Լրահոս
Օրվա լրահոսը

Էպոսագետի պաշտպանն ավարտեց իր՝ 1 ժամ 20 րոպեանոց ճառը

Օգոստոս 27,2013 14:35

Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Պարույր Հայրիկյանի դեմ հունվարի 31-ի մահափորձի գործով դատական վիճաբանությունների փուլը։

Պաշտպանական ճառով հանդես եկավ ըստ գործի նյութերի՝ պատվիրատու, ՀՀ նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը։ Նրա ճառը տեւեց 1 ժամ 20 րոպե։

Պաշտպան Սիրունյանը դատարանի ուշադրությանը հրավիրեց նախաքննության եւ դատաքննության ժամանակ ձեռք բերված ապացույցներին, ամբաստանյալներ Խաչիկ Պողոսյանի, Սամվել Հարությունյանի ցուցմունքներին, իր պաշտպանյալ Վարդան Սեդրակյանի գործողություններին։

Նա ասաց, որ իր պաշտպանյալը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 305 հոդվածի հատկանիշներով՝ պետական, քաղաքական գործչի սպանության, որն ուղղված էր նրա գործունեությունը դադարեցնելուն։ Հոդվածին հղում անելով, Ա. Սիրունյանը հռետորական հարց տվեց՝ հայտարարելով, որ գործով ձեռք չի բերվել այնպիսի ապացույց, որը կհստակեցներ հետեւյալ հարցի պատասխանը. Հայրիկյան քաղաքացո՞ւ, թե՞ քաղաքական գործիչ Հայրիկյանի դեմ է իրականացվել մահափորձը։

Անդրադառնալով քաղաքական գործիչների սպանության շարժառիթներին, նա նշեց դրանցից մի քանիսը՝ վրեժ, նախանձ, նյութական շահ։ «Իմաստը ո՞րն է, Պողոսյանը, Հարությունյանը իմաստ չեն ունեցել սպանելու, Սեդրակյանն ունեցե՞լ է, ո՛չ։ Սեդրակյանն ու Հայրիկյանը երբեւէ չեն շփվել։ Ասել, թե Հայրիկյանի գործունեությունը խոչընդոտում էր Սեդրակյանին՝ սուտ կլիներ, ասել, թե Սեդրակյանը համաձայն չի եղել նրա քաղաքական հայացքներին՝ սուտ կլիներ։ Բերեք հասկանանք. եթե գործիչները՝ հին թե նոր, նախանձելու բան էլ չունեն, տհաճություն էլ չունեն, մնում է նյութական շահը։ Այ թե ում էր սա պետք, ո՞վ կարող էր օգտվել, եւ ով էլ օգտվել է, դեռ շարունակելու է, չոր, նյութական շահ է ունեցել ինչ-որ մեկը, որը չենք բացառում»,- ասաց Ա. Սիրունյանը։

Ըստ պաշտպան Սիրունյանի տրամաբանության՝ նախագահի թեկնածուի վրա կրակելը դեռ չի նշանակում, թե կրակել են քաղաքական գործչի վրա։ Նա ասաց, որ կան չփարատված կասկածներ, որոնք դատարանը պետք է հօգուտ ամբաստանյալների լուծի։

Իր պաշտպանական ճառում պաշտպան Սիրունյանը անդրադարձավ նաեւ տուժող Պարույր Հայրիկյանի եւ նրա վրա կրակած Խաչիկ Պողոսյանի ցուցմունքներին, ասելով, որ այս երկուսն էլ պատմում են երկու տարբեր պատմություններ, որոնք չեն վերաբերում Վարդան Սեդրակյանին։ Նա ասաց, որ իր պաշտպանյալը պետք է արդարացվի, քանի որ օրենքով սահմանված է՝ պատվիրատու կարգավիճակ գոյություն չունի, կան կազմակերպիչ, օժանդակող, դրդող կարգավիճակներ։ «Սեդրակյանն ի՞նչ կապ ունի, ո՞ր հոդվածով եք ուզում դատել։ Ընդունենք, որ Սեդրակյանն է պատվիրել. ի՞նչ է ասել Պողոսյանին՝ վախեցնել Հայրիկյանին, ինչի՞ համար եք դատելու, Հայրիկյանին վախեցնելու համա՞ր, էդ վախեցնելու վարկածը իրավունք չունի ապրելու»,- հավելեց նա։

Անդրադառնալով Պողոսյանի կրակելու դիտավորությանը, նա ասաց, որ եթե խնդիր լիներ Հայրիկյանին սպանելու, ապա հաստատ Աֆղանստանի հետախուզության զորամասում ծառայածը չէր վրիպի։ Պաշտպանը անլուրջ համարեց այս ամբողջ քրեական գործը։

Նշենք, որ տուժող Հայրիկյանը այսօրվա դատական նիստին չէր մասնակցում։

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Անո says:

    Իսկ Հայրիկյանի տան մոտ կրկին կրակոցներ են լսվել,ասում է Շամշյանը:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031