Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվեցին ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման ուղղությունները

Օգոստոս 27,2013 17:30

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այսօր ընդունեց ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի եվրոպական տարածաշրջանի և Կենտրոնական Ասիայի գրասենյակի տնօրեն Ժան-Էլի Մալկինին։ Ողջունելով հյուրին, Դերենիկ Դումանյանը բարձր գնահատեց գրասենյակի ջանքերը Հայաստանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի և կանխարգելման ուղղությամբ։ Նա միաժամանակ նշեց, որ թեև արդյունքներն ակնհայտ են, սակայն դեռևս շատ անելիքներ կան։ 
Ժան-Էլի Մալկինը ևս ընդգծեց Հայաստանի ձեռքբերումները ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ին հակազդման գործում` առանձնացնելով հատկապես այն, որ իրականացված միջոցառումների շնորհիվ 2007-ից ի վեր վարակակիր մորից երեխային ՄԻԱՎ վարակի փոխանցման որևէ դեպք չի արձանագրվել, իսկ 2001-ից ի վեր չի եղել դոնորական արյան միջոցով փոխանցման ոչ մի դեպք: Նրա կարծիքով տարածաշրջանում շահեկան դիրք ունենալուն նպաստում է նաև այն հանգամանքը, որ կանխարգելիչ աշխատանքները հավասարապես կիրառվում են ինչպես Երևանում, այնպես էլ` մարզերում։
Ներկայացնելով ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի նոր ռազմավարությունը, ՄԱԿ-ի տարածաշրջանային գրասենյակի տնօրենը նշեց, որ ծրագրի նոր փուլ է սկսվել, ինչը ենթադրում է բուժման առաջնահերթությունն ամբողջ աշխարհում։ Այն դիտարկվում է ոչ միայն անհատի առողջացման, այլև հիվանդության հետագա տարածման կանխարգելման արդյունավետ միջոց։ Ժան-Էլի Մալկինը նշեց, որ այս առումով դեռևս լուրջ անելիքներ կան նաև Հայաստանում։
Իրավիճակային վերլուծությունը ցույց է տալիս, որ հաշվարկային տվյալներով Հայաստանում կա շուրջ 3 500 ՄԻԱՎ վարակով ապրող մարդ։ Հիմնական խոցելի խումբը ներկայումս աշխատանքային միգրանտներն են` կազմելով 2012թ. գրանցված ՄԻԱՎ վարակի դեպքերի 60 տոկոսից ավելին։
Ժան-Էլի Մալկինը հիշեցրեց, որ 2012-ի դեկտեմբերին Ռուսաստանի Դաշնության հետ կնքված հուշագրի արդյունքում ՄԱԿ-ի Միացյալ ծրագիրը Հայաստանում իրականացնում է Ռուսաստանի Դաշնության կողմից ֆինանսավորվող Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում ՄԻԱՎ և հարակից վարակների (սեռավարակներ, հեպատիտներ) հակազդման 2013-2015թթ. ծրագիրը: Այն նախատեսվում է իրականացնել տարածաշրջանի չորս երկրներում` Հայաստանում, Կիրգիզիայում, Տաջիկստանում և Ուզբեկստանում: Բացի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման ազգային ծրագրերի իրականացմանն աջակցելուց ծրագրի հիմնական բաղադրիչներն են ՄԻԱՎ և հարակից վարակների համաճարակաբանական հսկողության համակարգի ամրապնդումը կանանց և երեխաների, միգրանտների, ինչպես նաև բնակչության խոցելի այլ խմբերում:
Տարածաշրջանային գրասենյակի տնօրենը նախարարին նաև ներկայացրեց, որ դեռ մեկ տարի առաջ, գնահատելով ծրագրի աշխատանքները, ՄԱԿ-ում որոշում է կայացվել կովկասյան երեք հանրապետությունում փակել ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի տեղական գրասենյակները։ Իսկ դա ենթադրում է տարածաշրջանային գրասենյակի ուղղակի համագործակցություն ազգային կառավարությունների հետ։ Նախարար Դումանյանը վստահեցրեց, որ ՀՀ առողջապահության նախարարությունը կշարունակի ակտիվորեն աշխատել կարևոր այդ ծրագրի իրականացման ուղղությամբ։ Ծրագիրն այժմ ամբողջությամբ ֆինանսավորվում է ՄԱԿ-ի Գլոբալ հիմնադրամի կողմից։ 2015-ից ֆինանսական այդ աջակցությունը կավարտվի, և ծրագրի շարունակականությունն ապահովելու համար հարկ կլինի մի կողմից ՀՀ կառավարության կողմից ավելացնել բյուջետային հատկացումները, մյուս կողմից` նոր դոնորներ ներգրավել։
Այնուհետև քննարկվեցին ՄԱԿ-ի նոր ռազմավարական ծրագրի իրականացման ուղղությամբ մի շարք մանրամասներ։
Նախարարը տեղեկացրեց, որ առողջապահական խնդիրները գտնվում են Հայաստանի Հանրապետության նախագահի ուշադրության կենտրոնում, և այժմ լուրջ բարեփոխումներ են սկսվում բժշկական օգնության որակի բարելավման, ֆինանսական, կառուցվածքային, կադրերի պատրաստման և այլ ուղղություններով։
ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի եվրոպական տարածաշրջանի և Կենտրոնական Ասիայի գրասենյակի տնօրենը աջակցության իր պատրաստակամությունը հայտնեց ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման ազգային ծրագրի իրականացման գործում։

ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ԱՆԱՀԻՏ says:

    Ողջունելի է ՄԻԱՎ/ՁԻԱՀ հիվանդության նկատմամբ պետության հոգածությունը, քանի որ այն կանխում է հիվանդության տարածումը:Որքանով է այս հոդվածը համապատասխանում իրականությանը:Չէ որ ՀԵՊԱՏԻՏ-Ց – ն նույն պես ընդգրկվում է սուր վիրուսային վարակիչ հիվանդությունների ցանկում , որը տարածվում է նույն ճանապարհով , ինչ որ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը:Բայց ԱՌ.Նախարարությունը պատասխաբում է, որ այս հիվանդությունը պետ.պատվեր չունի և հիվանդներին չի կարողանում ապահովել հակավիրուսային դեղորայքով:Մեր երկրում հիվանդները դատապարտված են մահվան և շատ շատերը ակամա հանդիսանում են հիվանդության տարածողներ , որովհետև անքամ տեղյակ չեն իրենց հիվանդության մասին:Ըստ այս հոդվածի ՀԵՊԱՏԻՏ-Ց-ն ընդգրկված է այս ծրագրի մեջ , բայց իրականում ոչ:Խնդրում եմ լուսաբանեք , այս թեման իրականում ծրագրում ընդգրկված է , թե ոչ: Եթե ոչ ապա ինչու:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031