Լրահոս
Օրվա լրահոսը

Զինդատախազություն. «Արտակ Բուդաղյանի արյան նմուշը վերցվել է դեպքի հաջորդ օրը, ոչ թե 6 օր հետո»

Օգոստոս 27,2013 22:11

Օրերս Արտակ Բուդաղյանի հայրը՝ Էմիլ Բուդաղյանը նամակով դիմել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին եւ մտահոգություն հայտնել, որ զինդատախազությունը միակողմանի է գործին մոտենում: Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը նույնպես հրավիրած ասուլիսում վստահեցրեց, որ զինդատախազությունը ապատեղեկատվություն է տարածում. «Թողած ծանր մարմնական վնասվածքը, թողած այդ այլանդակ միջադեպը՝ քննարկման առարկա են Արտակ Բուդաղյանի գործողությունները»: 

Այսօր Aravot.am-ի հետ զրույցում ՀՀ զինվորական դատախազի տեղակալ Արտակ Հարությունյանը պարզաբանումներ տվեց զինդատախազության հասցեին հնչած մեղադրանքների հետ կապված:

Թե ինչու է տարածած տեղեկատվության մեջ հիմնականում արծարծվում Արտակ Բուդաղյանի անունը, կարծես նա է գլխավոր դերակատարն այս ամբողջ պատմության մեջ, ինչո՞ւ չի արծարծվում Սուրիկ Խաչատրյանի անունը՝ Արտակ Հարությունյանը վստահեցրեց, որ դա թյուր տպավորություն է. «Մենք հաղորդագրություն ուղարկեցինք նաեւ առգրավված զենքերի վերաբերյալ, շատ հարցերի վերաբերյալ: Մեր հաղորդագրությունները միակողմանի չեն: Այդ պահին հանրությանը հետաքրքրող ինֆորմացիան հաղորդագրության տեսքով տրամադրում ենք ԶԼՄ-ներին»:

Հիշեցնենք, որ Հայկ Ալումյանը հայտարարել էր՝ «Թողած գործը, նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եւ թիկնապահի կողմից սադրանքը՝ զինդատախազությունը եւ քննչական մարմինն ամբողջ ուշադրությունը կենտրոնացրել են երկրորդական հարցերի վրա, անընդհատ քննարկվում է Արտակ Բուդաղյանի անունը: Նա ներկայացվում է որպես ագրեսոր, հարձակվող»:
Մասնավորապես, փաստաբանը հերքել էր այն տեղեկատվությունը, թե Արտակ Բուդաղյանն ալկոհոլ օգտագործած է եղել եւ արյան մեջ ալկոհոլի քանակը եղել է 4.5 պրոմիլ: Նա վստահեցնում է, որ հայտնաբերվել է ընդամենը 1 պրոմիլ, ընդ որում՝ դեպքից 6 օր անց եւ դա եղել է բուժում ստացած դեղերի պատճառով. «5 օր բուժում է ստացել, դեղեր է ստացել՝ հիմնականում սպիրտային հիմքի վրա, ընդ որում՝ երակային»:

Զինդատախազության տեղակալը հաստատեց, որ իսկապես փորձաքննությամբ Արտակ Բուդաղյանի արյան մեջ 1 գրամ/լիտր ալկոհոլ է հայտնաբերվել, բայց նա պնդեց, որ Արտակի արյան նմուշը դատաքիմիական փորձաքննության է ուղարկվել դեպքի հաջորդ օրը՝ հունիսի 2-ին. «Ոչ 4 գրամ/լիտրի ինֆորմացիան է համապատասխանում իրականությանը, ոչ էլ այն, որ 6 օր հետո է արյան նմուշը վերցվել: Այ, իսկական ապատեղեկատվությունը սա է: Ես կարող եմ բոլոր փաստաթղթերը ցույց տալ»:

Նշենք, որ նորման 0.25 գրամ/լիտր ալկոհոլի առկայությունն է արյան մեջ, որը համարվում է այսպես ասած «ոչ խմած վիճակ»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031