Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ռետրո. Համայնք եւ պետություն

Օգոստոս 27,2013 13:23

Ինչո՞վ են դրանք տարբերվում

Հաճախ ենք կրկնում, որ կուսակցությունները մեր ազգային հարստությունն են։ Բոլորն անխտիր՝ սկսած ամենահներից եւ վերջացրած երեք ամիս գոյություն ունեցողներով։ Մանավանդ այն կուսակցությունները, որոնք իրենց սխալներով ու ձախողումներով հանդերձ՝ մեր ժողովրդի հետ միասին անցել են որոշակի պատմական ուղի։ Արժանին մատուցենք մեր ավանդական կառույցներին՝ փորձելով, սակայն, հասկանալ, թե ինչ դեր են նրանք այսօր խաղում Հայաստանում եւ Սփյուռքում։

Հավանաբար, ճիշտ կլինի ենթադրել, որ ցանկացած կուսակցություն ստեղծվում եւ գործում է տվյալ երկրի քաղաքական կյանքին մասնակցելու նպատակով։ Արդյո՞ք դա տեղի է ունենում հայկական կուսակցությունների պարագայում։ Արդյո՞ք նրանցից որեւէ մեկը, օրինակ, նախընտրական պայքար է ծավալում ԱՄՆ կոնգրեսում կամ որեւէ այլ երկրի խորհրդարանում տեղ զբաղեցնելու համար։ Թվում է, թե պատասխանը միանշանակ է։ Նրանց գործունեությունը սահմանափակվում է գաղութի շրջանակներով։ Երեւույթը շատ դիպուկ է նկարագրել Հակոբ Պարոնյանը. կա սահմանադրություն, կա խորհրդարան, կան երեսփոխաններ, սակայն այդ ամենը անիրական է եւ փոքր-ինչ զավեշտական, քանի որ գործում է ոչ թե պետության, այլ լոկ համայնքի մասշտաբով։

Հետեւաբար Սփյուռքում ավանդական կուսակցություններին մնում է հայապահպանությունը եւ լոբբիստական գործունեությունը։ Ի պատիվ նրանց՝ պետք է ասել, որ իրենց գոյության ընթացքում քիչ բան չեն արել գաղութներում մշակութային, կրթական եւ սպորտային, առողջապահական հիմնարկներ ստեղծելու ուղղությամբ, տարբեր երկրների հասարակայնության աոջեւ բարձրացրել են Հայ Դատի խնդիրները։ Սակայն աշխատանքներին մշտապես զուգորդում էր տարագիրներին, համայնքներին հատուկ ներքին գավառական գզվռտոցը, որը երբեմն վեր է ածվում նաեւ արյունի։ Հայապահպանության խնդիրը ծայրահեղորեն «կուսակցականացված» է, որի հետեւանքով, ասենք, դաշնակն ու հնչակը ոչ միայն բուժվում են տարբեր հիվանդանոցներում, երեխաներին տալիս են տարբեր դպրոցներ եւ խաղում են տարբեր ֆուտբոլային թիմերում, այլեւ հաճախում են տարբեր եկեղեցիներ։

Ինչ վերաբերում է լոբբիզմին, ապա դրա վառ օրինակն է վերջերս տվել ՀՅ Դաշնակցությունը՝ Մոսկվայում եւ Վաշինգտոնում մեր իշխանություններին ներկայացնելով համապատասխանաբար որպես «ամերիկամետ» եւ «ռուսամետ»՝ դրանով փորձելով Հայաստանի վրա «քսի տալ» երկու գերտերություններին։ Չափազանց «ազգաշահ» գործունեություն է։

Ակնհայտ է, որ այն, ինչ ավանդական կուսակցությունները, լավ թե վատ, անում են Սփյուռքում, կիրառելի չէ Հայաստանի (այսինքն՝ պետության առկայության) դեպքում: Այստեղ կուսակցությունը կարող է եւ պետք է զբաղվի զուտ քաղաքական գործունեությամբ։ Սակայն, դժբախտաբար, հատվածային, «համայնքային» մտածողությունը դեռեւս գերիշխում է, եւ դրա բացասական դրսեւորումներից են չափազանցված եւ անհիմն հավակնությունները։ Եվ պատճառը, ըստ երեւույթին, այդ կուսակցությունների հայաստանյան վերնախավի կախվածությունն է Սփյուռքում գործող կառույցներից։

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

24.01.1995թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031