Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ հ/կ-ներն ակտիվ չեն Ադրբեջանի կողմից գերեվարված Հակոբ Ինջիղուլյանի իրավունքների պաշտպանության հարցում

Օգոստոս 27,2013 12:51

Հիշո՞ւմ եք, հուլիսի 13-ին Ռուսաստանում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային խոշոր պատահարը, երբ մեր հայրենակից` վարորդ Հրաչյա Հարությունյանը, չհասցնելով արգելակել «Կամազ» մակնիշի բեռնատար մեքենան, բախվել էր ուղեւորափոխադրումներ իրականացնող ավտոբուսին: Վթարը 18 մարդու կյանք խլեց: 

Ողբերգական այս դեպքը, սակայն, ռուս իրավապահների ու լրագրողի թեթեւ ձեռքով ռուս եւ հայ հանրությանը մատուցվեց մեր հայրենակցի արժանապատվությունը նվաստացնող տեսանյութով. դատարանի դահլիճ բերված Հրաչյա Հարությունյանը եթերում հայտնվեց կանացի գույնզգույն խալաթով, հողաթափերով, չսափրված, ու դեղերի ազդեցության տակ:
Այս փաստը մեծ աղմուկ բարձրացրեց Հայաստանում, բողոքի ցույցեր կազմակերպվեցին Ռուսաստանի դեսպանատան առաջ, նաեւ ստորագրահավաք` ի պաշտպանություն ՀՀ քաղաքացու իրավունքների եւ արժանապատվության: Պարզվեցին պաստառներ, որով կոչ էր արվում Ռուսաստանի իրավապահներին` հայ մեղադրյալի հետ վարվել սահմանադրության եւ օրենքի համաձայն: Ցուցարարները մի ծաղկավոր խալաթ էլ նվիրեցին դեսպանատան ռուս աշխատակիցներին:
Սակայն Հրաչյա Հարությունյանի իրավունքների պաշտպանության դիրքերից արդարացիորեն հանդես եկող շատ հայաստանցիներ այդպես էլ չնկատեցին, թե իրենց իրավական արդար բողոքը ինչպես շահարկվեց մի շարք «գրանտակեր» ՀԿ-ների կողմից` ծառայեցվելով նրանց քաղաքական նպատակներին: Այն, որ կատարված ողբերգական դեպքը վերածվեց Ռուսաստանի դեմ արեւմտամետների արշավի, ապացուցման կարիք չունի, քանզի ապացույցը հենց նրանց քաղաքական հայտարարություններն էին։
«Իրավապաշտպանները», Հրաչյայի շահերը մոռացած, բողոքը տեղափոխեցին «Մաքսային միությո՞ւն, թե՞ Եվրամիություն» քննարկումների դաշտ՝ շրջանառելով այն միտքը, թե հայ վարորդի նկատմամբ դրսեւորված վերաբերմունքը Ռուսաստանի «մեսիջն» էր՝ ուղղված Հայաստանին, որով իբր ուզեցին հասկացնել, թե ինչ վիճակում կհայտնվեն Ռուսաստանի հայերը, եթե հանկարծ Հայաստանը իրեն «խելոք չպահի» ու ընտրի եվրաինտեգրման ուղին:
Իսկ հիմա հարց ուղղենք ՀՀ քաղաքացու հանդեպ ռուս իրավապահների վերաբերմունքից սրտնեղած արեւմտյան խամաճիկներին. եթե ձեր նպատակը հակառուսական սցենարի իրականացումը չէր ու Հայաստանում հակառուսական տրամադրությունների սերմանումը, ինչպե՞ս հասկանալ, որ այսօր լռել ու ծպտուն չեք հանում Ադրբեջանի կողմից գերեվարված Հակոբ Ինջիղուլյանի իրավունքների պաշտպանության հարցում:
Միջազգային կոնվենցիաների «գիտակները», որ ամեն պատեհ ու անպատեհ առիթով աղմկում ու մեզ սպառնում են այդ նույն կոնվենցիաներով, այսօր սսկվել ու աչք են փակել այն փաստի վրա, որ հարեւան Ադրբեջանը, մասնավորաբար Ժնեւյան կոնվենցիայի պահանջներն արհամարհելով, ոտնահարում է հայ զինվորի արժանապատվությունն ու իրավունքը:
Եթե Հրաչյա Հարությունյանի դեպքում մանրազնին ուսումնասիրեցիք գունավոր խալաթի պատմությունն ու եզրակացրիք, որ կատարվածը ռուս իրավապահների կողմից հայ մարդու իրավունքների կոպիտ խախտում էր, այդ դեպքում ինչո՞ւ նույնպիսի ուշադրության չեք արժանացնում Ադրբեջանի կողմից հայ զինվորին ադրբեջանական զինվորական համազգեստ հագցնելու անպատվաբեր փաստը, նրա սեփական օգտագործման իրերը ձեռքից առգրավելու (խոսքը վերաբերոմ է Հակոբի օպտիկական ակնոցին) հանգամանքը:
Իսկ Հակոբ Ինջիղուլյանին պարտադրված «հարցազրույցը» հայ զինվորի արժանապատվության նվաստացման բացահայտ դրեւսեւորում էր: Արեւմուտքի խամաճիկներին հարկ կա՞ վերստին հիշեցնելու, որ այս ամենը, որպես մարդու իրավունքների կոպիտ խախտման դեպքեր, հստակ շարադրված է Ժնեւյան կոնվենցիայի 7, 13, 27 հոդվածներում:
Եթե արդարամիտ եք ու անաչառ, ուրեմն ինչո՞ւ են ուշանում ՄԱԿ-ի փախստականների, Կարմիր խաչի երեւանյան գրասենյակների առաջ ձեր բողոքի ցույցերն ու հավաքները, ինչո՞ւ չեք պատրաստվում ադրբեջանական զինվորականի մի համազգեստ էլ Կարմիր խաչին նվիրել ու արդարացիորեն հիշեցնել, որ մարդասիրական կառույցն իրավունք չունի 13 օր անց ուշացումով այցելել գերեվարված զինվորին, իրավունք չունի արհամարհել հայ զինվորի հարազատների` տեղեկատվություն ստանալու իրավունք-խնդրանքը:
Եթե ազնիվ եք ու անաչառ ու ձեզ համարում եք հայ հասարակության շահերի իրական պաշտպաններ, ինչո՞ւ եք տարբերակված մոտեցում ցուցաբերում այդ նույն հասարակության տարբեր անդամների իրավունքների պաշտպանությանը:

Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում   

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031