Լրահոս
Օրվա լրահոսը

Թե ինչու ագրարային համալսարանում չթանկացան ուսման վարձերը

Օգոստոս 28,2013 10:40

Հատված Ագրարային համալսարանի ռեկտոր Արշալույս Թարվերդյանի հարցազրույցից:

Ուսման վարձավճարները կտրուկ թանկացրած բուհերի ռեկտորները դա հիմնավորում են աշխատավարձերի բարձրացման, տեխնիկական վերազինման, սոցիալական փաթեթների համալրման անհրաժեշտությամբ։ Ձեզ հաջողվե՞լ է այդ բացը լրացնել՝ առանց վարձերը թանկացնելու, թե՞ գերադասում եք թերի կրթություն իրականացնել։

– Բոլոր Ձեր նշած խնդիրներն առկա են, բայց կա մի շատ ավելի կարեւոր հանգամանք, որը հաշվի առնելով՝ որոշեցինք չբարձրացնել։ Բնական է, բուհերն ունեն տարբեր խնդիրներ, գտնվում են տարբեր իրավիճակներում, բայց մեր բուհի համար շատ կարեւոր խնդիր կա՝ ուսանողական համալրման հարցը, եւ, սովորաբար, մեր ուսանողների հիմնական մասը գյուղական բնակավայրերի բնակիչներ են, եւ նրանց սոցիալական վիճակն այնպիսին չէ, որ վարձավճարի բարձրացումը հնարավորություն կտա նրանց ամբողջությամբ վճարել։ Դա նաեւ վերջին 4 տարվա ցուցանիշներն են վկայում։ Տարեկան համալսարանից 4-5 հարյուր ուսանող հեռացվում կամ ազատվում է, դրանց մի մասը՝ հենց զուտ վարձի պատճառով։

Եթե հիմա փորձեինք բարձրացնել, մենք կունենայինք առաջին կուրսի ընդունելության ցածր ցուցանիշներ։ Մենք, հաշվի առնելով այս կարեւոր հանգամանքը, այս տարի ձեռնպահ մնացինք։ Այնուամենայնիվ, մեր ուսանողների սոցիալական վիճակն ու վճարունակությունը հնարավոր չէ հաշվի չառնել։

Որոշ ռեկտորներ պնդում են, որ կրթությունն արժեք ունի, պետք է վճարել, իսկ որակյալ կրթությունը թանկ է, եւ այն ապահովելու համար միջոցներ են պետք, որոնք կլինեն միայն վարձերը բարձրացնելու միջոցով։ Եթե Դուք հաշվի եք առնում ուսանողի սոցիալական վիճակը եւ չունեք այլ ֆինանսական հոսքեր, ինչպե՞ս եք որակյալ ուսուցում կազմակերպելու։

– Վերջին տարիների փորձը ցույց է տվել, որ այս վիճակով, այնուամենայնիվ, հնարավոր է ուսուցում կազմակերպել, իհարկե, շատ լավ կլիներ, որ աշխատավարձը 2-3 անգամ բարձր լիներ, սարքավորումները հիմնովին նորոգվեին, բայց բոլորս գիտենք, որ դա արագ լուծվող խնդիր չէ։

Ձեր բուհում աշխատավարձի բարձրացման պահանջ կամ լաբորատորիաների, տեխնիկական այլ միջոցների անհրաժեշտություն չկա՞։ Ի՞նչ միջոցներով եք այդ հարցերը լուծում։

– Մենք, ինչքան հնարավոր է, աշխատում ենք Ձեր նշած խնդիրները լուծել այլ ճանապարհով։ Դասախոսների հիմնական մասն ընդգրկված է գիտական թեմատիկաներում, եւ աշխատավարձի կես դրույքի չափով հավելում ստանում են գիտությունից, միջազգային ծրագրերը բազմաթիվ են, ինչը

հնարավորություն է տալիս ոչ միայն որոշ չափով աշխատավարձի խնդիրը լուծել, այլեւ հիմնականում միջազգային ծրագրերի հնարավորությունն ուղղորդում ենք նյութատեխնիկական բազայի ավելացմանը։ Իհարկե, բուհն է

որոշում խնդիրն ինչ միջոցով լուծել, կամ թանկացնել, թե ոչ, բայց մեզ համար կար խնդիր, որ դիմորդների թիվը կտրուկ կնվազեր, եւ գնացինք դրան, որ ավելի լավ է ուսանողների անհրաժեշտ թվաքանակն ապահովվեր, քան բերեր կտրուկ նվազման, եւ արդյունքում կրճատվեին բուհերի մուտքերն ավելին, քան առանց բարձրացնելու։

Այդ տրամաբանությամբ երբեւէ չեք էլ բարձրացնի՞:

– Գալիք տարվա համար քայլը կարվի, բայց որոշել ենք, որ հաջորդ ուսումնական տարվանից երեք տարիների ընթացքում աստիճանաբար, իրավիճակը հաշվի առնելով՝ քայլերը կատարել։ Միեւնույն է, պետք է կատարվի, բայց ոչ այնպես, որ ուսանողի համար ծանր լինի:

Գայանե ՍԱՐԻԲԵԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031