«Ապատեղեկատվություն է, որ իբր Սուրիկ Խաչատրյանի տունն ունի պատշգամբ, որտեղից կրակոցներ են կատարվել»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում Գորիսի դեպքերի գործի մասին տարածած այդ տեղեկատվությունը հերքեց զինդատախազի տեղակալ Արտակ Հարությունյանը:
Նա վստահեցրեց, որ զննությամբ հիմնավորվել է՝ նման պատշգամբ ընդհանրապես գոյություն չունի. «Տուժողների մարմնի վրա բոլոր վնասվածքներն առջեւից են կատարված՝ դիմահար կրակոցներով»:
Արտակ Բուդաղյանի հայրը՝ Էմիլ Բուդաղյանն օրերս բաց նամակով դիմել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Նա իր զարմանքն է հայտնել, թե ինչու մինչեւ հիմա Սուրիկ Խաչատրյանին մեղադրանքներ չեն առաջադրվել: Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանի խոսքերով՝ «Եթե Սուրիկ Խաչատրյանի կողմից կրակած լինելու փաստը նախաքննության մարմիններում չի հաստատվել, բայց հիմա նրա գործողություններում առնվազն երկու քրեական արարք հաստատված է: Քրգործով արդեն իսկ հաստատված է, որ Սուրիկ Խաչատրյանի տնից առգրավվել է մեկ ինքնաշեն զենք: Այդ ինքնաշեն զենքի համար ինչո՞ւ նրան դեռեւս մեղադրանք չի առաջադրվել»:
Զինդատախազի տեղակալը դա նույնպես ապատեղեկատվություն որակեց. «Սուրիկ Խաչատրյանի տանից ինքնաշեն զենք չի առգրավվել: Հրապարակվեց մամուլում, թե որ զենքերն են առգրավված եւ ինչ օրինական հիմքերով են տրամադրվել Սուրիկ Խաչատրյանին»:
Կարդացեք նաև
Թե ինչու են Բուդաղյանները զինդատախազությանը մեղադրում գործին միակողմանի մոտենալու մեջ, ըստ Արտակ Հարությունյանի՝ «Երեւի պաշտպանական տակտիկա է: Իրականացվում է բառիս ամենալայն իմաստով օբյեկտիվ նախաքննություն»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ