Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը Կապանում մասնակցեց մանկավարժների օգոստոսյան խորհրդակցությանը

Օգոստոս 26,2013 18:44

Այսօր Կապանում կայացավ Սյունիքի մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների ամենամյա օգոստոսյան խորհրդակցությունը, որին մասնակցում էր նաեւ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:

Սյունիքի մարզի կրթական համակարգի 2012-2013 ուսումնական տարում հանրակրթության ոլորտում իրականացված աշխատանքների, առկա խնդիրների եւ նոր ուստարվա անելիքների մասին զեկուցեց Սյունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետի պաշտոնակատար Նաիրա Ավանեսյանը: Իսկ անցած ուստարում գրանցված հաջողություններն ակնհայտ էին՝ դպրոցականների առարկայական օլիմպիադայի մարզային, հանրապետական փուլերին Սյունիքի դպրոցականների գրանցած լավագույն ցուցանիշները, մեդալակիր շրջանավարտների առկայությունը, շրջանավարտների ճնշող մեծամասնության ընդունելությունը հանրապետության տարբեր բարձրագույն ուսումնական հաստատությունները եւ այլ հաջողություններ դա էին ապացուցում:

konferance

Կապանի, Գորիսի, Սիսիանի տարածաշրջանների դպրոցների տնօրենները կրթօջախի ձեռքբերումներին անդրադառնալուց բացի՝ ԿԳ նախարարին եւ մարզպետին ներկայացրեցին դպրոցներում առկա խնդիրները: Իսկ խնդիրները բազմաթիվ էին՝ գույքի թարմացում, լաբորատոր սարքավորումների բացակայություն, աշակերտի թվաքանակի հետ կապված խնդիրներ եւ այլն: Իսկ գյուղական դպրոցներում ավելի շատ մասնագետների կարիք կա, թափուր հաստիքի համար տրվող հայտարարություններն էլ անարձագանք են մնում: Լավ մասնագետները չեն ցանկանում պայմաններից ելնելով գնալ ու աշխատել գյուղերում, ստիպված որոշ դպրոցներում մեկ ուսուցիչ դասավանդում է  մեկ կամ ավելի առարկաներ: Լուրջ է մնում նաեւ որոշ գյուղական դպրոցների հետագա փակման հարցը՝ աշակերտների թվաքանակի սակավության պատճառով:

«Մենք նոր ստրատեգիա ենք ընտրելու եւ հետեւողական ենք լինելու, որպեսզի գյուղական համայնքների դպրոցներում կուտակված խնդիրները, որ, կարծես թե, մեր ուշադրությունից դուրս են մնացել, փորձենք դրանք ուշադրության կենտրոնում պահել եւ դրանց լուծման առաջարկները մշակել: Բացի այդ, մենք մոնիթորինգ ենք իրականացնում եւ տարածաշրջանում որեւէ քաղաքներից մեկում, ըստ համապատասխան մասնագետների պահանջարկի, փորձում ենք  լրացուցիչ միջին մասնագիտական կրթական համակարգի՝ նոր մասնագիտությունների ներդրման ուղղությամբ աշխատանքներ տանել:

Մեր հետեւողական աշխատանքով պետք է կարողանանք ավելի որակյալ կրթական համակարգ ունենալ: Իսկ բարձրացված խնդիրներն արդարացված են, պետք է փորձենք աստիճանական լուծումեր առաջարկել», -ասաց Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը:

vahe-armen

Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը տեղեկացրեց, որ 2014թ.-ին մանկավարժների աշխատավարձերի բարձրացման ուղղությամբ քայլեր են ձեռնարկվում եւ անդրադարձավ խորհրդակցության ժամանակ բարձրացված հարցերին: «Խնդրում եմ գնահատել մարզի դպրոցների համակարգիչների պահանջարկի օբյեկտիվ պատկերը եւ ներկայացրեք մեզ: Խոստանում եմ, որ 2014թ.-ից համակարգչային պարկի թարմացման աշխատանքները շարունակել նաեւ այս մարզում: Գնահատեք նաեւ դպրոցների պահանջարկը լաբորատորիաների հարցով, ի՞նչ լաբորատորիաների պահանջարկ կա, փորձենք 2014թ.-ին այս խնդիրը նույնպես զգալիորեն նվազեցնել:

Պետք է քննադատեմ  մի շարք դպրոցների, որովհետեւ շատ դպրոցներ, այդ թվում նաեւ Սյունիքի մարզի, որոնք  ներգրաված են եղել դասագրքերի փորձարկման ծրագրին, ճնշող մեծամասնությունը շատ ֆորմալ, ձեւական պատասխան տվեց դասագրքերի գնահատման մեր խնդրանքին, հետո չնեղանաք, եթե դասագրքերը լավ չլինելու դեպքում՝ ես ձեզ մեղադրեմ», – ասաց պարոն Աշոտյանը եւ ուրախությամբ շեշտեց, որ հանրապետությունում ամենաշատ թվով մեդալակիրներ ունեցող դպրոցը Սյունիքի մարզից է:

Գորիսի թիվ 4 ավագ դպրոցն այս տարի  5 մեդալակիր է ունեցել:  Սյունիքի մարզպետը  նախարար Արմեն Աշոտյանին ներկայացրեց դպրոցների տնօրենների առաջարկը՝ նոր ուսումնական տարում անցնել 5-օրյա ռեժիմի: Սակայն գյուղական մի շարք դպրոցների տնօրեններ՝ այդ թվում Վաղատուր, Խոտ գյուղերի դպրոցների ղեկավարները նշեցին, որ գյուղական դպրոցներին համար չէ 5-օրյա ռեժիմին անցնելը, քանի որ մինչեւ ժամը 4-ը դպրոցում մնացող երեխաների համար սննդի հետ կապված հարցեր են ծագելու: «Մինչեւ ժամը 4-ը երեխան չի կարողանալու գա դպրոցում մնա, 7-րդ  դասաժամից հետո էլ մնա արտադասարանական պարապմունքին: Եթե նրան ասես՝ գնա 45 րոպեից հետո արի պարապմունքի՝ չի գա, 1 կմ-ից ավելի հեռավորությունից եկող երեխաներ էլ ունենք: Դեմ եմ 5-օրյա ռեժիմին անցնելուն, դա կխաթարի դպրոցի ուսումնական պրոցեսը, կամ արտադասարանական պարապմունքները չպիտի պարապենք էդ դեպքում: Բոլոր խնդիրները երեխաների սննդի տեսակետից է, ուսուցիչների պահով որեւէ խնդիր չկա, մինչեւ ժամը 5-ն էլ ենք մնում դպրոցում», – նշեցին նրանք:

Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը մեզ փոխանցեց, որ դժգոհություններն առանձին կքննարկվեն՝ պատճառները հասկանալու համար, եւ կփորձեն ճիշտ լուծում տալ հարցին: Արմեն Աշոտյանն էլ հավելեց, որ ընտրությունը դպրոցներինն է, դաշտն ազատ է եւ համակարգը ճկուն, որոշ դպրոցներ մարզում կարող են գործել 5-օրյա, իսկ որոշները՝ 6-օրյա ռեժիմով:

«Մենք այսօր ազատ դաշտ ունենք, կրթությունը դպրոցներում կարող է լինել 5-օրյա կամ 6-օրյա, որոշումը թողել ենք դպրոցներին: Եթե դպրոցների մի մասը կունենա խնդիրներ եւ չի ցանկանա ռեժիմը փոխել, մենք հարգում ենք իրենց մոտեցումները եւ մարզպետարանի միջնորդությամբ նախարարությունը նույնպես այդ խնդիրներին կտա այնպիսի լուծում, որ դպրոցը շահի», – նշեց նախարարը:

Օգոստոսյան խորհրդակցությունից հետո նախարարը մարզպետի ուղեկցությամբ եղավ Կապանի թիվ երկու ավագ դպրոցում, որտեղ ծանոթացավ դպրոցի կառուցման աշխատանքների ընթացքին, իսկ  այդ աշխատանքների համար կառավարության որոշմամբ նախատեսված է 720 մլն դրամ ծախսել: Դպրոցի կառուցումն ավարտին կհասցվի եկող տարի:

 

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031