Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ կոնկրետ հաշվարկներ են ընկած ուսման վարձավճարների բարձրացման հիմքում

Օգոստոս 27,2013 12:22

Երեւանի պետական համալսարանում, որտեղ վարձավճարները սեպտեմբերից բարձր են լինելու 20-100 հազար դրամով, իսկ նվազագույն շեմը 300 հազար դրամի փոխարեն կազմելու է 400 հազար դրամ, ասացին, որ անհարմար ժամանակ ենք այցելել, որ մեզ պարզաբանումներ կարող է տրամադրել ռեկտորը, այնինչ նրա մոտ հյուրեր կան։ Առաջարկեցին դիմել ավելի ուշ։

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում եւս նման տեղեկություններ ստանալու մեր փորձերը ապարդյուն անցան։ Պատճառաբանությունները տարբեր էին։ Նշենք, որ սույն բուհում ուսման վարձի չափը սեպտեմբերից բարձրանալու է 100-150 հազար դրամով եւ նախկին 400-500 հազար դրամից հասնելու է 500-600 հազարի։ Ավելի վաղ, հիմնավորելով դրա անհրաժեշտությունը, այստեղից մեզ ասել էին նախատեսվող վերանորոգման աշխատանքների, գրադարանը հարստացնելու եւ այլնի մասին։ Երեկ արդեն, երբ խնդրում էինք խոսել կոնկրետ օրինակներով, թե ասենք՝ ի՞նչ գրականություն են որոշել ձեռք բերել եւ ինչ արժեքով, պատասխան չստացանք (գոնե այդօրվա դրությամբ): Փոխարենը՝ ավելի ուշ լրատվական ծառայությունից տեղեկացրին, թե ինչ ուղղությամբ են ծախսվելու վարձավճարներից ստացվելիք հավելյալ գումարները։ Ըստ այդմ՝ «բուհը պատրաստել է կանոնակարգ, որը գործողության մեջ է դրվելու սեպտեմբերի 1-ից եւ վերաբերելու է առաջին կուրսեցիներին, այսինքն` նրանց, ում ուսման վարձավճարը այս տարվանից բարձրացվել է։ Նախատեսվում է ներդնել կրթաթոշակների, զեղչերի, նպաստների ճկուն մի համակարգ, որի արդյունքում՝ լավ սովորող, բայց սոցիալապես անապահով որեւէ երեխա բուհից դուրս չի մնալու»,- տեղեկացրին Տնտեսագիտական համալսարանից՝ հավելելով, որ մանրամասները, թե այդ զեղչերը, կրթաթոշակները ում են տրամադրվելու եւ ինչ առաջադիմության դեպքում, նույնպես սահմանված է արդեն գրեթե ավարտուն տեսքի բերված կանոնակարգով։ Այսինքն՝ ստացվում է, որ այս բուհում վարձավճարները բարձրացվում են, որպեսզի սոցիալապես ապահով խավն օգնի անապահով խավին՝ բարձրագույն կրթություն ստանալու գործը հաջողությամբ ավարտին հասցնելու համար։

Ուսման վարձերը բարձրացրած մեկ այլ բուհից՝ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանից (Պոլիտեխնիկ) ընդհանրապես հրաժարվեցին խնդրի վերաբերյալ որեւէ մեկնաբանություն տալ։ Սռաջարկեցին օգտվել ռեկտորի՝ ավելի վաղ արած հրապարակային հայտարարություններից։

Ինչ վերաբերում է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիային, ապա այստեղ էլ պարզվեց, որ վարձավճարների 100-200 հազար դրամ հավելումը (600 հազար դրամ վարձավճարը դառնում է 700-800 հազար) չի ուղղվելու ուսման որակը բարձրացնելուն։ Գոյացած լրացուցիչ գումարները, ըստ ռեկտոր Շահեն Շահինյանի, ամբողջությամբ ծառայեցվելու են բուհի աշխատակազմի աշխատավարձերը բարձրացնելու նպատակին, քանի որ դրանք ներկայումս շատ ցածր են։ Ռեկտորը նախ նկատեց, որ քանի դեռ առաջին կուրսեցիները չեն հրամանագրվել, դժվար է ասել, թե հաստատապես քանի առաջին կուրսեցի են ունենալու, այդուհանդերձ ավելացրեց, որ ըստ նախնական հաշվարկների, եթե բուհ ընդունվող ուսանողների առկա քանակը պահպանվի, ապա 6 տարի հետո Կոնսերվատորիայում աշխատավարձերը կբարձրանան 60-70 տոկոսով։ Խոսքն, իհարկե, բավական մեծ տոկոսի մասին է, բայց գումարային առումով այն փոքր թիվ է կազմում։ Կոնսերվատորիայում միջին աշխատավարձը 70 հազար դրամ է եւ ստացվում է, որ 6 տարի հետո հավելումը կկազմի ընդամենը 42-49 հազար դրամ։

ԱՆՆԱ ԶԱԽԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031