Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոստիկանության սադրող, գործ սարքող սեռական անբավարարվածությամբ տառապող խումբն է». Արգիշտի Կիվիրյան

Օգոստոս 26,2013 19:01

Շաբաթ օրը Կոմիտաս 5 հասցեից ուղեղի ցնցումով հիվանդանոց տեղափոխված «Armeniatoday» կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանը ապաքինվում է: Նա հիվանդանոցից տուն է տեղափոխվել հենց դեպքի նույն օրը:

«Սկզբում բժիշկները իրենց խոսակցության մեջ ասում էին` ուղեղի ցնցման նշաններ կան, հետո տարան հիվանդանոց, հայտարարեցին ոչինչ չունեք, բայց ասում էին լավ կլինի պառկեք, բայց եթե ոչինչ չունեմ` ինչու պառկեմ, ես էլ գնացի տուն»,- ասաց պարոն Կիվիրյանը: Ապա մեր զրուցակիցը հավելեց․ «Ես անպիսի ծանր վիճակում էի, որ ոստիկանությունից շտապ օգնության մեքենայով ինձ տեղափոխեցին հիվանդանոց: Բժիշկները տեսել են վնասվածքները, բայց հայտարարել են, թե՝ ոչինչ չկա: Ինձ ոչ այլ ինչ էր մնում, քան գնալ տուն: Հասկանալով, որ նրանցից ոչ մի ակնկալիք չկա՝ գնացի տուն»:

Պարոն Կիվիրյանը, վերլուծելով Կոմիտաս 5 հասցեում նախորդ օրը տեղի ունեցած դեպքերը, ներկայացրեց ոստիկանների բռնությունների նպատակը. «Քաղաքացու դիմաց կանգնած էր ոստիկանը, որը Հայաստանի քրեաօլիգարխիկ ռեժիմի հիմնասյուներից մեկն է, որը մասնագիտացված է Հայաստանի քաղաքացիների դեմ սադրանքներ, բռնություններ, գործ սարքելու գործում: Նպատակ է դրել ամեն ձեւով խոչընդոտել Հայաստանի քաղաքացիների պայքարը եւ վախի մթնոլորտ սերմանել հասարակության մեջ: Ոստիկանների ամբողջ գործողությունները միմիայն դրանով են պայմանավորված: Վերջին շրջանում ոստիկանության գործողությունները ավելի կոշտ են դարձել եւ ավելի կոշտանալու է: Եթե նայենք ոստիկանության վերջին հայտարարությունը, որտեղ խոսք է գնում հատուկ միջոցների կիրառման մասին, դա բացահայտ սպառնալիք է Հայաստանի քաղաքացուն, Հայաստանի գործող Սահմանադրական կարգի տապալման փորձ է: Իմ տպավորությամբ, ոստիկանների մեջ հատուկ հավաքված է թափթփուկների մի խումբ, որոնք չունեն բարոյական չափանիշներ, ամեն ինչի ընդունակ են: Ոստիկանության սադրող, գործ սարքող սեռական անբավարարվածությամբ տառապող խումբ է»:

Պարոն Կիվիրյանը, անդրադառնալով իր նկատմամբ հարուցված քրեական գործին, ասաց, որ. «Ծանուցագրում չեն նշել հոդվածը, թե որ հոդվածով են գործ հարուցում, ընդամենը նշել էին, որ թիվ այսինչ քրեական գործով ենք հրավիրում` որպես վկա հարցաքննության: Երեկ կանչել էին հարցաքննության, սակայն անսպասելի կերպով քննիչը հայտարարեց, որ ինքը զբաղված է, հարցաքննությունը տեղի չունեցավ: Ես արդեն կռահել եմ, թե ինչ է տեղի ունենում` փորձ է կատարվում գործ սարքել իմ դեմ, մեկուսացնել ինձ»:

 

Լուսանկարը՝ 168.am-ի 

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031