Լրահոս
Օրվա լրահոսը

Հայրիկյանի վրա կրակողի պաշտպանը խնդրում է ճանաչել նրա անմեղությունը (Ֆոտոշարք)

Օգոստոս 27,2013 16:22
PrevPhoto
NextPhoto

ԱԻՄ առաջնորդ, ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործով այսօր պաշտպանական ճառով հանդես եկավ նրա վրա կրակած Խաչատուր Պողոսյանի պաշտպան Լյուդվիգ Ավետիսյանը։ Պաշտպանն ասաց, որ տարաբնույթ մեկնաբանություններ կան առհասարակ աղմկահարույց գործերի հետ կապված։ Որպես կանոն, ըստ պաշտպանի, նման աղմկահարույց դեպքերը կամ ամբողջությամբ չեն բացահայտվում կամ բազմաթիվ կասկածներ մնում են չփարատված։

Պաշտպանն անդրադարձավ վկաների ցուցմունքներին՝ հայտնելով, որ վկաները վկայություն են տվել ոչ թե դեպքի պահին կատարվածի մասին, այլ ինչ-որ թրմփոցի, կրակոցի նման ձայնի, պայթյունի, օգնության կանչերի մասին։ Վկաները, ըստ պաշտպանի, եղել են Պարույր Հայրիկյանի հարազատները եւ հարեւանը, Տպագրիչների փողոցում ապրող բնակիչները։

Նա հրապարակեց վկաների՝ դատարանում տված ցուցմունքները հատ-հատ, որտեղ նկարագրվել են նաեւ դեպքից առաջ նրանց գործողությունները՝ հեռուստացույց էին նայում, համակարգչի մոտ էին նստած, լվացքի մեքենա էին նորոգում։

Պաշտպանը ուշադրություն հրավիրեց թե Պարույր Հայրիկյանի, թե իր պաշտպանյալ Խաչատուր Պողոսյանի այն ցուցմունքներին: Երկուսն էլ հայտնել էին, որ Պարույրը կպել էր բակում կայանված ավտոմեքենային, որի ձայնային ազդանշանը միացվել էր։ Սակայն վկաներից որեւէ մեկը չէր լսել ավելի բարձր ձայնային ազդանշանը, իսկ փոխարենը լսել էին կրակոցի, օգնության կանչի ձայներ, ինչը տարօրինակ համարեց պաշտպանը։

Լյուդվիգ Ավետիսյանը նաեւ նկատեց, որ Պարույր Հայրիկյանի նախաքննության ժամանակ հայտնել էր, որ Խաչատուրը մեկ մետր հեռավորությունից էր իր ուղղությամբ կրակել, մինչդեռ դատարանում հայտարարել էր, թե հեռավորությունը եղել է 15-20 սմ։

Պաշտպանն ասաց, որ մեղադրյալը, կասկածյալը, ամբաստանյալը պարտավոր չեն ապացուցել իրենց անմեղությունը, եւ որ ապացուցված չէ այն արարքը, որի կատարման մեջ մեղադրվում է Խաչատուր Պողոսյանը։

Խաչատուր Պողոսյանը ընդունել է միայն ապօրինի զենք-զինամթերք իր մոտ պահելը, եւ Պարույր Հայրիկյանին վախեցնելը, այլ ոչ թե նրան սպանելու մեղադրանքը։ Հետեւաբար, պաշպանը միջնորդեց անմեղ ճանաչել վերջին հոդվածի հետ կապված՝ պետական, քաղաքական գործչի գործունեությունը դադարեցնելու, սպանելու հոդվածը։

Նա խնդրեց, որ դատարանը հաշվի առնի այն հանգամանքը, որ ամբաստանյալն ունի մինչեւ 14 տարեկան երեխա, ընտանիքի միակ կերակրողն է, տառապում է շաքարային դիաբետով, իրեն մասնակի մեղավոր է ճանաչել, եւ աջակցել է նախաքննության մարմնին։

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031