«Ամերիկայի Ձայն». «Ռուսաստանի հետ Սիրիայի հարցով բանակցությունների հետաձգումն իրականացվել է այս երկրում քիմիական զենքի կիրառման մասին հաղորդագրություններին արձագանքի վերաբերյալ շարունակվող խորհրդակցությունների լույսի ներքո»
Միացյալ Նահանգները հետաձգել է Ռուսաստանի պաշտոնյաների հետ Սիրիայում ստեղծված իրավիճակը քննարկելուն նվիրված հանդիպումը, որը պետք է անցկացվեր Հաագայում այս շաբաթվա վերջին:
ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակը երկուշաբթի ուշ երեկոյան ասել է, որ Ռուսաստանի հետ Սիրիայի հարցով բանակցությունների հետաձգումն իրականացվել է այս երկրում քիմիական զենքի կիրառման մասին հաղորդագրություններին արձագանքի վերաբերյալ «շարունակվող խորհրդակցությունների» լույսի ներքո:
Ռուսաստանի փոխարտգործնախարար Գենադի Գատիլովը, արձագանքելով բանակցությունները հետաձգելու մասին ամերիկյան կողմի որոշման, նշել է, որ Ռուսաստանն ափսոսանք է արտահայտել ԱՄՆ-ի որոշման կապակցությամբ:
Կարդացեք նաև
ԱՄՆ-ի Սպիտակ տան խոսնակը նախօրեին ասել է, թե «կա շատ քիչ կասկած» այն մասին, որ Սիրիայի կառավարությունը քիմիական զենք է կիրառել, սակայն Ռուսաստանի իշխանությունները հերքել են Սիրիային ներկայացվող մեղադրանքները՝ ասելով, թե Արևմուտքի պետությունները պետք է տրամադրեն նման հարձակում կատարելու մասին ապացույցներ:
Արմեն Հովհաննիսյան