Արագածոտնի մարզի Վարդենիս գյուղի միջնակարգ դպրոցը 1988 թ. երկրաշարժից հետո 4-րդ կարգի վթարայնություն ուներ: Աշակերտների ծնողները դպրոցի հարցով դիմել էին անգամ ՀՀ նախագահին, շենքի անմխիթար վիճակի մասին բազմիցս գրել էր մամուլը:
Անցյալ տարի ձմռանը ծնողները նույնիսկ հրաժարվել էին դպրոց ուղարկել երեխաներին՝ անհանգստանալով նրանց անվտանգության մասին:
Դպրոցի տնօրեն Ավետիք Ավետիսյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ պետական ֆինանսավորմամբ դպրոցն արդեն վերակառուցվում է եւ հույս ունեն մյուս տարի բարեկարգ շենքում կրթություն իրականացնել: Նա նշեց, որ գյուղի դպրոցը ժամանակին շուրջ 500 աշակերտ ուներ, իսկ այժմ այդ թիվը նվազել է, սաները ընդամենը 100-ն են: Պատճառը, ըստ Ավետիք Ավետիսյանի, արտագաղթն է, որոշ վարդենիսցիներ էլ ընտանիքներով տեղափոխվել են Երեւան:
Մեր զրուցակիցն ասում է, որ դպրոցում աշխատում է 26 ուսուցիչ, որոնք իրենց գործը որակյալ եւ սիրով են անում: Առանց կրկնուսույցի մոտ պարապելու, տնօրենի հավաստմամբ, աշակերտներն ընդունվում են բուհեր: Իրենց գործը շատ սիրով անում են: 13 շրջանավարտից 5-ը ընդունվել է պետական բուհեր: Այս տարի 15 առաջինդասարանցի ունեն:
Կարդացեք նաև
Տնօրենը նշում է, որ, բարեբախտաբար, իրենց դպրոցը զուտ աշակերտների թվով չի ֆինանսավորվում եւ որոշակի դոտացիա է ստանում՝ իբրեւ լեռնային շրջանի եւ տարածաշրջանի միակ դպրոց: Բայց դա հարցի լուծում չէ:
Ավետիք Ավետիսյանը հայտնեց, որ տնօրենների օգոստոսյան խորհրդակցության ժամանակ որոշել է այդ խնդիրը հնչեցնել, նույնիսկ ելույթ է նախապատրաստել. «Կարծում եմ, որ գյուղական շրջաններում աշակերտների թվով ֆինանսավորումը պետք է իսպառ վերացվի, եւ պետությունը դպրոցների ծախսերը լրիվ իր վրա վերցնի: Ճիշտ է, մեզ համար ինչ-ինչ արտոնություններ կան, ինչի համար շնորհակալ ենք: Աշակերտների թվով ֆինանսավորումը կարող է գործել, օրինակ՝ Երեւան քաղաքում, որտեղ դպրոցը 1000-1200 աշակերտ ունի: Ինչ վերաբերում է մեր դպրոցին, այդ դպրոցը 3000 քմ տարածք ունի, ընդամենը 3 հավաքարար ենք պահում, մինչդեռ ժամանակին դպրոցը 8 հավաքարար ուներ: Ի դեպ, մանկավարժի պակաս չունենք, նույնիսկ մի քիչ շատ են, բայց ախր չես կարող մարդուն հացից կտրել, դա ամենավատ բանն է»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ