«Ամենուր լսում ենք ցածրորակ, անճաշակ երաժշտություն, որի դեմ պայքարն անիմաստ է: Եթե այդ անճաշակության կողքին ստեղծենք լավ, որակյալ ու հարուստ երաժշտություն, ապա ունկնդրողը բնազդորեն կվայելի ու կլսի միայն լավը»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ թատերահամերգային դահլիճներում իրականացվելիք աշնանային ծրագրերի մասին նշեց Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն Գագիկ Մանասյանը:
2013թ.-ին աշնանային ծրագրերը հագեցած կլինեն բազմաբնույթ միջոցառումներով՝ փառատոներ, համերգներ, հյուրախաղեր, հոբելյաններ, պրեմիերաներ: Սեպտեմբերի 10-ին Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերային ներկայացմամբ կմեկնարկի Ալ. Սպենդարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի հոբելյանական 80-րդ թատերաշրջանը:
«Արամ Խաչատրյան» համերգասրահում սեպտեմբերի 11-ից հոկտեմբերի 25-ը մեկնարկում է Երեւանյան 7-րդ երաժշտական փառատոնը՝ նվիրված հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 110-ամյա հոբելյանին, որը ներկայացնում է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը: Կամերային երաժշտության ազգային կենտրոնի աշնանային ծրագրերի առանցքում են հայկական ավանդական, ժամանակակից, դասական եւ մասնավորապես Կոմիտասի երաժշտությունը:
Պահպանելով համերգասրահի ավանդույթները՝ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում յուրաքանչյուր երեքշաբթի եւ հինգշաբթի կկայանան հայկական ժողովրդական, ազգագրական, գուսանական երաժշտության համերգներ՝ Հայաստանի ժողովրդական նվագարանների նվագախմբի, գուսանական երգի պետական համույթների, ինչպես նաեւ այլ անսամբլների մասնակցությամբ:
Կարդացեք նաև
Պրն. Մանասյանի խոսքով, մեծ կարեւորություն ունեն «Ֆոլկմոդեռն» նորաստեղծ անսամբլի շնորհանդեսը, «Ոչ միայն զենքով, այլ նաեւ երգով, պարով պիտի հաղթենք» ծրագիրը, դպրոցական ֆիլհարմոնիայի դաս-համերգները, որոնք սեպտեմբերի 21-ից օնլայն եղանակով կցուցադրվեն համացանցով: Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի կողմից կկազմակերպվեն 150-ից ավելի միջոցառումներ:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ