Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընթանում է մի բարբարոսական եւ վանդալական հարձակում». Արմեն Պողոսյան

Օգոստոս 27,2013 14:44

Ամառն անցավ առանց առողջապահական մեծ խնդիրների՝ մասնավորապես համաճարակների եւ սննդային թունավորումների: Այս կարծիքն այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում հայտնեց Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը: Սակայն նա պնդեց, որ մեր երկրում կա ոչ միայն վտանգավոր սննդի խնդիր, այլեւ այդ սննդի պահպանման եւ օգտագործման խնդիր. «Մենք ընդամենը ունենք ճիշտ կողմնորոշվելու խնդիր»:

Պարոն Պողոսյանը անվտանգ սնունդ օգտագործման եւ հանրության ճիշտ կողմնորոշման լուծումը տեսնում է թափանցիկության մեջ.

«Մենք առողջ ապրելակերպի մասին շատ խավար պատկերացումներ ունենք: Պետական մարմինները, մամուլը եւ հասարակությունը պետք է աշխատեն սերտ կապի մեջ: Հասարակական կազմակերպությունները եւ մամուլը պետք է աշխատեն հանրությանը օպերատիվ կերպով տեղեկացնելու համար»:

Անդրադառնալով Երեւանի քաղաքաշինության խնդիրներին, նա վրդովմունքով ասաց, որ «այս րոպեին ընթանում է մի բարբարոսական եւ վանդալական հարձակում մեր կանաչ տարածքների, զբոսայգիների վրա»:

Բերեց օրինակ Շառլ Ազնավուրի անվան հրապարակը, որտեղ Նիկողայոս Բունիաթյանի սարքած հյուրանոցում կառուցվում է կցակառույց:  «Այս բարբարոսական արշավը սկսեց քաղաքապետի նախընտրական շրջանում»,- հայտարարեց նա եւ ավելացրեց, որ շինարարությունը անիմաստ փող վատնելու տեղ է:

Խոսելով տրանսպորտի խնդիրներից, նա ասաց, որ այդ խնդիրը հավերժական խնդիր է: Նա դժգոհ չէ տրանսպորտի օպերատիվ կառավարման խնդրից, սակայն չի տեսնում որեւէ հեռանկար դրա զարգացման մեջ:

Հայտարարեց, որ էլեկտրատրանսպորտը ոչնչացվում է նպատակասլաց ձեւով. «Հնարավոր չէ՞ր քսան տարում կառուցել մետրոյի գոնե մեկ կանգառ»:

Պարոն Պողոսյանի կարծիքով՝ քաղաքապետարանի միակ ճիշտ որոշումը վճարովի կայանատեղիներն են: Սակայն դրանց մեջ նույնպես նա տեսնում է խախտումներ: «Կարելի էր գոնե վճարումը կատարել կտրոնների միջոցով կամ գոնե այլ կերպ: Բայց կան մարդիկ, որոնք անգամ հեռախոսից օգտվել չգիտեն, ինչպե՞ս հաղորդագրության միջոցով կատարեն վճարումներ»:

Նա հայտարարեց, որ տուգանքը պետք է լինի մարդու եկամուտներին համապատասխան. «Ինչպե՞ս կարող է 50.000 դրամ աշխատավարձ ստացող մարդը վճարել 50.000 դրամ տուգանք»:

Օֆելյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031