Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքացիական միավորների ակտիվությունը ձեռնտու է իշխանություններին, եթե դա տեղի է ունենում ի հաշիվ քաղաքական համակարգի վարկաբեկման

Օգոստոս 27,2013 12:27

Քաղաքացիական տարբեր խմբերի, նախաձեռնությունների ակտիվության ֆոնին քաղաքական ուժերը գրեթե լուռ են, բացառությամբ մեկ-երկուսի, ընդհանրապես անմասն են քաղաքական կյանքից։ Այս իրավիճակն օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով հերթական անգամ ակտիվացրել է քաղաքացիականի ու քաղաքականի հակադրությունը։

Հասարակության ընկալման առումով համակրանքը, բնականաբար, քաղաքացիական նախաձեռնությունների, տարբեր օջախներում պայքարի առաջին գծում գտնվող ակտիվիստների կողմն է, ինչը միանգամայն բնական եւ հասկանալի է, հատկապես քաղաքական ուժերի անգործության պայմաններում։

Սակայն որքան էլ արդարացված, շատերի այդ համակրանքը վերափոխվել է քաղաքականությունը քաղաքացիականությամբ փոխարինելու թեզի, ինչը որոշակի շրջանակների կողմից նաեւ ակտիվորեն քարոզվում է։ Այն, որ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, ակտիվիստների դերը չափազանց մեծ է, անգամ քննարկման առարկա չէ։ Ինչպես որ քննարկման առարկա չէ Հայաստանի քաղաքական համակարգի, կուսակցությունների հեղինակազրկվածության ու վարկաբեկվածության հարցը։ Սակայն դա մեխանիկորեն չի նշանակում, որ քաղաքական համակարգը պետք է փոխարինել քաղաքացիական միավորներով, ինչը, կրկնում ենք, վերջերս քննարկման նյութ է դարձել շատ որոշակի շրջանակներում։

Արտաքուստ ընդդիմադիր դիրքերից հանդես եկող այդ առաջարկի հեղինակներն այդպիսով իրականում անգնահատելի ծառայություն են մատուցում իշխանություններին։ Քանի որ, որքան էլ հուժկու լինի քաղաքացիական ալիքը, միևնույն է, իշխանության համար այն պակաս վտանգավոր է, քան իրական ընդդիմադիր քաղաքական ուժերը: Քաղաքացիական հասարակության կողմից առաջ քաշվող հարցերը իրականում տեղային լուծումներ են պահանջում, որոնց իշխանությունը անհրաժեշտության դեպքում կարող է գնալ՝ երբեմն անգամ զոհաբերելով յուրային մեկ-երկու պաշտոնյայի։ Իսկ քաղաքական ուժերը պայքարելու դեպքում առաջ են քաշում քաղաքական նպատակներ, որոնց իրագործումը Հայաստանում այսպես, թե այնպես պետք է հանգեցնի իշխանափոխության։ Այս իմաստով, անգամ հակաիշխանական կարգախոսներով քաղաքացիական միավորների ակտիվությունն օբյեկտիվորեն ձեռնտու է իշխանություններին, եթե դա տեղի է ունենում ի հաշիվ քաղաքական համակարգի վարկաբեկման։ Ասվածը չի նշանակում, թե տարբեր խնդիրների համար պայքարող քաղաքացիական ակտիվիստներն ուղղորդվում են իշխանությունների կողմից, ինչպես, ի դեպ, փորձ են անում ներկայացնել որոշ շրջանակներ։ Ամենևին։ Վստահաբար կարելի է ասել, որ քաղաքացիական ակտիվիստների ճնշող մեծամասնությունը պայքարի առաջին գծում է հայտնվում միանգամայն ազնիվ մղումներով, առանց որևէ ենթատեքստի։ Խոսքը պարզապես այն մասին է, որ քաղաքական ուժերի բացակայության պայմաններում քաղաքացիական ակտիվության աճը օբյեկտիվորեն ձեռնտու է իշխանություններին։ Ասվածը նաեւ քաղաքական ուժերին, առավել եւս՝ նրանց անգործությունը արդարացնելու փորձ չէ։ Քաղաքական ուժերը կամ պետք է կարողանան կարճ ժամանակում վերափոխվել ու հասարակության մեծամասնությունը կազմող ընդդիմադիր քաղաքացիներին առաջնորդելու քաղաքական բանաձեւեր գտնել, կամ հայտնվել քաղաքական լուսանցքում (իրականում՝ աղբանոցում)՝ իրենց տեղը զիջելով նոր ուժերին, որոնք գուցե կարող են կազմավորվել նույն ակտիվ քաղաքացիների շրջանակից:

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ » թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031