Այսօր «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում իրավաբանական գիտությունների թեկնածու, ՀՀ Փաստաբանների պալատի նախագահի թեկնածու, փաստաբան Արա Զոհրաբյանը խոսեց պալատի նախագահի ընտրությունների մասին, ներկայացնելով իր ծրագրերը։
Մինչ իր ծրագրերը ներկայացնելը, թեկնածուն անդրադարձավ պալատի ձեռքբերումներին:
Զոհրաբյանի ծրագիրը ծավալուն է, այն իր մեջ ներառում է վերլուծություններ խնդիրների վերաբերյալ, առաջարկություններ:
Զոհրաբյանն առանձնացրել է փաստաբանների հարկման ռեժիմի նույնականացումը, առեւտրային ոլորտի տնտեսվարող սուբյեկտների հետ, պետության ձգտումը` վերահսկել փաստաբանների մասնագիտական պրակտիկան, արդարադատության իրականացման եւ դատական անկախության ապահովման գործընթացում առաջացող բարդությունները, որոնք խոչընդոտում են փաստաբաններին` իրենց մասնագիտական պարտականությունների պատշաճ իրականացմանը:
Կարդացեք նաև
Որպես ներքին խնդիր, ըստ թեկնածուի, կարելի է դիտարկել փաստաբանների պալատի ներկայացուցչական գրասենյակների կամ համակարգողների բացակայությունը` մարզերում եւ տարածաշրջանում, որը սահմանափակում է գործունեության արդյունավետությունը, փաստաբանների մի մասի մասնագիտական հմտությունների եւ գիտելիքների ոչ բավարար լինելը, փաստաբանների նվաճումների եւ գործունեության թերի լուսաբանումը:
Զոհրաբյանն իր ծրագրով խոստանում է ընտրվելու դեպքում նպաստել փաստաբանների իրավունքների պաշտպանությանը եւ մասնագիտական գործունեության իրականացմանը, փաստաբանների մասնագիտական ունակությունները բարձրացնել, ապահովել պալատի գործունեության թափանցիկությունը, պալատի ինստիտուցիոնալ հզորացումը եւ այլն:
Զոհրաբյանը նշեց, որ թեկնածուները չորսն են, ինչ վերաբերվում է իր շանսերին, ապա` «դրա պատասխանները կտան ընտրող փաստաբանները»:
Անդրադառնալով կիրառվող սեւ տեխնոլոգիաներին, Զոհրաբյանը նշեց`«Սեւ տեխնոլոգիաներին դեմ եմ, ես նախընտրում եմ պոզիտիվը: Մենք պալատի ուժեղ խորհուրդ ունենք, որոնք թույլ չեն տա կիրառել սեւ տեխնոլոգիաներ: Ես որպես փաստաբան չընտրվելու դեպքում էլ ակտիվ եմ լինելու»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ