Լրահոս
Օրվա լրահոսը

Կապանում նոր ավագ դպրոց է կառուցվում

Օգոստոս 27,2013 10:54

Ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ՝ ավանդական օգոստոսյան խորհրդակցությունները ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը սկսել է սահմանամերձ Սյունիքի մարզից: Նախարարը օգոստոսի 26-ին մարզկենտրոն Կապանում ներկա է գտնվել մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների խորհրդակցությանը, որտեղ ներկայացվել են Սյունիքի մարզի կրթական համակարգում 2012-2013 ուսումնական տարվա ընթացքում իրականացված աշխատանքներն ու առկա խնդիրները: Խորհրդակցությունը վարել է Սյունիքի նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանը: Շնորհավորելով գալիք ուսումնական տարվա մեկնարկը՝ մարզպետը շեշտել է ԿԳՆ-ի ու մարզպետարանի համագործակցված աշխատանքի կարևորությունը, նշելով, որ Սյունիքում կան նաև 300-ից պակաս բնակիչ ունեցող համայնքներ, որտեղ դպրոցների պահպանումը պետական հատուկ մոտեցում է պահանջում: “Մենք նոր ռազմավարություն ենք ընտրելու և հետևողական ենք լինելու, որպեսզի գյուղական համայնքների դպրոցներում կուտակված խնդիրները պահենք ուշադրության կենտրոնում և մշակենք դրանց լուծման ուղղությամբ ստացված առաջարկները”,- նշել է Վ. Հակոբյանը: 
Այնուհետև նախորդ ուստարվա ընթացքում կատարված աշխատանքների ու անելիքների մասին հաշվետու զեկույցով հանդես է եկել Սյունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնակատար Նաիրա Ավանեսյանը: Անցած ուսումնական տարում մարզում գործել է մարզային ենթակայության 112 հանրակրթական և 2 հատուկ դպրոցներ` 1015 դասարաններով, որոնցում սովորել է 14307 աշակերտ: Այս ուստարում նախատեսվում է մարզում կազմավորել 1014 դասարան` 14 460 աշակերտով: Մեկ դասարանի միջին խտությունը մարզի քաղաքային դպրոցներում կազմելու է 14,5, իսկ գյուղական համայնքներում` 5,8 աշակերտ:
Շեշտելով, որ Սյունիքում առաջին անգամ է մասնակցում օգոստոսյան խորհրդակցությանը՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ հերթական ուսումնական տարին մեկնարկում է
է նոր ուսումնական պլաններով ու դասագրքերով և մի շարք առարկաների բեռնաթափված ծրագրերով. “Ես ակնկալում եմ, որ գալիք ուսումնական տարվա ընթացքում կատարված քայլերի վերաբերյալ կստանանք նաև ձեր գնահատականը,- դիմելով ուսուցիչներին նշել է Աշոտյանն ու շարունակել,- նախորդ տարվա ընթացքում, ի թիվս հանրապետության 90 դպրոցների, Սյունիքի որոշ դպրոցներ ևս ներառված էին դասագրքերի փորձարկման ծրագրերում: Այսինքն՝ մինչ դասագրքի հրատարակումը դրանք ներկայացվել էին փորձարկման՝ ակնկալելով մասնագիտական գնահատական: Սակայն ճնշող մեծամասնությունը շատ ֆորմալ, ձևական պատասխաններ է ներկայացրել: Այնպես որ, եթե հետագայում դասագրքերի որակի հետ կապված լինեն դժգոհություններ՝ նկատի ունեցեք, որ մենք մատնացույց ենք անելու դրական կարծիքներ հայտնած դպրոցներին: Ընդհանրապես, մասնագիտական համաձայնության խնդիրը Հայաստանում շատ լուրջ է: Հազվադեպ է պատահում, որ միևնույն հարցի վերաբերյալ մասնագետներն ունենան միասնական կարծիք”:
Արձագանքելով հարցադրմանը, թե մարզի դպրոցների մեծ մասը կարիք ունեն լաբորատոր սարքավորումների և նյութատեխնիկական բազայի բարելավման՝ նախարարը նշել է, որ այս տարի հանրապետության գրեթե բոլոր դպրոցներն ապահովված կլինեն ինտերնետային կապով: Միաժամանակ նախարարը կոչ է արել դպրոցների տնօրեններին ակտիվ կապի մեջ լինել նախարարության հետ և ներկայացնեն ինտերնետային կապի որակի վերաբերյալ իրենց դիտողությունները, որպեսզի հնարավոր լինի վերահսկել ինտերնետ կապ մատուցող ընկերությունների աշխատանքը:
“Թեև վերջին տարիներին ավելի քան 5000 նոր համակարգիչ է հատկացվել հանրապետության դպրոցներին, սակայն համակարգչային վերազինումը մշտական գործընթաց է”,- ուսուցիչներից մեկի հարցին ի պատասխան ասել է նախարար Ա. Աշոտյանն ու առաջարկել մարզպետարանին գնահատել մարզի դպրոցների համակարգչային լաբորատորիաների պահանջարկն ու ներկայացնել ԿԳՆ:
Խոսելով խնդիրների մասին՝ Ա. Աշոտյանը ընդգծել է, որ ամենալուրջ հարցը աշակերտական համակազմի նվազումն է, որից էլ ածանցվում է դպրոցների ֆինանսական վիճակի վատթարացումը: Սրանից բխում է նաև դպրոցներում ուսուցչական կադրերի ավելցուկի խնդիրը: Շեշտելով , որ հանրապետությունում ամենաշատ թվով ոսկե մեդալակիրներ ունեցող դպրոցը Սյունիքի մարզից է, դա Գորիսի թիվ 4 ավագ դպրոցն է, նախարարը նշել է, որ հնարավոր չէ ապահովել որակյալ կրթություն ՝ առանց բարձրակարգ մասնագետի: “Հետևաբար, դասաժամերի սակավությամբ պայմանավորված, կադրերի կրճատումներ իրականացնելիս, տնօրենները պարտավոր են առաջնորդվել բարոյական նորմերով ու խղճով, որպեսզի որևէ լավ մասնագետ դուրս չմնա դպրոցից”,- շեշտել է Ա. Աշոտյանը:
Անդրադառնալով մանկավարժների սոցիալական խնդիրներին՝ ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ 2014 թվականի հունվարից նախատեսվում է ուսուցիչների աշխատավարձի զգալի բարձրացում:
Նախարարը տեղեկացրել է, որ “Դպրոցական սնունդ” ծրագրով կրտսեր դպրոցի երեխաներին տրվելու է անվճար սնունդ և միաժամանակ կոչ արել, որ գործընթացը կազմակերպվի ամենայն պատասխանատվությամբ: Արձագանքելով մարզի մի շարք դպրոցներից ստացված դիմումներին՝ Ա. Աշոտյանն առաջարկել է, որ դպրոցները իրենց հայեցողությամբ անցնեն 5-օրյա աշխատանքային շաբաթի: “Կրթությունը դպրոցներում կարող է լինել ինչպես 5-օրյա, այնպես էլ 6-օրյա, ընտրության իրավունքը թողել ենք դպրոցներին: Մենք հարգում ենք դպրոցների մոտեցումները: Մարզպետարանի միջնորդությամբ նախարարությունը պատրաստ է այդ խնդրին տալ այնպիսի լուծում, որը կբխի դպրոցի շահերից”, – պարզաբանել է նախարարը:
Խորհրդակցության ավարտից հետո ՀՀ ԿԳ նախարարը այցելել է Կապանի թիվ 2 ավագ դպրոցի նոր կառուցվող մասնաշենք, ծանոթացել շինարարության ընթացքին: Կապանի թիվ 2 ավագ դպրոցը երկու տարի առաջ փլուզվել էր, այժմ կառավարության կողմից հատկացված միջոցներով նույն տեղում նոր դպրոց է կառուցվում: Այս ընթացքում Կապանի թիվ 2 ավագ դպրոցը դասընթացները կազմակերպել է Կապանի թիվ 1 և թիվ 6 դպրոցների մասնաշենքերում: Նախարարին զեկուցվել է, որ դպրոցի կառուցումը ավարտին կհասցվի մեկ տարվա ընթացքում և հաջորդ սեպտեմբերիր 1-ին կրթօջախը պատրաստ կլինի շահագործման:

  ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031