«Շինարարներն այսօր չեն եկել, բայց եկել են ոստիկանները եւ որոշ բնակիչների հրավիրել են ոստիկանություն, իսկ մարդկանցից շատերը հիմա վախեցած են»,- ասաց Կոմիտաս 5 հասցեի հարակից շենքի բնակիչներից մեկը, որն այլ բնակիչների հետ՝ այսօր առավոտյան կրկին եկել էր կառուցվելիք շենքի դիմաց, որպեսզի կանխեն սկսված շինարարության շարունակությունը:
Բնակիչներին շատ էր զայրացրել ոստիկանության այցը եւ նրանցից մեկը մեզ հետ զրույցում նշեց. «Ուրիշ ժամանակ այդ ոստիկան բարձր պաշտոնյաները հայտարարություն են անում, որ իրենք ընդհանրապես այս հարցի հետ կապ չունեն եւ իրենք քաղաքականացված չեն, բա ինչո՞ւ են այս հարցերով կանչում մեզ»:
Մեր այն հարցին, թե կոնկրետ ի՞նչ վնաս կտա կառուցվեիք շենքը իրենց, նրանցից մեկը պատասխանեց. «Այ, նայեք այս շենքին, որտեղ ես ապրում եմ: Իրենց շինարարության ժամանակ մեր շենքի նախ այն վերեւի քարը ընկավ, հետո էլ այն ներքեւի քարերը: Այս շենքը վթարային շենք է: Հիմա թող գան՝ մեզ բոլորիս փող տան, մենք ուրիշ տեղ տուն առնենք ու այս մեր շենքերն էլ քանդեն: Մենք չենք խոսի: Էն է, այդ դղրդյունի պատճառով մեր հարեւանի առաստաղն է ճաքել, այն մյուսի դուռն է ընկել, իսկ իրենք ասում են ոչինչ, դա վաղուց է եղել: Բացի այդ, ո՞ր մեկը կհամաձայնվի, որ իր դիմացը մեկ մետրի վրա 7 հարկանի շենք կառուցեն»:
Կարդացեք նաև
Մեկ այլ բնակիչ էլ հավելեց. «Բացի այդ, ենթակայանը եղել է 3 շենքերից թույլատրելի հեռավորության վրա, իսկ հիմա մոտեցրել են մյուս շենքին, որն անթույլատրելի է: 60 թվականի շենքեր են սրանք, իսկ նրանք այդ շենքերից 3 մետրի վրա արդեն 4 մետրանոց փոս են փորել ու շարունակում են փորել: Իսկ դա մեր շենքերի հիմքն է թուլացնում: Հիմա եթե երկրաշարժ լինի եւ տունը փլվի, ումի՞ց ենք պատասխան պահանջելու»:
Բնակիչներն ասացին, որ չեն պատրաստվում տեղի տալ. «Մենք առավոտից մինչեւ ուշ ժամ այստեղ ենք լինում, ինչպես նաեւ հսկում ենք շենքերից, որպեսզի տեսնենք գործ արվո՞ւմ է, թե՞ չէ: Սկզբնական շրջանում մենք մուտքը փակում էինք, որ ոչ մեկը չմտնի: Չորս կողմից ցանկապատած է այստեղ եւ երբ որ նրանք մտնում էին աշխատելու, մենք տարբեր տեղերից ներս էինք մտնում եւ խանգարում էինք նրանց: Բայց հետո իրանք բերեցին չորս կողմով ոստիկաններ կանգնեցրեցին եւ արդեն հնարավոր չեր ներս մտնել ու խանգարել, իսկ մենք չենք կարող նստել եւ տեսնել փոսը ինչքան են փորում, դրա համար մենք սկսեցինք փողոցը փակել, այլընտրանք չունեինք»:
Բնակիչների հետ զրույցի ժամանակ եկան երկու ոստիկաններ եւ ներկայացրին ծանուցագրեր, ըստ որոնց՝ որոշ բնակիչներ հրավիրվում էին ոստիկանություն: Բնակիչները տեսնելով ոստիկաններին՝ սկսեցին բղավել. «Ինչո՞ւ եք եկել: Ուզում եք վախեցնե՞լ մարդկանց: Ծեծեցիք, սպանեցիք, հիմա էլ մարդկանց տանում եք ոստիկանություն»: Ոստիկանները բացատրեցին բնակիչներին, որ իրենք եկել են միայն ծանուցագրերը հանձնելու եւ նրանք կարող են գնալ կամ չգնալ ոստիկանություն, սակայն բնակիչներից ոչ մեկը չհամաձայնեց գնալ՝ ասելով, որ իրենք կներկայանան միայն փաստաբանի հետ:
Անի ՔԵՇԻՇՅԱՆ