Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանը սատարում է հետադիմական Ադրբեջանին

Օգոստոս 27,2013 14:05

Ըստ Ռուբեն Մեհրաբյանի՝ ՌԴ-ն այդպես է վարվում՝ զգալով, որ իր ներկայությունը Հարավային Կովկասում վտանգվում է

– Պարոն Մեհրաբյան, ընդդիմադիր քաղաքական ուժերը դարձյալ միավորման կոչեր են հնչեցնում՝ փաստելով, որ իշխանության օրերը հաշված են: Իշխանության եւ ընդդիմության դիրքերը ինչպե՞ս եք գնահատում այս փուլում: Ֆորս-մաժորային իրավիճակների հասունացման հիմքեր տեսնո՞ւմ եք:

– Միակ ելքը, որը կարող է ապահովագրել մեզ ֆորս-մաժորներից եւ ողբերգական սցենարներից՝ դա բաց եւ հրապարակային երկխոսությունն է լայն օրակարգով՝ ներառելով թե՛ ներքաղաքական, թե՛ արտաքին քաղաքական, այդ թվում՝ անվտանգության կենսականորեն կարեւոր հարցերը: Այն պետք է միտված լինի իրական, արմատական եւ համակարգային բարեփոխումների իրականացմանը լայն հասարակական եւ քաղաքական կոնսենսուսի հիման վրա, այն գիտակցումով, որ բոլորս մի նավի մեջ ենք: Եվ ներկայիս իրավիճակում միանշանակ է, որ այդպիսի երկխոսության նախաձեռնողը պետք է լինի, պարտավոր է լինել հենց ինքը՝ իշխանությունը: Կասկած չունեմ, որ մենք ուղղակի ժամանակ ենք մսխում՝ դրանով իսկ մսխելով նաեւ մեր պետականության արդեն իսկ զգալիորեն մաշված ռեսուրսը, ինչն անընդունելի է: Այսպես մենք պետականություն կկորցնենք:

– Վերջերս commonspace.eu-ին տված հարցազրույցում ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը նշեց. «Մաքսային միությունը խոչընդոտ է Ասոցացման պայմանագրի ստորագրմանը»։ ՌԴ-ի կողմից առաջիկա 2-3 ամիսներին հնարավոր ճնշումները Ձեր կարծիքով՝ կարո՞ղ են հանգեցնել նրան, որ ՀՀ իշխանությունները հրաժարվեն նախաստորագրումից:

– Կարծում եմ՝ սա ուշացած խոստովանություն է, որ այդ՝ «մաքսային միություն» կոչվածը խոչընդոտ է: Այն ոչ միայն խոչընդոտ է ԵՄ հետ Ասոցացման պայմանագրի համար, այլեւ սպառնալիք հայկական պետականությանը: Իսկ ուշացած է, որովհետեւ հակառակ դեպքում անձամբ Սերժ Սարգսյանի թեթեւ ձեռքով չէր դրվի շրջանառության մեջ, այսպես կոչված, «եւ-եւ»-ի բովանդակազուրկ գաղափարը, ըստ որի՝ ենթադրաբար, հնարավոր է Եվրամիության հետ ինտեգրումը համատեղել Պուտինի՝ նեոկայսերական «հողահավաքի» գաղափարի վրա հիմնված ինչ-որ պրոյեկտների հետ: Իհարկե՝ ո՛չ: Դա ուղղակի ինքնախաբեություն է: Ավելին, Ասոցացման պայմանագիրը Հայաստանի համար քաղաքակրթական, պատմական, ռազմավարական առումներով պարզապես այլընտրանք չունի: Եվ չի կարելի խառնել արտաքին քաղաքականությունն առեւտրային ռեժիմի հետ: Հայաստանն, այո՛, պետք է ի վերջո ստորագրի Ասոցացման պայմանագիրը Եվրամիության հետ՝ դառնալով միացյալ Եվրոպայի ընդհանուր շուկայի մի մասը, ունենալով ազատ առեւտրային ռեժիմ այդ՝ կես միլիարդ վճարունակ սպառող ունեցող շուկայի հետ, որը ներկայումս մեր գլխավոր առեւտրային գործընկերն է: Եվ ամենեւին սա չի նշանակում Ռուսաստանի հետ թշնամանք կամ տնտեսական կապերի խզում: Հայաստանը եւ Ռուսաստանը հանդիսանում են Առեւտրի համաշխարհային կազմակերպության լիիրավ անդամներ եւ, ըստ այդմ, ստանձնել են միջազգային պարտավորություններ, որոնց շրջանակներում լիովին հնարավոր է նոր, քաղաքակիրթ ձեւաչափում հարաբերություններ ձեւավորել Ռուսաստանի հետ: Բայց դրա համար Հայաստանի դիվանագիտությունը ոչ թե պետք է իրադարձությունների պոչից դիտորդի կարգավիճակով հետեւի կամ զբաղվի վախվորած մեղմասացություններ թխելով, այլ հստակ ձեւակերպի մեր պետական շահը եւ ակտիվորեն հետապնդի այն:

Իսկ առաջիկա 2-3 ամիսների ընթացքում Ռուսաստանից ամեն ինչ սպասելի է: Այո՛, Հայաստանի կողմից նախաստորագրումը Ռուսաստանի սրտով չէ: Չնայած վերջին շրջանում ռուսական շրջանակները փորձում են մեզ համոզել, որ Հայաստանին չեն էլ սպասում Մաքսային միությունում, որ ճնշումներ Հայաստանի վրա չեն եղել, չկան եւ չեն լինելու, սակայն մենք չպետք է բթացնենք մեր զգոնությունը, չտրվենք ոչ գայթակղություններին, ոչ սպառնալիքներին: Մեր գրեթե 200-ամյա համատեղ ճանապարհը Ռուսաստանի հետ մեզ պետք է հուշի, որ սպասելի են թե՛ «օճառ» մեր ոտքերի տակ, թե՛ «կրակոցներ մեջքի հետեւից», թե՛ գործակալական ցանցի ակտիվացում ամենավճռորոշ պահին: Ուզում եմ հավատալ, որ Տերը բարեհաճ կգտնվի մեր նկատմամբ, այդ ճիգերն իզուր կանցնեն, եւ մենք իրականություն կդարձնենք մեր՝ արդեն իսկ կայացրած քաղաքակրթական ընտրանքը:

– ՌԴ մաքսային ծառայությունը կասեցրել է ուկրաինական ողջ արտահանումը, ինչը գնահատվում է որպես ՌԴ-ի կողմից քաղաքական որոշում՝ կապված այն բանի հետ, որ Ուկրաինան դիմադրում է՝ չցանկանալով միանալ Մաքսային միությանն ու Եվրասիական դաշինքին: ՌԴ-ի կողմից առեւտրային պատերազմը ինչի՞ մասին է վկայում, այս նյարդերի պայքարը ինչո՞վ կարող է ավարտվել ՌԴ-ի համար:

– Միանշանակորեն, սա Ռուսաստանի կողմից սանձազերծված քաղաքական արշավ է, համալիր պատժիչ գործողություն, որն ուղղված է Ուկրաինայի տնտեսական հիմքերի խարխլմանը, ինչո՞ւ ոչ՝ նաեւ ներքաղաքական իրավիճակի ապակայունացմանը, որպեսզի անհաղթահարելի խոչընդոտներ ստեղծելով՝ վիժեցվի Ասոցացման պայմանագրի ստորագրումը: Վստահ եմ, որ Կրեմլի այս, ըստ Պուշկինի՝ «անիմաստ եւ անողոք» քայլն ուղղակի ավելի կարագացնի Ուկրաինայի ընթացքը դեպի Արեւմուտք, ինչի շուրջ այնտեղ վաղուց առկա է կոնսենսուս իշխանության, ընդդիմության եւ հասարակության միջեւ: Եվ Ուկրաինան Վիլնյուսում կստորագրի Ասոցացման պայմանագիրը: Իսկ Ռուսաստանի համար այս ամենը կվերջանա նրանով, որ նա կհաշտվի այն մտքի հետ, որ հնարավոր չէ ստորացնել եւ ծնկի բերել 45 միլիոնանոց մի անկախ պետություն, որը որոշել է դառնալ քաղաքակիրթ աշխարհի արժանի եւ անբաժանելի մասը: Վստահ եմ նաեւ, որ սա էապես կփոխի հետխորհրդային տարածքի աշխարհաքաղաքականությունը՝ սնանկ դարձնելով Պուտինի ողջ արտաքին քաղաքական ռազմավարությունը, քանզի առանց Ուկրաինայի Մոսկվայի ոչ մի կայսերական կամ նեոկայսերական պրոյեկտ կենսունակ լինել չի կարող: Չեմ բացառում, որ Վիլնյուսից հետո Ռուսաստանում սկսվի ապակայունացման շրջան, քանզի պատմությունը ցույց է տալիս, որ ներքին դժգոհություններն այդ երկրում արտաքին քաղաքական անհաջողությունների ֆոնին կարող են հասնել գագաթնակետին: Իսկ Ուկրաինայի «կորուստը» խիստ ցավոտ կարող է լինել ռուսական հասարակության համար:

– Վերջերս տեղի ունեցավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի աշխատանքային այցը Ադրբեջան: Ռուս-ադրբեջանական հարաբերությունները՝ տնտեսական, էներգետիկ, ռազմական ոլորտներում, սպառնո՞ւմ են Հայաստանին՝ որպես ՌԴ «ռազմավարական» դաշնակցի շահերին՝ ընդհանրապես, եւ մասնավորապես՝ ԼՂ խնդրում, որովհետեւ կարծիք կա, որ Պուտինի համար, այնուամենայնիվ, ԼՂ խնդիրը առաջնահերթ թեմաներից չէ:

– Հայաստանի համար գլխավոր սպառնալիքն այստեղ այն հանգամանքն է, որ վերջին հարյուրամյակի ընթացքում արդեն չորրորդ անգամ Ռուսաստանը՝ զգալով, որ իր ներկայությունը Հարավային Կովկասում վտանգվում է, օգտագործում է նույն սխեման. սատարում հետադիմական Ադրբեջանին կամ ադրբեջանցի հասարակության առավել հետադիմական եւ նախապաշարված շերտերին՝ քաջալերելով նրանց հայատյացությունը եւ ուղղելով ընդդեմ կայսրությունից պոկվել ցանկացող Հայաստանի եւ հայության: Այդպես է եղել 1905, 1917-18, 1988-91 թվականներին: Հուսով եմ՝ Ադրբեջանում եւս գիտեն, որ այսպիսի կայսերական կոմբինացիան բազմիցս հանգեցրել է աղետի ամբողջ տարածաշրջանում, եւ Ադրբեջանին դա եւս ոչ մի լավ բան ոչ միայն չի խոստանում, այլեւ ոչ պակաս սպառնալիք է:

Բացի դրանից, ներկայիս իրավիճակը թույլ չի տալիս Ռուսաստանին ազատորեն տնօրինել Ղարաբաղյան գործոնն իր շահերն առաջ տանելու հարցում: Ռուսաստանը երեք համանախագահ երկրներից ընդամենը մեկն է: Սակայն այս ցինիկ գործարքը, անշուշտ, կբարդացնի Ղարաբաղյան կարգավորման գործընթացը նրանով, որ էլ ավելի կկտրի Ադրբեջանին իրականությունից, կկոշտացնի նրա դիրքորոշումը, բայց էապես չի փոխի ստատուս-քվոն տարածաշրջանում: Այս գործարքը մի դրական դեր էլ ունեցավ: Հայաստանում ցրվեցին վերջին պատրանքները «մեծ եղբոր» երաշխիքների նկատմամբ: Դժվար է այստեղ պարոն Դուգինից ավելի լավ ձեւակերպել. Ռուսաստանը Կովկասում միմիայն իր կողմից է, այլ ո՛չ թե Հայաստանի կամ Ադրբեջանի: Ուստի Հայաստանն այլեւս չի կարող իրեն թույլ տալ այնպիսի «ճոխություն», ինչպիսին է «հավերժ բարեկամներ» կամ «հավերժ թշնամիներ» ունենալը, այլ պետք է բավարարվի «ընդամենը» իր հավերժ շահերով:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031