«Առավոտը» վերջերս անդրադարձել էր 6-ամյա Գոռ Ստեփանյանի դառը ճակատագրին, ով զրկվել էր նախադպրոցական կրթությունից միայն այն պատճառով, որ ծնողներն ի վիճակի չէին եղել վճարել 2012-2013 թվականների ընթացքում կուտակված պարտքը, այն է՝ ջրինն ու աղբինը, որն ընդհանուր կազմել էր 22. 000 ՀՀ դրամ: Այդ հարցի հետ կապված՝ «Առավոտն» այցելել էր Եղեգնավանի գյուղապետարան, եւ գյուղապետը որոշում էր կայացրել, որ Գոռը մանկապարտեզ կհաճախի միայն այն դեպքում, երբ նրա հայրը՝ Արմեն Ստեփանյանը, կվճարի պարտքի որոշ մասը՝ 5. 500 դրամը:
Պարտքի մնացած մասի հետ կապված՝ գյուղապետարանը միջնորդել էր, որ Արմենն ամբողջական պարտքը մարի մաս առ մաս՝ մինչեւ 2013 թվականի նոյեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածը: Այդուհանդերձ, Արմենը չէր կարողացել վճարել նույնիսկ գյուղապետարանի առաջարկած 5. 500 դրամը, քանի որ նա ու իր կինը չէին կարողանում հասցնել երեխաներին ապահովել օրվա հանապազօրյա հացով, իսկ առջեւում սեպտեմբերն է եւ դպրոց հաճախելու համար երեխաներին հագուստ պետք է գնել, գրենական պիտույքներ:
Առավոտից մինչ երեկո նրանք դաշտում աշխատում են: Գոռից բացի, նրանց տղաներից մյուս երկուսը դպրոց են հաճախում: Այն, որ գյուղապետարանն արգելել էր Գոռին հաճախել մանկապարտեզ եւ մի գեղեցիկ օր նրան տուն էր ուղարկել մանկապարտեզի ղեկավարությունը, դա այլեւս ետին շրջանում է մնացել: Գտնվեցին բարերարներ, ովքեր իրենց աջակցությունն առաջարկեցին երեխայի հորը:
Աջակցությունը եղավ թե ֆինանսապես, թե տնտեսապես: «Բարերարներ եկան ու անասուններ գնեցին՝ 9 հատ հորթ, որ դրանք պահեմ ու ինձ համար աշխատանքի միջոց դառնա: Օգնեցին նաեւ գումարով, որի համար բոլոր բարերարներից շնորհակալ եմ»,- «Առավոտի» հետ զրույցի ժամանակ նշեց Գոռի հայրը՝ Արմեն Ստեփանյանը:
Կարդացեք նաև
«Առավոտը» տեղեկացավ նաեւ, որ բարերարներն օգնել են նաեւ ֆինանսապես: Նպատակն այն է, որ Արմենը պետք է գոմ կառուցի, որտեղ էլ կպահի օգնություն ստացած հորթերին: Իր օգնությունն առաջարկեց նաեւ արտասահմանից մի հայ բարերար, ով գումար ուղարկեց Արմենի ընտանիքին. «Այդ գումարը կինս գնաց ստացավ ու դպրոցական երեխաներիս համար անհրաժեշտ պարագաները գնեց: Շուտով դպրոց պետք է հաճախեն»:
Այդ ամբողջ պատմության մեջ հատկանշականը հիմքն էր, որ երեխան զրկվել է պետության հասարակ աջակցությունից եւ արդյունքում՝ գյուղապետն իրեն իրավունք վերապահելով՝ հեռացնում է երեխային մանկապարտեզից, իսկ մանկապարտեզի տնօրինությունն այդ հարցով ոչինչ չի կարողանում անել: Արմենին օգնելուն պես՝ նա առաջինը, որ արեց՝ վճարեց կուտակված 22.000 դրամ ջրի եւ աղբի պարտքը, իսկ 6-ամյա Գոռը մեծ սիրով հաճախում է մանկապարտեզ: Շատ կարեւոր է առաջնային հերթին երեխայի ներաշխարհի զարգացումը, որից հետո՝ երկրորդական պլան մղվող պետական հարկերը: Երեխան, եթե անառողջ մանկություն է ունենում, ապա նա չի կարող լիարժեք զարգացում ունենալ, քանի որ երեխայի ներաշխարհը կործանելը կարող է ճակատագրական լինել հետագայում, իսկ ներկա շրջանում՝ միջինարաքսյան գոգավորությունում տեղադրված Եղեգնավան գյուղում 6-ամյա Գոռի ընտանիքն իրեն աջակցված եւ երջանիկ է զգում:
Նշենք նաեւ, որ «Առավոտի» հրապարակումից հետո մեզ հետ կապվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը, ով հայտնել է, որ իր աջակցությունն է ցուցաբերելու այդօրինակ խնդիրները վերացնելու համար:
ՍԵՐԳԵՅ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ