Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրն ու Սամը

Օգոստոս 27,2013 13:59

Եթե դուք համաձայն չեք մեր պապերի ասածի հետ, որ լավ հարեւանը վատ նախագահից լավ է, վաղը եկեք մեր տուն՝ ձեզ ծանոթացնեմ մեր հարեւանների հետ:

Սուրն ու Սամը ապահովում են իմ քաղաքական դիվերսիֆիկացիան, իսկ նորմալ մարդկային լեզվով ասած՝ ամեն ինչ անում են, որպեսզի ես միակողմանիորեն չգնահատեմ հայաստանյան բազմաշերտ իրականությունը:

Սամը կարեւորագույն պաշտոնյա է պետեկամուտների կոմիտեում, ունի բավական մեծ պետեկամուտներ, ու նրան այնտեղ, բնականաբար, Սամ չեն ասում, այլ Սամվել Կարպիչ: Միանգամից խոստովանեմ, որ սիրում եմ Սամին շահագրգիռ սիրով՝ ոչ թե նրա համար, որ բավական մեծ պետեկամուտներ ունի ու նաեւ աղջիկ, որի հետ ուզում էի Արամիս ամուսնացնել, այլ Սամի սամուսի պատճառով: Այդպես է նա անվանում ֆրանսիական կոնյակը: Ու որքան էլ ես բացատրում եմ, որ այդ կոնյակը «Կամյու» է կոչվում, միեւնույն է՝ ասում է՝ «Արի մի-մի հատ էլ էս սամուսով խմենք հանրապետականների կենացը»: Այո, ինքը ոչ միայն այդ տարօրինակ ֆրանսիական խմիչքն է սիրում, որից, ճիշտն ասած, օծանելիքի հոտ է գալիս, ինքը ուրիշ տարօրինակ բաներ էլ է սիրում, օրինակ՝ Բրիթնի Սփիրսին եւ իշխանություններին:

Սամի դրական կենացները՝ ծնողներով, կանանցով, երեխաներով ու Գալուստ Սահակյանով ավարտվում են, ու սկսվում են գունագեղ հակակենացները Ազատության հրապարակում մարդկանց հավաքվող «պոռոտախոս դալբա…» ծնողների ու կանանց վերաբերյալ՝ երեխաներին նա ձեռք չի տալիս: Նրա դիպուկ բնորոշումներին ես չեմ առարկում, որովհետեւ որոշ մանրամասներից բացի՝ հիմնականում կիսում եմ Սամի քննադատական վերաբերմունքը պոռոտախոսների հանդեպ, միայն մտածում եմ՝ բայց խեղճ Արամս կդիմանա՞ ամենօրյա այս շինիչ վերլուծություններին: Էլ Բրիթնի Սփիրսի ամերիկյան ռաբիսի մասին չեմ ասում:

Սամը հիմնավոր մարդ է՝ նա պոռոտախոսներից յուրաքանչյուրի զազրելի կերպարը ներկայացնում է առանձին-առանձին, պատմական, դիալեկտիկական եւ ժամանակագրական զարգացման մեջ: Ճիշտ է, երբ հասնում է մի գործչի, որին, չգիտես ինչու, համեմատում է հայկական ազգային երաժշտական գործիքի հետ, թեեւ այդ գործիքը Բրիթնի Սփիրսի երգերում չի հնչում, ես Սամին համեստորեն հիշեցնում եմ, որ այդ գործչի դիալեկտիկական զարգացումը նրան բերել է հանրապետականների ընտրական ցուցակ: Սամը դադարեցնում է իր կառուցողական կենացները, եւ ես, առիթից օգտվելով, նրան հետագա հաջողություններ եմ մաղթում պետեկամուտների ավելացման պատասխանատու բնագավառում եւ ծլկում Սուրի մոտ:

Իմ մյուս հարեւանն էլ, ի դեպ, շատ տարօրինակ ճաշակ ունի՝ սիրում է մեր օլիգարխներից մեկի արտադրած անորակ օղին, Դեբյուսիի 8-րդ եւ 9-րդ սիմֆոնիաները եւ այն մարդկանց, որոնց վերաբերյալ գունագեղ կառուցողական վերլուծություններ է անում Սամը:

Սուրը նույնպես հիմնավոր մարդ է: Սա ասում եմ ոչ թե այն պատճառով, որ նա էլ շատ գեղեցիկ աղջիկ ունի, ու մեկ-մեկ մոռանում եմ Սամի պետեկամուտների մասին ու մտածում՝ ախր, Սուրի աղջիկը ավելի կսազեր Արամիս: Սուրը մասնակցում է Ազատության հրապարակում կազմակերպվող անխտիր բոլոր հանրահավաքներին, նույնիսկ եթե հավաքը հրավիրում է Շամշադինի շրջանի հայրենասեր անասնաբույժների ընկերակցության երիտասարդական թեւը: Եվ Սուրի տեղեկացվածությունը մեր իշխանության բոլոր արատներից արտահայտվում է նրա հանրահավաքային հյութալի բառապաշարի մեջ, որը նա երրորդ բաժակից հետո օգտագործում է իշխող կուսակցության այս կամ այն բարձրաստիճան անդամին նկարագրելիս: Ճիշտ է, յոթերորդ բաժակից հետո նրա լեզուն սկսում է նմանվել շեքսպիրյանին, եւ «ավազակ» ու «թալանչի» բնորոշումները իրենց տեղը զիջում են շատ ավելի կոնկրետ եւ իշխանությունների էությունը ավելի մանրամասնորեն նկարագրող որակումներին:  Եվ խոստովանեմ, որ բացի այդ կոնկրետ մանրամասներից՝ ես հիմնականում համաձայն եմ նրա կառուցողական վերլուծությունների հետ ճիշտ այնպես, ինչպես Սամի սամուսյան թեզիսների հետ եմ համաձայն:

Բայց երբ Սուրը հասնում է նախկին զինվորական դատախազի կառուցողական քննադատությանը, ես ստիպված եմ նրան հիշեցնել, որ այդ գործչի դիալեկտիկական զարգացումը բերել է նրան խորհրդարանի ընդդիմադիր խմբակցություն, ու Սուրը այլեւս չի օգտագործում շեքսպիրյան լեզվի լայն հնարավորությունները նախկին զինդատախազին բնորոշելու համար:

Այնպես ստացվեց, որ մինչ ես մտածում էի, թե ինչն ավելի քիչ տառապանքներ կպատճառի Արամիս, Սամի՝ օգոստոսյան թեզիսներ ու Բրիթնի Սփիրս լսե՞լը, թե՞ Սուրի կառուցողական հայհոյանքները եւ Դեբյուսիի 8-րդ եւ 9-րդ սիմֆոնիաները, տղաս չվեց ու թռավ օտար ափեր՝ նույնիսկ չմտածելով, որ թողնում է ինձ անտեր: Դե, ես էլ հո տիկին Արուսի նման չե՞մ մնալու նստած մենակ…

Վերջին 20 տարվա ընտրությունների ժամանակ ստացած ընտրակաշառքը հավաքեցի, տոմս գնեցի ու արձակուրդ գնացի Ավստրալիա՝ Արամիս մոտ: Մտածում էի՝ գոնե մի փոքր էլ կհանգստանամ Սուրի ու Սամի հասարակագիտական վերլուծություններից: Ո՞ւր էր թե: Պարզվեց, որ սխալ ժամանակ եմ եկել Սիդնեյ: Ավստրալիայում սեպտեմբերին կայանալու են համընդհանուր ընտրություններ: Արամս էլ երկու հարեւան ունի՝ Սթիվ ու Սեմ: Եվ մեկ Սթիվն էր կանչում իր տուն՝ կենգուրուի չալաղաջ ուտելու, ու հո չէր անցնում Թոնի Էբոթի վրայով, մեկ էլ Սեմն էր հրավիրում բադակտուցի քյուֆթայի ու մանրամասն բացատրում, թե ինչպես է այդ, իր խոսքերով՝ «XXL չափի հետույք ունեցող կնիկը»՝ Ջուլյա Գիլարդը, հիմնահատակ քանդել Ավստրալիան: Անգլերեն լավ չգիտեմ, միայն հիշում եմ՝ անընդհատ կրկնում էր «ասհոլ», «շիթ» ու «բուլշիթ» խոսքերը: Խեղճ կին:

Մի խոսքով՝ երկար չդիմացա: Վերադարձա իմ անուշ հայրենիք: Գնացի Սամենց տուն, որ պատմեմ, թե ինչպես եմ Ադելաիդայի կազինոներից մեկում հանդիպել Վանո Սիրադեղյանին: Ու Սամը հանկարծ ասաց՝ «Ես էս իշխանությունների… Խեղճ տղուն հայրենիքից զրկել են»: Ու մի երկու այնպիսի գունավոր որակում տվեց, որոնցով իշխանություններին սովորաբար նկարագրում էր Սուրը, եւ որոնց հետ ես, բացի որոշ մանրամասներից, ընդհանուր առմամբ համաձայն եմ: Ապշեցի: Սամուսը լցրեց ու բացատրեց, որ պետեկամուտների կոմիտեից հանել են, պետեկամուտներից էլ զրկել են: Շատ տխրեցի: Ու ոչ միայն այն պատճառով, որ մարդուն աշխատանքից ազատել են: Պարզապես մտածեցի՝ ախր, մինչեւ հիմա կյանքս շատ դիվերսիֆիկացված էր, հավասարակշռված, նույնիսկ կարելի է ասել՝ այլընտրանքային: Սամի մոտ մի բան էի լսում, հետո գնում էի Սուրի մոտ՝ հակառակը լսելու, ու ընկալում էի մեր իրականությունը իր ողջ բազմազանության մեջ: Հիմա ում տուն էլ գնամ՝ միայն «ավազակապետություն» ու «մոնղոլ թաթարներ»…

Գլխիկոր գնացի Սուրենց տուն: Տեսնեմ՝ Էդուարդ Շարմազանովի նկարն է պատից կախել: Միանգամից կռահեցի, որ Սուրը հետեւել է հանրապետականների խորհրդին՝ հավատացել է, ու նրա կյանքում ամեն ինչ փոխվել է: Ավելին՝ արդեն ապրում է ապահով Հայաստանում: Այլեւս մեր օլիգարխներից մեկի արտադրած ախմախ օղին չի խմում: «Աբսոլյուտը» լցրեց ու ասաց՝ «Խմենք Հերմինե Նաղդալյանի գործարար կենացը»: Ու ես մեծ հաճույքով խմեցի՝ ոչ թե այն պատճառով, որ թեեւ չէի ասում, բայց վաղուց զզվել էի մեր օլիգարխներից մեկի արտադրած թույնից: Ոչ էլ այն պատճառով, որ միշտ էլ սիրում եմ խմել կանանց կենացը՝ անկախ նրանց պաշտոնից ու կուսակցական պատկանելությունից: Ոչ էլ այն պատճառով, որ Սուրը պաշտոն էր ստացել պետեկամուտների կոմիտեում:

Պարզապես հասկացա, որ կյանքս առաջվա պես բազմաշերտ է լինելու, դիվերսիֆիկացված, ես կասեի՝ նույնիսկ կոմպլեմենտար: Ու երկու հարեւաններս առաջվա պես ամեն օր շեքսպիրյան լեզվի ողջ ճոխությամբ դիմակազերծելու են թե Ջուլյա Գիլարդին, թե Թոնի Էբոթին: Այսինքն՝ իրականում իմ կյանքում ոչինչ էլ չի փոխվում: Երեւի նրանից է, որ անհավատ եմ:

ԱՐՄԵՆ ԴՈՒԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Տիգրան says:

    Կեցցե՛ս, Արմեն ջան…

  2. Zara says:

    …բա Արամը, պսակվե?ց էդ տղեն վերջը:)))))

  3. Samvel Jeshmaridian, PhD says:

    Bravo, Armen Dulyan! Greetings from Australia. I do not have Armenian shrift, that’s why I am writing in English. Ms. Sonya Mghrplian, our Teacher, that lives in Paris has sent greetings to You. Five decades later, Armenia will be remembered through Your stories. Just one note, it’s wrong to call Armenia «ավազակապետություն», the right word is “Ghachaghneri Taracq.”

    • Armen Dulyan says:

      Սամվել… Էս դու ինչ գործ ունես Ավստրալիայում…. Մեր ուսուցչուհուն էլ եթե առիթ լինի իմ կողմից ջերմ բարեւիր, ինքը մի անգամ եկել էր Պրահա, երբ ես էնտեղ էի, ես էլ Փարիզում մի անգամ իրենց տանն եմ եղել…

  4. Արտակ Կարապետյան says:

    Սա ապացուցում է,որ այն ինչ կատարվում է մարդու ներսում,հայելու նման անդրադառնում է արտաքին աշխարհի վրա,մի խոսքով մենք ենք փոխում մեր կյանքը համապատասխանաբար փոխելով մեր էլուզյաները,Արմեն ջան մեծ գործ ես արել,մնում է մեր ազգը կարդա ու ճիշտ անալիզ անի

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031