Լրահոս
Օրվա լրահոսը

«Շուկայական» դատական մարաթոն

Օգոստոս 26,2013 20:41

«Իջեւանի շուկա» ՍՊԸ տնօրեն Գառնիկ Օհանյանը դիմել է ՀՀ վարչական դատարան ընդդեմ Իջեւանի քաղաքապետարանի՝ 2013թ. մայիսի 2-ի թիվ 227 եւ մայիսի 20-ի թիվ  251 որոշումները ոչ իրավաչափ, անվավեր ճանաչելու  պահանջով: Իջեւանի քաղաքապետարանը Գ. Օհանյանի կողմից ապօրինի շինարարություն կատարելու պատճառաբանությամբ վերոհիշյալ որոշումներով 200 հազար դրամի վարչական տուգանք նշանակելուց հետո շինարարությունը շարունակելու  համար  Օհանյանին տուգանել է նաեւ 2 միլիոն 500 հազար դրամի չափով: Այդ  տուգանքները շուկայի տնօրենը չի վճարել:

Գ. Օհանյանը դատարանում հայտնել է, որ Իջեւանի նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը 2011թ. հուլիսի 9-ին իրեն տրամադրել է ճարտարապետանախագծային առաջադրանք եւ  դրա հիման վրա 2012թ. դեկտեմբերի 1-ին՝ շինարարության թույլտվություն: Դրանց համաձայն «Իջեւանի շուկա» ՍՊԸ-ին իրավունք է վերապահվել շուկայի զբաղեցրած տարածքում կատարել բացօթյա տաղավարների կառուցում:

Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը 2012թ. ապրիլի 6-ի իր  որոշմամբ առ ոչինչ է համարել վերահիշյալ  ճարտարապետանախագծային առաջադրանքը  եւ շինթույլտվությունը: Շուկայի տնօրենը դատական կարգով վիճարկել է քաղաքապետի որոշումը, սակայն դատարանը մերժել է  հայցը: Գ. Օհանյանը այդ վճռի դեմ բերել է  վերաքննիչ բողոք, որը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 2012թ. հոկտեմբերի 16-ի որոշմամբ բավարարվել է,եւ անվավեր է ճանաչվել Իջեւանի քաղաքապետի  2012թ. ապրիլի 6-ի թիվ 76 որոշումը: Քաղաքապետարանը վարչական վերաքննիչ դատարանի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել, որը վճռաբեկ դատարանը վերադարձրել է: Դրանից հետո  քաղաքապետ Վ. Ղալումյանը 2013թ. մարտի 5-ին որոշում է կայացրել  վերոհիշյալ ճարտարապետանախագծային առաջադրանքը եւ շինթույլտվությունն անվավեր ճանաչելու մասին:

Վարչական դատարանը որոշել է, որ քաղաքապետի 2012թ. ապրիլի 6-ի որոշումը դատական կարգով վիճարկելու հետ կապված դատական բոլոր ընթացակարգերն ավարտված չեն,  ստեղծվել է այնպիսի բացառիկ իրավիճակ, որ ճարտարապետանախագծային առաջադրանքը եւ շինթույլտվությունը քաղաքապետի 2012թ. ապրիլի 6-ի որոշմամբ, ինչպես նաեւ 2013թ. մարտի 5-ի որոշմամբ համարվել են ինչպես առ ոչինչ, այնպես էլ՝ անվավեր վարչական ակտեր, մինչդեռ օրենքը չի նախատեսել, որ վարչական ակտը կարող է  միաժամանակ համարվել  առ ոչինչ եւ  անվավեր:

Օգոստոսի 20-ին ՀՀ վարչական դատարանի Սեւանի նստավայրի դատավոր Հովհաննես Թորոսյանը վճռել է «Իջեւանի շուկա» ՍՊԸ տնօրեն Գառնիկ Օհանյանի հայցն ընդդեմ Իջեւանի քաղաքապետարանի 2013թ. մայիսի 2-ի թիվ 227 եւ 2013թ. մայիսի 20-ի թիվ 251 որոշումներն անվավեր ճանաչելու պահանջների մասին, բավարարել եւ ոչ իրավաչափ ճանաչել նշված որոշումները: Դատարանը վճռել է Իջեւանի քաղաքապետարանի հակընդդեմ հայցն  ընդդեմ «Իջեւանի  շուկա» ՍՊԸ տնօրեն Գ. Օհանյանի՝ 2 միլիոն 700 հազար դրամ տուգանքի գումար հօգուտ համայնքի բյուջե բռնագանձելու պահանջի մասին, մերժել: Սույն վճռի դեմ մեկամսյա ժամկետում կարող է  վերաքննիչ բողոք բերվել:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031