Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դատախազության շենքը այրել փորձելուց առաջ՝ վնասել է ԵԱՀԿ եւ ԵՄ գրասենյակները եւ Հանրապետության հրապարակը

Օգոստոս 27,2013 11:00

Հուլիսի 4-ին ոստիկանության Կենտրոնականի բաժին տարվեց գլխավոր դատախազության շենքի հրկիզման փորձի հեղինակ Խաչատուր Ղալեչյանը:

Նույն օրը նրան ազատ արձակեցին, իսկ հաջորդ օրը ոստիկանության լրատվական ծառայության պատասխանատու Աշոտ Ահարոնյանն էլ հայտարարեց, որ Խ.Ղալեչյանին ձերբակալել չեն կարող, քանի որ օրենքով սահմանված 30 հազար դրամի նյութական վնաս չի պատճառվել:

Սակայն նա ոչ միայն ձերբակալվեց, այլ երիտասարդի նկատմամբ ընտրվել է կալանքը, եւ նա գտնվում է արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում:

Մեր տեղեկություններով, օգոստոսի 12-ին Խ.Ղալեչյանին ուղարկել են արդարադատության նախարարության «Հոգեբուժական բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության «Նուբարաշեն» բուժկենտրոնի ստացիոնար հոգեբուժական՝ փորձաքննություն անցկացնելու համար:

Սակայն մինչ կալանավորին հոգեբուժարան ուղարկելը, ՔԿ հիմնարկի պետը տեղեկացվել էր, որ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գայանե Կարախանյանի որոշումը բողոքարկվել է, որով հարկադրանք էր կիրառվել Խ.Ղալեչյանի նկատմամբ:

Դա նշանակում էր, որ պիտի կասեցվեր որոշման կատարումը:

Խ.Ղալեչյանը դիմել էր հացադուլի, սակայն հոգեբուժարանում հայտնվելուց հետո 24-օրյա հացադուլը դադարեցվել է:

Aravot.am-ի տրամադրության տակ է Խաչիկի բացատրությունը, թե ինչո՞ւ է դիմել նման քայլերի: Մինչ գլխավոր դատախազության շենքում հրկիզման փորձ կատարելը, նա իր պաշտպանին ուղարկած բացատրության մեջ հայտնել է, որ նմանատիպ հինգ փորձ էլ կատարել է. ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարի աշխատասենյակի պատուհանը կոտրել է ջրով լի մի լիտրանոց տարայով, մի լիտր բենզինով այրել է Հանրապետության հրապարակի կենտրոնական հատվածը՝ «խալին», հետաձգել է ՀՀ նախագահի աշխատակազմում հրդեհի փորձը՝ հայտնվելով այնտեղ, վնասել է Եվրոպայի միության պատվիրակության շենքի կողային հատվածը:

Ըստ կալանավորի բացատրության, նա ամեն ինչ արել է, որպեսզի իր խնդրին ուշադրություն դարձվի, սակայն ապարդյուն:

Կալանավորը տեղեկացնում է, որ խնդիրը ծագել է «Ջուլիաննա» կոոպերատիվի առնչությամբ: Դիմել է սեփականաշնորհման հանձնաժողովին՝ նշված գույքը սեփականաշնորհելու համար: Տրվել է որոշում, համաձայն որի, «Ջուլիանա» կոոպերատիվը մտել է 1995թ.սեփականաշնորհման գործընթացի մեջ:

Անցել են տարիներ. «Հասկացա այդ քայլի իմաստը. այցելեցի ի վերջո վարչություն, ինձ տրվեց պայմանագրի օրինակը, որից էլ տեղեկացա, որ 210 000 դրամ գնահատված գույքը դարձվել էր 330 000՝ 50 տոկոսով ավելի թանկ: Խնդիրը բարձրաձայնեցի, հայտնելով, որ ես համաձայնություն եմ տվել ըստ նախկինում գնահատված արժեքի: Աշխատակիցը հայտնեց, որ չի կարող օգնել, պետք է դիմեմ կառավարությանը»:

Խ.Ղալեչյանի բացատրության համաձայն, սկսվեց «պատերազմ» իր եւ կառավարության միջեւ:

Դիմել է դատարաններ, որոնք հաստատել են, որ 210 000 դրամի գույքը հավասար է 330 000-ի: « Պոլիէթիլենային տոպրակի մեջ դրած բենզինով լի մեկ լիտրանոց շշով գնացի գլխավոր դատախազության շենքի մոտ:Ուզում էի հարցս այդկերպ բարձրաձայնել:

Ես այդ ամենը պլանավորել էի, տոպրակի բերանը պետք է կապված լիներ, որպեսզի բենզինի մեծ մասը տոպրակի հետ չթափվի գետնին, հարվածը պետք է կատարեի պատուհանի կեսից ցածր հատվածում, որպեսզի պատուհանի վերեւի մասը չկոտրվեր հարվածից:Որ տարան չհայտներ ներսում, հակառակ դեպքում, շենքը կայրվեր: Պլանավորված էր հասցնել նվազագույն վնաս: Ես պետք է կանգնեցնեի ոստիկանի կամ պետավտոտեսչության մեքենա, նրանց ներկայությամբ կատարեի քայլս»,-նշել էր կալանավորը:

Նա հաշվարկել էր նաեւ, թե հրշեջները որքան ժամանակում կհայտնվեն շենքի մոտ Սախարովի անվան հրապարակից. «Այդպես էլ արեցի.կանգնեցրի պետավտոտեսուչի մեքենան, հարվածեցի դռանը: Պետավտոտեսուչը կրակը մարելու փոխարեն՝ զանգում էր հրշեջ ծառայություն, մյուս պետավտոտեսուչը ոչինչ չէր անում:Ապշեցի, երբ իմացա, որ պետավտոտեսուչի մեքենայի մեջ կրակմարիչ չկար»:

Նշենք, որ Խ.Ղալեչյանի կողմից պետությանը հասցված վնասը գնահատվել է 37 550 դրամ, ինչը չի ընդունում կալանավորը:

 Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031