Նախորդ օրը ուղեղի ցնցումով հիվանդանոց տեղափոխված ArmeniaToday կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանը այսօր նույնպես մասնակցում էր ընդդեմ ոստիկանության բռնությունների ակցիային:
Ըստ նրա, վերջին շրջանում ռեժիմը ռեպրեսիայի է ենթարկում քաղաքացիական ակտիվիստներին. «Ռեժիմը, օգտագործելով կրիմինալի եւ ոստիկանական իր լծակները, փորձում է մեկուսացնել ակտիվիստներին, սերմանել վախի մթնոլորտ: Այն գործողությունները, որոնք կատարվում են` քաղաքապետարանի առջեւից եւ Կոմիտաս 5 հասցեից ապօրինաբար ակտիվիստներին տանում են ոստիկանական բաժանմունքներ, ծեծում, հայհոյում, խոշտանգում եւ դրան ավելացնում եմ` կրիմինալի գործողությունները: Քաղաքապետարանի դիմաց ակտիվիստների որս է սկսվել, բայց սրանք հատուկենտ խնդիրներ չեն, ռեժիմի ծրագրած գործողություններից են: Այս պարագայում հասարակությանը սպասում են նոր ռեպրեսիաներ»:
Ոստիկանությունն էլ որպես կառույց, նա համարեց որպես անբավարարվածների ոհմակ: Միջամտեց Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, սաստեց` պահանջելով կոռեկտ լինել ոստիկանությանն ուղղված հայտարարություններում:
Ակտիվիստներն արձագանքեցին, սկսվեց ակտիվիստ–ոստիկան երկխոսությունը: «Մի’ խոչընդոտեք հավաքի ընթացքը, մենք կոռեկտ ենք, դուք կոռեկտ եղեք»,- ասեցին ակտիվիստները, հետո պահանջեցին` հեռացեք:
Կարդացեք նաև
Իր դժգոհությունները ներկայացրեց ակտիվիստ Ռուզան Գրիգորյանը. «Հուլիսի 20-ից սկսած մինչեւ օրս «Վճարում ենք 100 դրամ» նախաձեռնության ակտիվիստների նկատառմամբ ոստիկանները, ԱԱԾ աշխատակիցները իրականացնում են շարունակական հետապնդումներ`այցելելով նրանց տներ, աշխատավայրեր, սպառնալիքներ հնչեցնելով նրանց և նրանց հարազատների հասցեին»: Հետո ասաց, որ չեն ապահովում նստացույցի մասնակիցների անվտանգությունը, քաղաքի տարբեր հատվածներում թալանում են ակտիվիստներին. «Այս ամենից ելնելով` կարող ենք ենթադրել, որ այս գործողությունները տեղի են ունենում ոստիկանության թույլտվությամբ կամ առնվազն թողտվությամբ…ակնհայտ է, որ ոստիկանությունը դարձել է քաղաքական որոշումների իրականացման ռեպրեսիվ գործիք»:
Ռուզանը նաեւ հարցադրումներ ներկայացրեց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր գասպարյանին. «Դուք`ի վիճակի՞ եք ապահովել Հայաստանի քաղաքացիների անվտանգությունը, հայտնաբերել եւ պատասխանատվության ենթարկել հանցագործներին, որոնք ոտնձգություններ են անում խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ: Ի վիճակի՞ եք հայտնաբերել եւ պատասխանատվության ենթարկել այն ոստիկաններին, որոնք սեռական ոտնձգություն են իրականացնում քաղաքացիների նկատմամբ, ի վիճակի՞ եք հասկանալ, որ գործ ունեք իրավագիտակից, քաղաքացիական կեցվածք ունեցող քաղաքացիների հետ, որոնք այստեղ, այս պահին կերտում են իրավական պետություն»:
Ակտիվիստները այսօր ակցիային մասնակցում էին վանկարկելով` «Վովա, աղոթելուդ վախտն ա»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ