«Առավոտ»-ի հետ զրույցում «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն անդրադարձավ ԵՄ Ասոցացման համաձայնագրի ստորագրման անհրաժեշտությանն ու Եվրասիական միությանն անդամագրվելու վտանգներին: Նրա մեկնաբանությամբ՝ «Որոշումը կախված է Սերժ Սարգսյանից ու իր թիմից: Հայաստանին անհրաժեշտ է, որ համաձայնագիրը նախաստորագրվի: Դա նաեւ Ղարաբաղին է պետք: Ինչ ուզում եք՝ ասեք, բայց ԵՄ ասոցացված անդամ Հայաստանին քաղաքակիրթ աշխարհը այլ կերպ է նայելու ու վերաբերվելու, քան Եվրոպայի մաս չկազմող Ադրբեջանին: Ոչ ոք ժողովրդավար երկրից մաս չի տա ոչ ժողովրդավար երկրին: ԵՄ-ն ՀԱՊԿ չի, ԱՊՀ չի, որ քեզ հետ անդամակցելով՝ հակառակորդիդ զինի»:
Ըստ Արամ Սարգսյանի, այսօր մեր երկիրը կանգնած է շատ լուրջ աշխարհաքաղաքական խնդրի առաջ. «Ինչքան էլ իշխանությունները խոսեն «եւ-եւ»-ից, իրենց փորձեն համոզել կամ հասարակությանը, խնդիրը կամ-կամ է, եւ իրենք դա շատ լավ հասկանում են: Սա քաղաքական օրակարգ է ձեւավորում: Դժբախտաբար, այդ օրակարգի ձեւավորումը կախված չէ հասարակությունից կամ ընդդիմությունից: Այդ օրակարգը ձեւավորում է արտաքին աշխարհը, մասնավորապես՝ Արեւմուտքը եւ Ռուսաստանը: Դրան պիտի պատասխանի այսօրվա իշխանությունը՝ հանձինս Սերժ Սարգսյանի եւ նրա կուսակցության, որը, մեղմ ասած, բոլորովին հակված չէ հասարակության տեսակետն իմանալու եւ նրա հետ հաշվի նստելու, մինչդեռ Հայաստանում կարող է իրավիճակ փոխվել»:
Հարցազրույցի մանրամասները կարդացեք «Առավոտ»-ի առաջիկա համարում:
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ