Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Գրականություն մտնելու համար վիզա եւ անձնագիր հարկավոր չէ»

Օգոստոս 27,2013 13:35

Կամ՝ Էլիֆ Շաֆաքի «Ստամբուլի բիճը»

«Անտարես» հրատարակչությունն «Արգելված գրքեր» շարքում հրատարակել է  նաեւ  Էլիֆ Շաֆաքի «Ստամբուլի բիճը»: Այս վեպը 2006-ին հեղինակին կանգնեցրեց դատարանի առաջ, նա մեղադրվում էր  301 հոդվածով՝ թրքությունը վիրավորելու համար: Շաֆաքն այսօր էլ  Թուրքիայի ամենաընթերցվող գրողներից է:

Ոմանց մոտ կարծիք կա, թե թուրք արձակագրի կողմից՝ Ցեղասպանության թեման շոշափելու նպատակը սկանդալային իմիջ եւ համաշխարհային ճանաչում ձեռք բերելն էր: Մյուս կողմից, զարմանում ես՝ ինչպե՞ս կարող է ծագումով թուրք գրողը այդքան մտնել այն ժողովրդի «կաշվի մեջ», որին իր պապերը ֆիզիկապես եւ գենետիկորեն տանել չեն կարողացել: Իսկապես խիզախություն է պետք թուրք հասարակության ներքին խնդիրները  բարձրաձայնելու, նաեւ շեշտելու, որ Հայոց ցեղասպանության թեման թուրքի հոգեբանության բարդույթն է:

«Ստամբուլի բիճը» վեպը գրված է հյութեղ լեզվով, նուրբ հումորով,  տեղ-տեղ ինքնածաղրանքով: Այն թուրքերենից հաջող թարգմանել է Արփի Աթաբեկյանը եւ խմբագրել Ներսես Աթաբեկյանը:

Գրքից արեւելք է «ծորում»՝ իմաստություններով, ամեն ինչով. «Երկնքից ինչ էլ որ թափվի, երբեք չպետք է հայհոյես: Անձրեւը ներառյալ… Վերեւից գլխիդ ինչ էլ ընկնի, պետք է ընդունես»: Վեպում  հայերը դրական լույսի ներքո են ներկայացված:

Ինչ հնարքի ասես, որ չի դիմել  Շաֆաքը՝ Ցեղասպանության թեման ներկայացնելիս. կոլորիտային  կերտել է սոցցանցերում մականուններով գրանցված հայերին (Հակաղավուրմա, Լեդի Սիրամարգ եւ այլն): Տատիկի ստամբուլյան տունը եւ իր ցեղի հետքերը Թուրքիայում փնտրող 19-ամյա Արմանուշ Չաքմաքչյանն էլ գրանցված է իբրեւ Մադամ Վտարված հոգի՝  ի պատիվ իր շատ սիրելի  Զապել Եսայանի, որը «1915 թվականին Օսմանյան կառավարության աքսորած Սաքընջայի հայ մտավորականների ցուցակում միակ կին գրողն էր»:

Սոցցանցում «Անուշի ծառը» հայկական խմբի անդամները հետաքրքրված էին պատմությամբ, փիլիսոփայությամբ: Հեղինակի համոզմամբ. «Ոչինչ մարդկանց այդքան չէր կարող մոտեցնել, որքան ընդհանուր թշնամին…»: Օրինակ՝ մի անգամ նրանց քննարկման թեման ենիչերիներն էին:

«Նրանք, ովքեր հավատում են Օսմանյան կառավարության արդարությանը, չգիտեն ենիչերիների պարադոքսը: Ենիչերիները քրիստոնյաների երեխաներ էին, ովքեր սեփական ժողովրդին արհամարհելու եւ անցյալը մոռանալու գնով հավանական հասարակական աստիճանների գագաթին հասնելու նպատակով կրոնափոխվել էին Օսմանյան պետության կողմից»,- խոստովանենք, որ խիզախ խոստովանություն է Շաֆաքի կողմից: Հաճախ հայ գրողներից շատերը անգամ  մեր ներքին խնդիրների մասին չեն կարողանում այսպես բարձրաձայնել:

Շաֆաքը հաճախ զարմացնում է հայերին լավ իմանալու իր ունակությամբ: Նրա վեպում  հումորային մի թեստ կա՝ «Արդյոք բավականաչափ հայ եք» թեմայով, որտեղ հայերին  բնորոշող նման հարցեր կան՝ «մինչեւ վեց-յոթ տարեկանը արդյոք հայերեն այբուբե՞ն էիք ստանում ամեն ծննդյան  տոնին», «ձեր տանը կամ գրասենյակում Արարատի առնվազն մեկ նկար կա՞», «դուդուկի ձայնից ամբողջ մարմնով սարսռո՞ւմ եք եւ չե՞ք դադարում զարմանալ, թե ինչպես կարող է ծիրանենուց պատրաստված փողը իր մեջ այդքան տխրություն կրել…»:

«Սոցցանցային» հերոսներից մեկը խորհուրդ է տալիս  վեպի հերոսուհուն՝ Արմանուշին, չգնալ Թուրքիա, ասում է. «Նույնիսկ կրթված թուրքերը կամ ազգայնական են, կամ տգետ…Կարծում ես՝ ասելու են ներողությո՞ւն ենք խնդրում ձեզ կոտորելու, արտաքսելու, հետո էլ այդ ամենը ժխտելու համար… Ինչու ես ուզում գլուխդ ցավի տակ դնել»: Հետաքրքիր է նաեւ թրքուհի Ասյայի ռեակցիան, երբ տեղեկանում է, որ ծագումով Արմանուշը հայ է. «Ասա տեսնեմ ճի՞շտ է, որ System of a Down-ը մեզ ատում է»:

Հեղինակն ամեն առիթ օգտագործում է եւս մեկ անգամ անդրադառնելու Եղեռնի թեմային, մահվան դատապարտված հայ մտավորականների ցուցակին, Կոմիտասի խելագարությանը…

Ծագումով թրքուհի հեղինակը հերոսների բերանով յուրօրինակ եզրահանգման է եկել. «Հայերն ու թուրքերը ապրում են տարբեր ժամանակային գոտիներում: Հայերի համար ժամանակը մի շրջան է. անցյալի՝ ներկայում նորից ծնվելու, ներկայի՝ ապագա ծնելու մի շրջան…Իսկ թուրքերի համար ժամանակը շատ տեղերում բաժանված, կտրտված գծի է նման, անցյալը մի կոնկրետ կետում ավարտվում է, այժմ զրոյից է սկսվել: Թուրքերի անցյալի ու ներկայի միջեւ մասնատվածությունից բացի, այլ բան չկա…»:

Պատահական չէ, որ վեպում 19-ամյա թրքուհի Ասյան զարմանում է իր տարեկից Արմանուշի վրա՝ հանդիպելով մեծահասակի հիշողություն ունեցող երիտասարդի: Նա անկեղծորեն զարմանում է, երբ իրենից ներողություն են ակնկալում մի բանի համար, ինչի հետ, իր կարծիքով, ինքը կապ չունի: Բայց  Շաֆաքի հայ հերոսները դրա համար էլ պատասխան ունեն. «Ձեր պետությունը ժխտում է պատմությունը, եւ այդ  պետությունն էլ դուք եք ստեղծում: Նշանակում է՝ մեղսակից եք, միասին ժխտողական քաղաքականություն եք վարում»:

Գուցե ազգայնական էլեմենտներ ունեցող որոշ հայեր Էլիֆ Շաֆաքի վեպը  անհաջող գործ համարեն, ուշացած զղջում կամ մեկ ուրիշ բան, ամեն դեպքում, հեղինակը արժանի է մեծագույն  հարգանքի: Հեշտ չէ դավաճանի ու ազգային ինքնությունը վիրավորողի պիտակ ստանալ  քո երկրի կողմից՝ ուրիշի ցավի մասին «բաց» խոսելու համար:

«Եվրոնյուզին» տված հարցազրույցներից մեկում Շաֆաքն ասել է, որ գրականությունը չպետք է որեւէ  մեկի կողմից լինի, այն հարկ է, որ յուրատեսակ կամուրջ դառնա, լինի ունիվերսալ ու մարդկային մի այնպիսի տարածք, որտեղ մուտք գործելու համար անհրաժեշտ չլինեն վիզաներ կամ անձնագրեր:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031