«Ժառանգության ժառանգները» խորագրի ներքո 2013թ. Օգոստոսի 31-ին Հայաստանը կմիանա Եվրոպական ժառանգության օրերին` հաստատելով իր անդամակցությունը եվրոպական մշակութային ընտանիքին: 1991 թվականից Եվրոպայով մեկ իրականացվող այս նախաձեռնությունը գնահատվում է որպես Եվրոպայի միլիոնավոր քաղաքացիների կողմից սիրված և սպասված միջոցառումների շարք, ինչը թույլ է տալիս ազգային ժառանգությունները դիտարկել որպես Եվրոպա մայր ցամաքի մեկ ընդհանուր հարստություն` կոտրելով մշակույթների ու լեզուների տարբերություններով պայմանավորված անջրպետը: 1999 թվականից Օրերի մեկնարկը համատեղ են ազդարարում Եվրոպայի խորհուրդն ու Եվրոպական հանձնաժողովը:
Հայաստանում Եվրոպական ժառանգության օրերի նախօրեին` 2013թ. Օգոստոսի 30-ին, Երևանի բնօրրանում` «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում կբացվի լուսանկարների ցուցահանդես` ներկայացնելով Երևանին հասակակից մեկ այլ քաղաքի` Հռոմի ժառանգությունն ու անկրկնելի գեղեցկությունը: Քառասուն անկրկնելի պատկերներ այցելուին թույլ կտան տեսնել Կոլիզեումը, Կայսերական պողոտան, Տրայանոսի և Հռոմեական ֆորումները, Պանթեոնը, Տրևի շատրվանը, Վատիկանը, Կապիտոլիումի բլուրը և մոնումենտալ ժառանգության այլ օրինակներ, որոնք դարձել են ոչ միայն <<հավերժական քաղաք Հռոմի>>, այլ ողջ Եվրոպայի այցեքարտը : Հռոմի մշակութային ժառանգությունը թեև միլիոնավոր եվրոպացիների, սակայն 1-ին հերթին Հռոմի բնակիչների հպարտությունն է : Ցուցահանդեսը կրում է «Հռոմ. Իմ քաղաքի ժամանակակիցը» խորագիրը:
Մայրաքաղաքի բնակիչներին և հյուրերին ճանաչելի դարձնելով Հռոմը` ցուցահանդեսի կազմակերպիչներն ակնկալում են խթանել երևանցիների զգոնությունը դեպի հարազատ քաղաքի բնօրրանի` Էրեբունի ամրոցի միջնաբերդի պահպանությունը : Ցուցադրությունն ավարտվում է այցելուին ուղղված կոչով` «Սիրենք և միասին պահպանենք Էրեբունին» :
Ցուցահանդեսում ներկայացված են դիվանագետ, մասնագիտությամբ ճարտարապետ Կարինե Դանիելյանի լուսանկարները` արված Իտալիայում իր դիվանագիտական առաքելության տարիներին: Ցուցահանդեսի բացումը տեղի կունենա 2013թ. օգոստոսի 30-ին, ժամը 13:00-ին: Այն կգործի մինչև 2013թ. հոկտեմբերի 30-ը:
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան
Կարդացեք նաև