում իշխանության ու նոր պաշտոնյաների նշանակման կադրային ռեսուրսը. որպես օրինակ հիշեցնենք Հրայր Թովմասյանին, որը ժամանակին որպես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ էր պայքարում մարդու իրավունքների եւ իրավական պետության համար:
Եկող տարի մարդկանց կզբաղեցնեն նաեւ սահմանադրության փոփոխություններով (խորհրդարանական կառավարման անցնելու վերաբերյալ) եւ դրանց շուրջը լայն քննարկումներով, իսկ առայժմ կուտակված գոլորշին բաց թողնելու պայքարն ընթանում է օջախային եղանակով, ակտիվ մարդկանց ռեսուրսը զբաղեցնում են այս կամ այն քաղաքաշինական կամ էկոլոգիական մանրիկ խնդիրների համար պայքարում: Ոչ ոք հարց չի տալիս` այդ հասարակականները ինչու չեն բողոքում նոր կայացվելիք անարդար հողահատկացումների դեմ, որոնք հենց հընթացս կարելի է ուղղել, այլ արդեն կատարված փաստի առթիվ է դիմակայություն սկսում` ոստիկանության հետ բախման մեջ մտնելու հեռանկարով: Այն էլ այն դեպքում, երբ, ասենք, պայքարում են ոչ ներկա օլիգարխների, հիմնական կլանների ապօրինությունների, այլ պատահական, հիմնական կլաններից դուրս եղող կառուցապատողի դեմ:

Մարիետա ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ազգ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031