Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ է որոշում պրիմային ու պրեմիերին

Օգոստոս 27,2013 13:26

davՊրեմիեր պարող  Դավիթ Գալստյանի դիտարկումները

Աշխարհում որոշակի ստեղծագործական ուղի եւ ճանաչում ստացած արվեստագետներին տարբեր կոչումներ են շնորհվում։ Օրինակ՝ Ճապոնիայում բարձրագույն կոչում է համարվում, երբ արտիստի անվան դիմաց գրվում է «Մարդ, ազգային հարստություն», Ֆրանսիայում՝ «Պատվո լեգեոն» շքանշանը կամ ամենատարածված հեղինակավոր տարբեր մրցանակները, այդ թվում՝ «Գրեմմի», «Օսկար», «Ոսկե արծիվ» եւ այլն։ Արվեստագետներն ու արվեստասերներն առանձնացնելով իրենց նախընտրած արտիստին, գրեթե կոչումներով չեն առաջնորդվում, ընդունվում է ոլորտի բարձրակարգ արտիստի հեղինակությունը, նրան ավելի շատ բնութագրելով «պրիմ» եզրով ¥պրիմադոննա, պրիմա պարուհի, պրեմիեր պարող եւ այլն)։ «Առավոտը» հանդիպեց ֆրանսիական Թուլուզի «Kapitoli ballet»-ի մենակատար Դավիթ Գալստյանին։

Ժամանակին ներկայացրել  էինք հայկական բալետի ականավոր արտիստներ Վիլեն Գալստյանի եւ Նադեժդա Դավթյանի որդուն՝ Դավիթին, երբ նա դեռեւս ուսանում էր Լոնդոնի Թագավորական բալետի դպրոցում։ Բալետային արվեստի երկրպագուներն էլ վերջին անգամ նրա արվեստով հիացել են  2011 թ. Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնում կայացած Վիլեն Գալստյանի ծննդյան 70-ամյակին նվիրված երեկոյի ընթացքում։

Քանի որ կրտսեր Գալստյանը արդեն 9 տարի է՝ Թուլուզի «Kapitoli ballet»-ի մենապարող է եւ նրան ներկայացնում են «պրեմիեր», հետաքրքրվեցինք՝ ո՞վ է որոշում կամ շնորհում այդ բարձրագույն աստիճանը։ «Նման որոշում կայացնում է միայն թատրոնի տնօրենը։ Կոնկրետ՝ Ֆրանսիայում, «Պրեմիեր» պարողին ներկայացնում են «Premie՝re e՛toile»։ Այս պատվին արժանացել եմ այս տարի»,- հայտնեց մեր զրուցակիցը։ Հարցին, թե՝ եվրոպական թատրոնների տնօրենները այնաստիճան բարձրակա՞րգ մասնագետներ են, որ իրավասու են նման որոշումներ կայացնել, Դավիթը պատասխանեց. «Այսօրվա մեր թատրոնի տնօրենը՝ Կադեր Բելարդին էլ ժամանակին եղել է Փարիզի թատրոնի «պրեմիեր»։ Ի դեպ,  յուրաքանչյուր ներկայացումից հետո տնօրենը դուրս է գալիս բեմ եւ մեկ առ մեկ ներկայացնում արտիստներին»։

Խոսելով Թուլուզի թատրոնի խաղացանկից, Դավիթ Գալստյանը նշեց, որ խաղացանկում կա 50-60 դասական եւ ժամանակակից  ներկայացում, տարեկան շուրջ 50-ը հրամցվում է հանդիսատեսին, նույնքան էլ ցուցադրում ենք արտերկրյա հյուրախաղերի ընթացքում։ Մեր զրուցակիցը հավելեց, որ ասվածը չի նշանակում, թե տարիներով նույն ներկայացումը բեմ է բարձրանում, նշեց նաեւ, որ իրենց թատրոնում գլխավոր բալետմայստերի պաշտոն չկա։ Բեմադրություններն իրականացնում են հրավիրյալ խորեոգրաֆները։

Թվարկելով իրենց թատրոնի խաղացանկային ներկայացումները, նկատեցինք, որ նշյալների մեջ բացակայում էր Խաչատրյանի «Սպարտակը»։ Այս առիթով Դավիթ Գալստյանը ասաց, որ առաջիկայում նման մտադրություն կա։ Ռեպլիկին, թե՝ ո՞ւմ խորեոգրաֆիայով, Դավիթը ժպտալով ասաց՝ «Իհարկե՝ հորս՝ Վիլեն Գալստյանի»։

Դառնալով մեր իրականություն, փաստենք, որ երբ ազգային օպերային թատրոնի մենապարողներ Ժակլին Սարխոշյանին եւ Ռուբեն Մուրադյանին ներկայացնում ենք «պրիմա» եւ «պրեմիեր», դրան հետեւում են որոշ մասնագետների, մեղմ ասած, դժգոհությունները, թե ինչո՞ւ հենց նրանց են համարում առաջինը: Գուցե խոսակցություններին վերջ դնելու համար «դրսից» ներմուծվի՞ «պրիմա» եւ «պրեմիեր» շնորհելու հայտնի մշակույթը…

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031