Այս պահին ոստիկանության գլխավոր մասնաշենքի դիմաց հավաքված մի խումբ ակտիվիստներ բողոքի ակցիա են անցկացնում նախորդ օրերին Կոմիտասի հինգ հասցեում քաղաքացիների նկատմամբ ոստիկանների կիրառած բռնությունների դեմ:
Ակտիվիստները իրենց դժգոհությունն են հայտնում կատարվածի վերաբերյալ: Իրավապաշտպան Արթուր Սաքունցը հորդորեց հավաքի մասնակիցներին կոնտակտի մեջ չմտնել ոստիկանների հետ, իսկ ոստիկաններին էլ հորդորեց չխոչընդոտել հավաքի խաղաղ անցկացմանը:
Պարոն Սաքունցը Երեւանի քաղաքապետարանի դիմաց նստացույցի մասնակիցների, Կոմիտասի հինգ հասցեում բողոքի ցույց անցկացնող անձանց նկատմամբ կիրառված բռնություններն ու բերման ենթարկելու փաստերը համարեց ապօրինություն, որը, ըստ նրա, քրեորեն հետապնդելի է :
Ակտիվիստներն այս պահին հարցադրումներ են ներկայացնում ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին՝ ի վիճակի եք հասկանալ ու պատժել այն ոստիկաններին, որոնք քաղաքացիների նկատմամբ կիրառել են բռնություն, հայհոյել են եւ սեռական բնույթի քայլեր փորձել:
Ակտիվիստները նաեւ պահանջում են ոստիկաններից հեռանալ, պահանջում են պատասխանատվության ենթարկել մեղավոր ոստիկաններին:
Այս պահին ակտիվիստները սկսել են շարժվել դեպի Հանրապետության հրապարակ, այնուհետեւ՝ գլխավոր դատախազություն:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ