Լրահոս
Օրվա լրահոսը

Զինդատախազությունը հերքում է Բուդաղյաններին. «Ապատեղեկատվությունը տարածում են որոշ մարդիկ»

Օգոստոս 27,2013 21:35

Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանն օրերս ասուլիսում հայտարարեց, որ Գորիսի դեպքերից հետո՝ հենց հունիսի 2-ից ապատեղեկատվության մեծ ալիք բարձրացավ, հիմա էլ երկրորդ ալիքն է բարձրանում, եւ այդ ապատեղեկատվության աղբյուրը զինդատախազությունն է: «Առավոտը» Հայկ Ալումյանի կողմից ահազանգած բոլոր մեղադրանքների հետ կապված զրուցեց ՀՀ զինվորական դատախազի տեղակալ Արտակ Հարությունյանի հետ:

Նա կտրականապես հերքեց, որ զինդատախազությունը որեւէ ապատեղեկատվություն է տարածել. «Զինդատախազությունը երբեք ապատեղեկատվության տարածմամբ չի զբաղվել եւ չի էլ զբաղվելու: Այն փաստերը, որոնք ներկայացվում են հանրությանը՝ հաղորդագրությունների տեսքով, դրանք բոլորը հիմնված են քրեական գործով ձեռք բերված փաստերի վրա՝ հարցաքննություններ, արձանագրություններ, որոշումներ: Դրա համար զինվորական դատախազությունն ապատեղեկատվություն չի տարածում: Այն տարածում են որոշ մարդիկ՝ մի քանի հարցերի վերաբերյալ: Անվանական չեմ ուզում  նշել, բայց անընդհատ որոշ մարդիկ պնդում են, թե իբր համացանցում հայտնված տեսաձայնագրությունը մոնտաժված է: Ճիշտն ասած, մինչեւ երեկ անընդհատ մտածում էի, թե ինչ նկատի ունեն մոնտաժված ասելով, քանի որ բովանդակային առումով համացանցում տեղադրված տեսագրությունը եւ վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ եղած տեսագրությունը, որի կապակցությամբ փորձաքննություն է կատարվել, բովանդակային առումով նույնն են: Ժամանակային առումով կարող է այնտեղ ուղղակի ավելի փոքր հատված են տեղադրել, իսկ մեր տրամադրության տակ եղածն ավելի ընդարձակ է»:

Հայկ Ալումյանի ասուլիսը դիտելուց հետո Արտակ Հարությունյանն այսպես է հասկացել, թե «տեսանյութը մոնտաժված է» ասելով՝ ինչ նկատի ուներ փաստաբանը. «Համացանցում տեղադրված տարբերակում սլաքներ են դրված եւ մեկնաբանվում է՝ այստեղ կրակոց հնչեց, այստեղ այսինչ եղավ: Ես հասկացա, որ նա դա նկատի ուներ՝ մոնտաժված ասելով»:

Մեր դիտարկմանը, որ Հայկ Ալումյանն այլ տարբերություն է նշում մոնտաժված եւ չմոնտաժված տարբերակների. չմոնտաժված տարբերակում երեւում են Խաչատրյանների մարդկանց զենքերը, երբ նրանք մոտենում են Բուդաղյանների մեքենային, բացում են ավտոմեքենայի դուռն ու քաշքշում: Իսկ մոնտաժված տարբերակում արդեն Խաչատրյանների զենքերը չեն երեւում:

Այս առնչությամբ՝ զինդատախազի տեղակալը պարզաբանեց այսպես. «Որակական առումով երեւի լավը չի համացանցում տեղադրվածը: Փորձաքննություն են արել, իրենք էլ ծանոթացել են: Ինձ համար ուղղակի զարմանալի են նման պնդումները: Հայկ Ալումյանը հիմնականում ասում էր սլաքները: Հիմա սլաքներ տեղադրողը, օպերատոր է եղել, թե ինչ է եղել, իր սուբյեկտիվ ընկալմամբ այդ մարդը սլաքներ է դրել: Բայց դա չի նշանակում, որ նախաքննության մարմինը դա ընդունել է հիմք: Մենք քրգործում առկա, այս պահի դրությամբ արդեն ապացույց համարվող տեսագրությունն ենք հիմք ընդունում»:

Թե ինչպես է այդ տեսանյութն, այնուամենայնիվ, հայտնվել որոշ մարդկանց ձեռքում, երբ դեպքից հետո այն առգրավվել է քննչական մարմինների կողմից՝ Արտակ Հարությունյանը պատասխանեց. «Քննություն է արվում, մենք այդ հարցին դեռ կպատասխանենք»:

Մենք ճշտեցինք՝ այսինքն, Դուք պնդում եք, որ զինդատախազությունը որեւէ առնչություն չունի՞ այդ տեսանյութի՝ համացանցում հայտնվելու հետ՝ Արտակ Հարությունյանը պատասխանեց. «Իհարկե, ոչ: Նախ, այդ տեսանյութն առգրավվել է ոչ մեր կողմից, այլ վարույթն իրականացնող այլ մարմնի կողմից, փաթեթավորված տրամադրվել է մեզ, հետո փաթեթով հանդերձ հանձնվել է փորձագետներին: Մենք հնարավորություն չենք էլ ունեցել բացելու այդ փաթեթը: Փակ փաթեթով ինչպես առգրավվել է, նույն կնիքով ուղարկվել է փորձագետներին: Այսինքն, միջանկյալ օղակում, եթե մենք բացեինք, նորից արձանագրություն կազմեինք, կնիքներ դնեինք՝ նման բան չի եղել»:

Զինդատախազի տեղակալը խոստացավ, որ երբ նախաքննությունը կավարտվի, մի շարք փաստաթղթեր կտրամադրեն՝ համոզվելու համար, որ զինվորական դատախազությունն ընդհանրապես ապատեղեկատվություն չի տարածել եւ նման միտում չունի:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031